Թուրքիան ժխտողական քաղաքականության կողմնակից է
Գլխավոր » Լրահոս » Թուրքիան ժխտողական քաղաքականության կողմնակից է

Թուրքիան ժխտողական քաղաքականության կողմնակից է

Ժամանակի ընթացքում, բնականաբար, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում ՀՀ շեշտադրումները փոխվել են։ Այսօր Ծիծեռնակաբերդ հուշահամալիրում Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը։

«Մենք վերջին 25-30 տարիներին կարողացել են Ցեղասպանության միջազգային ճանաչումն առաջ տանել, և կարևորագույն պետություններն ընդունել են Ցեղասպանության իրողությունը»,- ասաց նա։

Տեր-Խաչատուրյանը հիշեցրեց, որ վերջին տարիներն ՀՅԴ-ն փորձում է Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում շեշտադրում անել հատկապես փոխհատուցման վրա։ Նա նշեց, որ պատրաստել են հատուցման հատուկ թղթածրար և հույս ունեն, որ ՀՀ Կառավարություն էլ իր մասնակցությունը կունենա այդ հարցում։

«Հայ դատի 4 առաջնային ուղղություններից մեկը ցեղասպանության ճանաչումն ու փոխհատուցումն է։ Կարևոր է ուսումնասիրել Արևմտյան Հայաստանում թաքնված, իսլամացած ու քրդացած հայերի հարցը, սա յուրահատուկ ուշադրության առարկա պետք է լինի»,- շարունակեց Հակոբ Տեր- Խաչատուրյանը։

Վերջինիս գնահատմամբ՝ Ցեղասպանության միջազգային ճանաչումը հայերի համար նախ կլուծի արդարադատության հաստատման խնդիրը, իսկ ՀՀ-ին կօգնի առաջ տանել փոխհատուցման գործընթացը։

«Ցեղասպանության միջազգային ճանաչումը նաև անհրաժեշտ է, որ Թուրքիան ընդունի իր պատասխանատվությունը։ Թուրքիայի ներկայիս կեցվածքը, որը ցուցաբերում է՝ փակ սահմաներ, բլոկադա, լավագույնս ապացուցում է, որ Թուրքիան ոչ միայն զղջումի մոտեցում չունի, այլև ամբողջությամբ ժխտողական քաղաքականության կողմնակից է։ Այս հարցում մենք ազգովի պիտի պայքարենք, այսինքն՝ Հայաստան, Արցախ ու Սփյուռք»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսնայութում։

 

https://youtu.be/gpQzNo0NPe4

1