Թուրքիայում ապրում է 4 միլիոն հայ. Հայկազուն Ալվրցյան
Գլխավոր » Հասարակական » Թուրքիայում ապրում է 4 միլիոն հայ. Հայկազուն Ալվրցյան

Թուրքիայում ապրում է 4 միլիոն հայ. Հայկազուն Ալվրցյան

Թուրքիայի կրոնափոխ հայերի, նրանց խնդիրների եւ տեսանելի վտանգների մասին «Ապառաժ»-ը բացառիկ զրույց է ունեցել Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն-գիտահետազոտական հիմնադրամի տնօրեն, հայագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Հայկազուն Ալվրցյանի հետ:

Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնգիտահետազոտական հիմնադրամ

Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն-գիտահետազոտական հիմնադրամն ստեղծվել է 2006 թ. ՀՅԴ Բյուրոյի նախաձեռնությամբ։

Կենտրոնի հիմնական նպատակն է` ծանոթանալ Արեւմտյան Հայաստանի եւ այնտեղ ապրող հայության խնդիրներին եւ դրանք հասու դարձնել հայ հայ ու օտարերկրյա հանրություններին:

Կենտրոնն ունի հայալեզու (http://akunq.net/am/) եւ թուրքալեզու (kunq.net/tr/) կայքեր, որտեղ հրապարակվում են Արեւմտյան Հայաստանին եւ արեւմտահայության կյանքի բոլոր բնագավառներին վերաբերող տեղեկություններ, ուսումնասիրություններ եւ լուրեր:

Թուրքիայի կրոնափոխ հայերը

Թուրքիայի կրոնափոխ հայերն իրենց հայկական անցյալի նկատմամբ տարբեր վերաբերմունք ունեն եւ ըստ այդմ էլ բաժանվում են երկու հիմնական խմբի.

Առաջին խմբի հայերը 1915 թվից ի վեր շարունակում են ապրել քրդերի կամ թուրքերի կողքին՝ որպես մուսուլմաններ: Սրանց զգալի մասը մահմեդական ընտանիքներում դաստիարակված հոգեզավակների սերունդներն են: Եթե անգամ տեղյալ էլ են իրենց հայկական ծագման մասին, առանձնապես հակված չեն վերադառնալու այդ ինքնությանը: Հիմնականում հաշտվել են կատարված իրողության հետ եւ չեն փորձում իրենց համար բարդություններ ստեղծել:

Երկրորդ խումբի հայերը նույնպես իսլամացված են, սակայն սրանք գիտակցում են իրենց ազգային պատկանելիությունը, այն գաղտնի կերպով փոխանցում են սերնդեսերունդ, իրենց ընտանիքներում պահպանում են որոշ հայկական ազգային սովորություններ, ծեսեր, ավանդույթներ եւ մշակութային տարրեր, հիմնականում խուսափում են օտարների հետ ամուսնությունից: Նրանք ամուսնանում են իրենց նման ծպտյալների հետ եւ նպաստավոր պայմաններում մկրտության ճանապարհով վերադառնում հայկական ինքնության: Սրանաք առավելաբար հայտնի են որպես գաղտնի կամ ծպտյալ հայերի խումբ:

Ընդհանուր առմամբ իսլամացածների թիվը հասնում է 3,5-4 միլիոնի, բայց ընդունում ենք, որ սրանցից մոտ 1,7-2 միլիոնն է որոշ չափով հավատարիմ մնացել իր անցյալին, ակունքներին եւ հայկական ինքնությունը վերականգնելու ձգտումներ ունի:

Հայերի ծածկագիրը՝ 2

Թուրքիայում ապրող բոլոր ազգային փոքրամասնություններն ունեն ծածկագիր: Ու թեեւ իսլամացման գործընթացը հազարավոր հայերի փրկեց ցեղասպանությունից, սակայն Թուրքիայի ղեկավարությունը երբեք չմոռացավ, որ նրանք հայեր են:

1915թ. հայերի իսլամացումն իշխանություններին կանգնեցրեց անսպասելիորեն ծագած խնդիրների առջեւ: Նրանք բնականաբար պետք է տեղաշարժվեին, ճամփորդեին, բայց իշխանությունները նրանց չէին վստահում: Անհրաժեշտություն առաջացավ կրոնափոխների անձնագրերում կատարել նրանց հայ լինելը հաստատող գաղտնի նշում: Ի դեպ՝ նունն անում էին նաեւ այլ փոքրամասնությունների դեպքում: Հետագայում գաղտնի վերահսկման համակարգը կատարելագործվեց: Այսօր կրոնափոխ հույների անձնագրերում գաղտնանշված ծածկագիրն է 1, հայերինը՝ 2, հրեաներինը՝ 3, որոնցով նրանք վերահսկվում են երկրի ողջ տարածքում:

Տեսանելի վտանգներ

Տարբեր հարցումներով ակնհայտ է դարձել, որ Թուրքիայի բնակչության 46-48 տոկոսն է իրեն թուրք համարում. բնակչության կեսից ավելին ազգային-կրոնական փոքրամասնություններն են, որոնց թիվը 50-ից ավելի է։

Թեեւ սահմանադրությամբ հայտարարվում է, որ Թուրքիայի բոլոր բնակիչները թուրքեր են, սակայն ակնհայտ է, որ այսօր պետության ամենախոցելի կողմը ազգային փոքրամասնությունների հարցն է, որքան էլ իշխանությունները փորձեն այն «չնկատելու» տալ: Բավական է նշել, որ փոքրամասնություն են համարվում նաեւ ավելի քան 20 միլիոն քրդերը:

Դեպի Եվրոմիություն արեւելումի ճանապարհին վերջին տարիներին Թուրքիայի իշխանությունները ստիպված էին մի շարք հարցերում կատարել ԵՄ պահանջները: Դրա հետեւանքը եղավ՝ խոսքի, մամուլի որոշ ազատությունը, ազգային-կրոնական հարցերի եւ մարդու իրավունքների արծարծումը, քեմալիզմից եվրոպամետ ժողովրդավարների եւ կառավարող իսլամիստների աստիճանական հեռացումը եւ այլն:

Սակայն Օսմանյան կայսրության երբեմնի հզորության վերկանգնման՝ Ռեջեփ Թայիփ էրդողանի նկրտումները, երկիրը տանում են հետընթաց ճանապարհով, որն իր մեջ պարունակում է բազմաթիվ վտանգներ՝ նաեւ ազգային զարթոնք ապրող փոքրամասնությունների համար:

Վերջին տարիներին լայնորեն արծարծվում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Թուրքիայում եւս որոշ մտավորականներ ու լրագրողներ, հատկապես քրդական կուսակցությունները սկսել են Հայոց ցեղասպանության (նաեւ՝ հույների, ասորիների, եզդիների ու այլ ժողովուրդների) մասին շատ խոսել, գրել, հիշատակել այդ օրը: Այս ամենի մեջ թուրքական իշխանությունները տեսնում են լուրջ վտանգ եւ անպայման կփորձեն կասեցնել սկսված գործընթացները: Դրա նախադրյալները ակնհայտ են. Թուրքիայում տեղի ունեցած «հեղաշրջմանը» հաջորդած հալածանքներից ու հետապնդումներից զերծ չմնացին նաեւ հայերը: Ճնշումը գնալով մեծանում է. վտանգավոր ժամանականեր են սպասվում։

Հայերի խոսափողը

Թուրքիայում ապրող հայերի պարագայում միայն հայկական արմատներ ունենալու գիտակցությունը բավարար չէ ինքնությանը վերադառնալու համար: Հարկավոր են պայմաններ, անվատանգության զգացում, հանդուրժողականության մթնոլորտ, գործընթացներն ուղղորդող ղեկավարներ՝ հոգեւոր թե աշխարհիկ:

Այդ գործընթացը սկիզբ առավ երջանկահիշատակ պատրիարք Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյանի գործունեությամբ: Աշխարհիկ գործիչներից պետք է հատկապես նշել Հրանտ Դինքին, որի կյանքն ու գործունեությունը թուրքական իշխանությունների կասեցրին նենգաբար: Նա ցեղասպանվածների եւ բռնի իսլամացվածների դատի նվիրյան ու աննահանջ պաշտպանն էր: Ի դեպ՝ Հրանտն այն կարծիքին էր, որ եթե Թուրքիան մի օր ժողովրդավար երկիր դառնա, հայերի թիվը եւս 2 միլիոնով կավելանա։ Սակայն այս գործընթացն անշրջելի է. այսօր ականատեսն ենք հայ պատգամավոր Կարո Փալյանի վճռական գործունեությանը խորհրդարանական մակարդակում. սա թուրքիայի հայության եւ մյուս փոքրամասնությունների իրավունքների համար մղվող պայքարի որակապես նոր շրջան է: Նա Հրանտ Դինքի արժանի հետեւորդ է։

Թուրքիայից Հայաստա՞ ն, թե՞ Հայաստանից Թուրքիա

Արեւմտյան Հայաստանում եւ Թուրքիայ այլ բնակավայրերում ապրող հայերի զանգվածային հոսք դեպի Հայաստան չկա երկու պարզ պատճառով: Նրանք ապրում են իրենց հայրենիքում, իսկ տնտեսապես Թուրքիան Հայաստանից առավել բարվոք վիճակում է գտնվում:

Հայաստան տեղափոխվողների թիվը հատուկենտ է, այնինչ Հայաստանից Թուրքիա գնացողներն ավելի շատ են. սա մտահոգվելու առիթ պետք է տա Հայաստանի իշխանություններին: Հայաստանից Թուրքիա տեղափոխված հայերի զգալի մասն աշխատում է արտադրական ձեռնարկություններում. Թուրքիայից Հայաստան ներկրվող շորի ու կոշիկի մեծ մասը նրանց արտադրանքն է։

Հայերը Հայաստանում չէի՞ն կարող շոր ու կոշիկ կարել։ Հայաստանի հողերի միայն 30 տոկոսն է մշակվում։ Մնացածը խոպան է։ Հայաստանը դարձավ խոպան, իսկ մեր հայրենակիցները խոպանչի՝ ուրիշի երկրում։

Կամ մենք պետք է հաշտվենք այն մտքի հետ, որ հոգնած ազգ ենք եւ այլեւս անելիք չունենք այս աշխարհի վրա՝ ուժեղների կողքին, կամ ազգը պետք է սթափվի եւ իրավիճակ փոխի․․․

Նախիջեւանի ապագան ենթադրող Ջավախք

Հայաստանին արտաքին աշխարհի հետ կապող 60-70 կիլոմետրանոց Ջավախքը Նախիջեւանի ճակատագրին է արժանանում։ Ջավախահայերի սոցիալ-տնտեսական խնդիրներին այսօր փոխարինեց մի այլ աղետ՝ Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա ռազմավարական-դաշնակցային հարաբերությունները։ Վրաստանը բացել է իր բոլոր դռները Թուրքիայի առջեւ. թուրքերը հեղեղել են Ջավախքը։

Ջավախքում չլսված, չտեսնված բաներ են կատարվում. հասարակաց տներ են բացվել, եւ եթե առաջ Ջավախքում ապրող բոլոր ժողովուրդները խոսում էին միայն հայերեն, ապա այսօր հաճախ ես լսում թուրքական խոսք։ Սա շատ վտանգավոր է, իսկ վրացական իշխանություններն աջակցում են թուրքերին` չգիտակցելով, թե հետագայում դա ինչ աղետ կարող է դառնալ նաեւ իրենց համար։ Աջարիան, Ջավախքն ու Վրաստանի ադրբեջաբաբնակ Գարդաբանի եւ Մառնեուլի շրջանները, որոնք սահմանակից են Ադրբեջանին, սպառնում են վերածվելու Թուրքիան Ադրբեջանին կապող կամուրջի: Սա փաստորեն պանթուրքիզմի նոր ճանապարհն է:

Չմոռանանք, որ Պարսկաստանի հետ սահմանին նույնպես 18-20 միլիոն թուրք է ապրում։ Եվ եթե Ջավախքը հայաթափվի, Հայաստանի շրջափակումը թուրքական մահվան օղակով կամբողջանա:

Ժամանակին չազատագրեցինք միչեւ Քուռ գետն ընկած հայկական պատմական տարածքները՝ մեզ այս շրջափակումից ապահովագրելու համար, իսկ այսօր ականատեսն ենք այդ սխալի ծանր հետեւանքներին, որոնք սպառնում են վերածվելու վտանգավոր ապագայի, որի սկիզբը դրվեց 1994-ի զինադադարի կնքումով:

Միացյալ Հայաստանի խորդուբորդ ճանապարհին

Մեր աշխարհասփյուռ ազգը երբեւէ չի հրաժարվելու իր պետականությունը վերականգնելու գաղափարից։ Միացյալ Հայաստան կերտելու ճանապարհին մենք նվաճեցինք առաջին հաղթանակը՝ Արցախը։ Այսօր կայծեր են ցոլում Արեւմտյան Հայաստանում։ Պետք է քաղաքական բարենպաստ պահ ստեղծվի, խորանան Թուրքիայում տեղի ունեցող զարգացումները, եւ մենք՝ որպես պետություն, պատրաստ լինենք այդ կայծերը կրակի վերածելու։

Հայկական հարցը, Հայ Դատը, Միացյալ Հայաստանը կերտելը հնարավոր կլինի նախ եւ առաջ այդ գաղափարի համար ռազմաքաղաքական եւ տնտեսական հենք ստեղծելով։ Այդ հենքը հզոր պետությունն է։ Աշխարհում եւ տարածաշրջանում պետք է ունենանք մեր գնահատելի կշիռը։ Իսկ երկիրը կարելի է հզորացնել միայն երկրին նվիրված, երկրում աշխատանք ունեցող, լավ ապրող քաղաքացիներով եւ այս ներուժը ճիշտ ղեկավարող իշխանությամբ:

Միացյալ Հայաստանի կերտման ճանապարհին մենք նախ պետք այս հարցերին լուծում տանք։ Հայաստանի եւ Արցախի Հանրապետություններն են համայն հայության ապագան, իսկ Սփյուռքը միայն մի դեպքում կարող է հզորանալ. երբ նրա ուժը ուղղորդվի դեպի Հայաստանի եւ Արցախի հզորացումը։

Լուսինե Թեւոսյան

1