Թատրոնի հորիզոնը ուրվագծողները
Տրամադրություն փոխող, կիրթ ու տաղանդավոր՝ այսպիսինն են Ստեփանակերտի նոր բնակիչները՝ Գագիկը, Յունոնան ու Աննան: Ավարտելով Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը՝ երիտասարդներն ընդունել են Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում աշխատելու առաջարկը՝ մտածողության ու գաղափարների լայն կտավը փոքրիկ բեմում ապրեցնելու համար։
Թատրոնը նման է գունապնակի, պետք է անընդհատ նոր գույներով հարստացնել
Սերը դեպի արվեստը Աննա Ավետիսյանը ժառանգաբար է ստացել հորից: Դպրոցական տարիներին Հրազդանում հաճախում էր թատերական խմբակ, հանդես էր եկել մի քանի ներկայացումներում: Դպրոցն ավարտելուց հետո էլ ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետ:
«Սկսում ես ապրել թատրոնով, եւ ընդունում ես այն՝ որպես քո երկրորդ տուն, կոլեկտիվին էլ՝ որպես երկրորդ ընտանիք,- ասում է Աննան եւ շարունակում,- Մինչեւ բեմ դուրս գալը ծայրահեղ զգացմունքների խառնաշփոթ է լինում՝ վախ, սարսափ, տագնապ, սակայն թատրոնը ֆանտաստիկ երեւույթ է, քանի որ՝ երբ դուրս ես գալիս բեմ, հենց այդ պահին այդ զգացողությունները վերանում են ու սկսում ես վայելել բեմի վրա անցկացրած րոպեները, մոռանում ես քո եսը, քո անձը եւ ապրում ես այդ իրադրությամբ, այդ ներկայացումով: Կենդանի արվեստ է թատրոնը»:
Արվեստի այս ճյուղում հաջողելու Աննայի բանաձեւը հետեւյալն է՝ բնությունից տրված որոշակի տաղանդ, գումարած աշխատասիրություն:
«Թատրոնը նման է գունապնակի, պետք է անընդհատ նոր գույներով հարստացնել»,- շեշտում է Աննան:
Թեեւ բուհն ավարտելուց հետո Երեւանում աշխատանքի մի քանի առաջարկ է ստացել, սակայն «արմատների» գործոնը մեծ դեր խաղաց Արցախում աշխատելու որոշման հարցում:
«Վերջ ի վերջո Զանգեզուրի մարդ եմ, արյունս ձգել է»,- ժպտում է զրուցակիցս:
Թեեւ Արցախում թատրոնի շենքի բացակայությունը մեծ խնդիրների առաջ է կանգնեցնում դերասաններին եւ ռեժիսորներին, Աննան վստահ է, որ իր գործում կարեւորը ստեղծագործական թիմն է՝ ում հետ աշխատում ես:
«Եթե կա ստեղծագործական պրոցես, աճը եւ զարգացումն ապահովված են»,- վստահեցնում է երիտասարդ ռեժիսորը:
Թատրոնը տաճար է, բեմը՝ խորան
«Ղարաբաղ գալն իմ կյանքի կարեւոր եւ ճակատագրական որոշումներից է եղել: Դա թիմային որոշում էր, որը մենք ընդունել ենք հեռուն նայելով, քանզի արվեստում շատ կարեւոր է ունենալ լավ ստեղծագործական թիմ, որի հետ հաճելի է աշխատել,- պատմում է Յունոնա Մալենկոն եւ շարունակում,- իրականում ստեղծագործող եւ ինքնակրթվող մարդը, էական չէ Ղարաբաղում է, Երեւանում, թե Գյումրիում, ունենալու է որոշակի զարգացում, մանավանդ թատրոնում, քանզի թատրոնի ասելիքները շատ են, եւ թատրոնը շարժվում է ժամանակին զուգընթաց»:
Յունոնա Մալենկոյի ընտանիքում առհասարակ արվեստի գործիչներ չկան: Ինքն ու քույրն են ընտրել արվեստի ոլորտը եւ ընդունվել դրամատիկական թատրոնի ռեժիսուրա ֆակուլտետ: Թատրոնը համարում է տաճար, բեմը՝ խորանին համազոր տեղ, որտեղ մտնում է մաքուր սրտով, ինչպես եկեղեցի:
«Թատրոնն ունի մերկացնելու հատկություն, եւ ամեն անգամ նոր կերպար կերպարանավորելիս ունենում եմ մեծ պատասխանատվության եւ վախի զգացում, որովհետեւ մտածում եմ, որ ցանկացած կերպար ինձնից մեծ է: Ամեն կերպարի ծնունդը համեմատում եմ հղիության ընթացքի հետ, երբ մայրը 9 ամիս սպասում է իր երեխայի լույս աշխարհ գալուն, ծնվելու պահին զգում երջանկություն, հրաշքի զգացողություն եւ տառապանք՝ ծայրահեղ զգացողություններ, որոնք ինչպես մայրը, այնպես էլ դերասանն է ունենում նոր կերպար կերպարանավորելիս»,- պատմում է Յ.Մալենկոն:
«Փոխվու՞մ է արդյոք դերասանը դերախաղերի արդյունքում» հարցի շուրջ՝ Յունոնան կարծում է, որ միեւնույն է երբեք մարդն իր անձը չի կորցնում, երբ կերպարավորում է ինչ-որ մի կերպար:
«Ուղղակի դու քո ներսում մի ծիլ ես դնում մեկ այլ մարդու, որն ունի իր մտածողությունը, իր շարժումները, հոգեվիճակը եւ աշխարհընկալումը, եւ այդ ծիլը զարգացնում ու աճեցնում ես բեմի վրա, որից հետո այդ ծիլը, ինչպես խոտը, պոկում ու մի կողմ ես դնում»,- ասում է եիտասարդ արվեստագետը:
Յունոնան ապրում է ներկայով եւ կյանքը համարում է պահ, որն ապրում է պատասխանատվությամբ՝ ապագայի մասին մտածելով, բայց միշտ մտքում ունենալով Մ. Բուլգակովի խոսքերը՝ А он не знал, что Аннушка уже разлила масло / Եվ նա չգիտեր, որ Աննուշկան արդեն թափել է յուղը/:
Թատրոնի նոր փառքը յուրովի կլինի ու ավելի հաջող
Գագիկ Հարությունյանին պատահականությունն է հասցրել թատրոն: Վայքում սովորելու տարիներին կերպարանավորել է «Շշմեցուցիչ հարված» պիեսի գլխավոր հերոսի՝ Վանիկի կերպարը: Վայքի փոքրիկ բեմը ամուր թելերով կապեց Գագիկին թատրոնի հետ:
«Թատրոնը հասունացնելու ուժ ունի իր մեջ. ամեն դերի հետ մեծանում ես: Թատրոնում դու տեսնում ես: Եվ եթե ուրիշ երկիր գնալու համար գումար չունես, կարող ես գնալ թատրոն՝ ներկայացման, ու շատ ավելի կզարգանաս: Հետաքրքիր ու աներեւույթ է թատրոնը»,- ասում է Գ. Հարությունյանը:
Վստահ է, որ թատրոնի նոր փառքը յուրովի կլինի ու ավելի հաջող, որովհետեւ այսօր Արցախում կան երիտասարդներ, ովքեր չափազանց անկեղծ են բեմում, ինչն էլ թատրոնի ապագա հաջողությունների գրավականն է:
«Փորձի արդյունքում լուցկի վառել կարելի է սովորեցնել նույնիսկ հավին: Ընդհանրապես ամեն ինչ աշխատասիրություն է պահանջում: Պետք է շատ աշխատել եւ ամեն ինչ լավ կլինի»,- ասում է երիտասարդը:
Ի տարբերություն Յունոնայի՝ Գագիկը վերցնում է կերպարների բնավորության այն հաճելի գծերը, որոնք կարող են լավ ազդել իր բնավորության վրա: Զգույշ է միայն մեկ հարցում՝ չդադարի հուզվել բեմ դուրս գալուց առաջ, քանզի դերասանը դադարում է դերասան լինելուց այն ժամանակ, երբ կորցնում է այդ վախը:
Գագիկը դժվարանում է պատասխանել «ինչու է որոշել գալ Արցախ» հարցին: Չգիտի: Բայց՝ չի փոշմանել: Մի քանի ամիս Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում աշխատելուց հետո Գագիկը զինվորական ծառայության է անցել Արցախում:
«Թատրոնում պաշտպանում էի մշակույթը, առաջնագծում՝ հայրենիքը: Թատրոնն ու բանակը, կարծում եմ, նույն բանն են: Ուրախ եմ, որ զինվոր լինելու զգացողությունները ապրելու եմ: Վստահ եմ՝ որպես դերասան հետագայում կօգտագործեմ այդ ապրումները»,- ասում է Գագիկ Հարությունյանը:
Հ.Գ. Տարիներ շարունակ Արցախը համարվում էր մշակութային գործիչների զարգացման համար հեռանկար չունեցող վայր։ Գուցեեւ այդպես է, քանզի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքի վերանորոգման նախագիծն այդպես էլ մնացել է թղթի վրա, իսկ թատրոնի աշխատակազմը հյուրի կարգավիճակում գործունեություն է ծավալում Արցախի մշակույթի եւ երիտասարդության պալատի շենքում։ Գուցեեւ դերասանների աշխատավարձը քիչ է եւ նրանք չունեն հագուստների մեծ ընտրություն, սակայն Երեւանից Արցախ տեղափոխված Յունոննան, Աննան ու Գագիկը բացահայտում են եւս մի ճշմարտություն՝ ստեղծագործող մարդու համար կարեւոր չէ, թե որ քաղաքում եւ ինչ մեծության բեմում են ստեղծագործում, կարեւորը ցանկություն, համարձակություն ու ընդունած որոշմանը տեր կանգնելն է:
Արցախյան թատրոնի երբեմնի փառքի մասին ՇԱՏԵՐՆ են խոսում, գալիք եւ ապագա փառքի մասին՝ ՔՉԵՐԸ։ Յունոննան, Աննան ու Գագիկը փոքրամասնության շարքին են պատկանում՝ հավատալով, որ մի օր թատրոնը կունենա իր սեփական դահլիճը և բոլոր անհարմարությունները կմնան ետևում:
Լուսինե Թևոսյան