Ընտրվել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ
Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմն ընտրվել է ազգային ժողովի նախագահ։ Թուրքիայի խորհրդարանում տեղի էր ունեցել քվեարկություն, որով պիտի հայտնի դառնար մեջլիսի նախագահի անունը։
Իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության թեկնածուն Բինալի Յըլդըրըմն էր։ Իսկ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) թեկնածուն Էրդողան Թոփրաքն էր։ Մեկ այլ ընդդիմադիր ուժ՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (ԺԴԿ-HDP), առաջադրել էր Մերալ Դանըշ Բեշթաշի թեկնածությունը։ Իսկ Ազգայնական «İYİ» (Լավ) կուսակցությունը Հայրեթթին Նուհօղլուի թեկնածությունն էր առաջադրել։
Իշխող կուսակցության թեկնածուն վերջին` 3-րդ փուլում հավաքել էր 335 քվե, ինչը բավարար էր խորհրդարանի նախագահի պաշտոնում ընտրվելու համար: