Ընտրություններով ճշտենք Արցախի հետագա ընթացքը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » «Ապառաժ»-ի խմբագրական » Ընտրություններով ճշտենք Արցախի հետագա ընթացքը

Ընտրություններով ճշտենք Արցախի հետագա ընթացքը

2015 թվականի մայիսի 3-ին տեղի կունենան ԼՂՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները:

 

Արցախի համար այս ընտրություններն ունեն կենսական  նշանակություն, քանզի ներկա քաղաքական իրավիճակը եւ Արցախի առջեւ  ծառացած   մարտահրավերները   մեծագույն պատասխանատվություն են սահմանում ապագա խորհրդարանի առջև, որը պետք է կարողանա պատվով հաղթահարել գոյություն ունեցող հիմնախնդիրները:

 

Ինչպես նախորդ նախընտրական ժամանակաշրջանում, այսօր եւս  թեկնածուները հանդիպում են  բնակչության հետ, սակայն ոչ բոլորն են ըմբռնում պատգամավորի՝  ժողովրդի հավաքական ձայնն արտահայտողի գիտակցությունը եւ  այն պատասխանատվության չափը, որ բխում է Արցախի այսօրվա իրավիճակից:

 

ՀՅ Դաշնակցության այժմյան  նախընտրական ծրագրային դրույթները չեն տարբերվում այն քաղաքական ուղեծրից, ինչն ի ծննդե որդեգրել է Դաշնակցությունը: Ծրագրի հիմքում հայրենիքի անվտանգության, հարատեւ խաղաղության, Արցախի միջազգային ճանաչման, սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման, սոցիալական արդարության, բարձր մակարդակի կրթության, արցախյան գյուղերի զարգացման եւ այլ կարևոր խնդիրներ են, որոնք որդեգրել է Դաշնակցությունը եւ որոնց ուղղությամբ շարունակելու է իր գործունեությունը  ոչ միայն այս խորհրդարանական ընտրությունների նախընտրական փուլում եւ խորհրդարանական գործունեության շրջանում, այլ՝ ընդհանրապես: ՀՅԴ-ի կողմից առաջարկվող  խնդիրների լուծումը ենթադրում է այն հայրենիքի ստեղծումը, որտեղ կգերիշխեն խաղաղությունը, արդարությունը եւ աշխատանքը:

 

6-րդ գումարման Ազգային ժողովը, ելնելով անցյալի քաղաքական դասերից, անհրաժեշտ է, որ լինի քաղաքականապես ավելի հասուն, առավել կազմակերպված ու արհեստավարժ: Անհրաժեշտ է ձևավորել այնպիսի խորհրդարան, որը կարողանա լիարժեք իրականացնել իր պարտականությունները, ծառայի Արցախում քաղաքական դաշտի զարգացմանն ու կազմակերպմանը: Այդ առումով կարևոր է, որպեսզի ապագա Աժ-ում լինեն պետական մտածելակերպով օժտված,  համապատասխան հեղինակություն վայելող անհատներ՝ ի մասնավորի՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ ըստ ԼՂՀ Սահմանադրության թելադրանքի՝ խորհրդարանը լինելու է արհեստավարժ:

 

Այս քարոզարշավը, ի տարբերություն նախորդների, ակտիվ քննարկվում է հատկապես համացանցում, <<հրատապ>> թեմա է  դարձել սոցցանցերում, որտեղ կուսակցությունների համակիրներն ու անդամներն արտահայտում են իրենց բաց կարծիքն ու հանդես գալիս ակտիվ ու ազատ բանավեճերով: Սա թուլ է տալիս առանձին անհատներին ու կուսակցական գործիչներին՝ ինքնարտահայտվելու, մրցակցելու իրենց գաղափարներով ու ծրագրերով: Առողջ մրցակցությունը ծնում է առողջ գաղափարներ, դժվարն այդ գաղափարներն իրագործելն է, որը ոչ բոլոր քաղաքական ուժերն են ստանձնում ընտրություններից հետո, դժվարը խոսքից գործին անցնելու սահմանն է, որի հաղթահարումն առ այսօր նկատելի չէ որոշ քաղաքական ուժերի կողմից:

 

Ընտրությունները յուրովի քննություն են՝ երկրում ժողովրդավարության հիմքերի ստուգման, բազմակարծության եւ կամարտահայտության ապահովման տեսանկյունից: Թե ինչպես կհանձնենք այս քննությունը, ցույց կտան ընտրությունների արդյունքները, որից կախված է լինելու  մեր հետագա ընթացքը: Չմոռանանք, որ սպասվող ընտրությունները նախորդների նման լինելու են մեր՝ անընդհատ հոխորտացող հարևանների եւ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Ուստի, գնանք ընտրությունների՝գիտակցելով մեր քայլի արժեքն ու պատասխանատվությունը, գնանք ընտրելու ոչ թե անձանց, այլ՝ ծրագրերն ու գաղափարները, որոնք պիտի ուղորդեն մեզ եւ մեր ընթացքը….

 Խմբագրական, ապրիլի 20, 2015թ.

 

1