Ընկերվարությունը բնականոն զարգացման գրավական
Գլխավոր » «Ապառաժ»-ի խմբագրական » Ընկերվարությունը բնականոն զարգացման գրավական

Ընկերվարությունը բնականոն զարգացման գրավական

Անկախ այն բանից, որ այս օրերին որտեղ եւ ինչ գաղափարական հիմք կրող մթնոլորտում է տոնվում Մայիսի 1-ը, անժխտելի է, որ այդ օրը խորհրդանշում է ընկերվարության գաղափարների հաղթանակը: Մայիսի 1-ը ակունք է առել ընկերվարության հիմքի վրա ընձյուղված իրավունքների համար պայքարից, որտեղ խտացվում է աշխատավորների իրավունքների պաշտպանության միջազգային մակարդակով շարժումը: Նկատի ունենալով ընկերվարական գաղափարի հոլովույթը եւ աշխատավորների ձեռք բերած իրավունքները վերջին 100 տարվա ընթացքում, պետք է հաստատել, որ ընկերվարական արդարության պահանջներն այսօր իրական են բազմաթիվ երկրներում: Մերօրյա օրենսդրական համակարգում տեղ գտած գործատու-աշխատավոր՝ սահմանված փոխհարաբերությունները այն պահանջներն են, որոնք ժամանակին ներկայացվել է ընկերվարական շարժման կողմից: Սակայն թե՛ շահագործումը, թե՛ արդարության համար ընկերվարության պայքարը  զարգացման հոլովույթ է ապրել: Նոր շահագործման լծակները թելադրել են ընկերվարական նոր գաղափարների կիրառում:

Հայ Յեղափոխական Դաշնակցությունն ընկերվարական կուսակցություն է: Դա շեշտված է ՀՅԴ ծրագրում: Դաշնակցությունը իրական ընկերվարության իրագործումը տեսնում է այն պարագայում, երբ կերտվի մի հասարակարգ, որտեղ տեղ չեն ունենա ռասսայական, կրոնական, քաղաքական, ընկերային եւ տնտեսական, բոլոր տեսակի խտրականությունները, եւ հասարակությունը զերծ կմնա կաշկանդումից, բռնությունից եւ շահագործումից:

Վերադառնալով մայիսմեկյան խորհրդին՝ հարկ ենք համարում շեշտել, որ Մայիսի 1-ը ոչ միայն աշխատավոր եւ գործատու փոխհարաբերությունների ճշտման, աշխատավորների իրավունքների իրականացման օր պետք է համարել, այլ հասարակական արդարության եւ բոլոր տեսակի շահագործումների դեմ պայքարի խորհրդանշական օր:

Այսօր մեր երկրում շահագործումները չեն սահմանափակվում միայն աշխատավորի նկատմամբ անարդարություններով: Մենաշնորհները եւս շահագործման ու անարդարացի հարստության բաշխման երեւույթներ են: Մի իրողություն, որը սահմանափակում է երկրի տնտեսական զարգացման կարողությունը եւ թույլ չի տալիս առողջ ու գործունյա տարրերի ներգրավմանը տնտեսական շուկայում: Մյուս կողմից՝ դրամատիրության նորօրյա շահագործման լծակներից մեկը բանկային համակարգն է:  Տնտեսության եւ յուրաքանչյուր անհատի կապվածությունն ու պարտավորությունը բանկերի միջոցով ծավալված վարկային շուկային՝ եւս շահագործման լծակ է: Մյուս կարեւոր հարցը առկա բնական պաշարների ոչ խելամիտ եւ անխնա շահագործումն է: Երկրում առկա բնական պաշարները ավանդ են տրված  մեր սերնդին, եւ  մենք պարտավոր ենք դա փոխանցել հաջորդ սերունդներին: Դա բխում է սերունդների համերաշխության սկզբունքից: Այսօր վարվող քաղաքականությունը շահագործումն է հաջորդ սերնդի իրավունքների:

Վերը նշված շահագործման մեթոդները հիմքերն են տիրող անարդարությունների: Մեր համոզմամբ՝ դրանց դեմ պայքարը պետք է ծավալվի պետական լծակների ուղղակի օգտագործմամբ:

Ընկերվարական կարգերի հաստատումը բխում է մարդ անհատի՝ դեպի արդարություն ունեցող ձգտումից: Իսկ արդարության հաստատումը գրավականն է մարդկության բնականոն զարգացման:

Շնորհավոր բոլորիս ընկերվարական տոնը՝ Մայիսի 1-ը:

«Ապառաժ»-ի խմբագրական, 3 մայիսի, 2019թ.

1