Ընդհատակյա պայքարից մինչև անմահություն...
Գլխավոր » Գաղափարական » Ընդհատակյա պայքարից մինչև անմահություն...

Ընդհատակյա պայքարից մինչև անմահություն…

1992թ. այս օրը՝ օգոստոսի 24-ին, Դրմբոն գյուղի ազատագրման համար մղված մարտում հերոսի մահով ընկավ ՀՅԴ գաղափարի նվիրյալներից մեկը՝ Աշոտ Ղուլյանը: 

 

Այսօր Ստեփանակերտի՝  իր  անունը կրող պուրակում հավաքվել էին Բեկորի մարտական, կուսակցական ընկերները, ընտանիքի անդամները, հարազատները: Եկել էին հարգանքի տուրք մատուցելու, ծաղիկներ խոնարհելու նրա հուշարձանին, նորից ու նորից հիշելու Աշոտ-Բեկոր անունով հայի հերոսական կենսագրությունը:

 

 ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ ԿԿ անդամ Վահրամ Բալայանն իր խոսքում նշեց, որ Աշոտ-Բեկորի հետ ծանոթացել է ազատագրական շարժման ամենաթեժ շրջանում և, ցավոք, նրանց շփումը կարճ է տևել:

 

<<Կարճ ժամանակահատվածում ես հնարավորություն ունեցա պատկերացում կազմելու Աշոտ -Բեկոր հերոսի մասին, բացահայտելու նրան ինչպես հասարակ մի անձնավորության, որը ազատագրական շարժման ընթացքում դրսեւորեց ինչպես տաղանադավոր ռազմիկ և հրամնատար,- նշեց Վ.Բալայանը և ավելացրեց,- Աշոտն այն նվիրյալներից մեկն է եղել, ով իր վրա է վերցրել ազգի ծանր բեռը, տարել այն և հասցրել հաղթական վերջնակետի>>:

 

 

 Նրա մարտական ընկեր, ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը Բեկորին իսկական ազգային հերոս է անվանում, և նշում, որ նրանք ոչ միայն մարտընկերներ էին, այլ նաև մտերիմ ընկերներ…

 

<<Բեկորն օժտված է եղել բոլոր այն մարդկային որակներով, որով պետք է օժտված լինի մարդը, որպեսզի կարողանա իր ուսերի վրա տանել Արցախյան հերոսամարտը՝ սկսած ընդհատակյա պայքարից մինջև հերոսական մահ…Ինձ համար ցավալի է, որ այսօր շատ չի խոսվում Աշոտ — Բեկորի նման հերոսների ու նրանց կատարած սխրանքների մասին… >>,- ասաց Ա.Կարապետյանը:

 

 

Այսօր Բեկորի անունը կրող պուրակ էին այցելել նաև Բեկորի վաշտի տղաները, ովքեր խոսելով Աշոտ Ղուլյանի մասին՝ նշում են, որ նա նրանց համար ոչ միայն հրամանատար էր, այլ նաեւ՝ ընկեր եւ եղբայր:

 

<< Երբ նա մեզ հետ էր, մեզ համար ահ ու վախ չկար: Նա միշտ առջևում էր, մենք՝ նրա հետևից…>>,- նշում են մարտական ընկերները:  

 

 
1