Երջանկություն և տնտեսագիտություն
Գլխավոր » Հասարակական » Երջանկություն և տնտեսագիտություն

Երջանկություն և տնտեսագիտություն

Ազգային տնտեսությունների զարգացման գործընթացների բնութագրման ու գնահատման համար տնտեսագիտությունն օգտագործում է ցուցանիշների մի ամբողջ համակարգ, որն արտահայտում է ազգային կամ հասարակական արդյունքի արտադրության և վերարտադրության ժամանակ առաջացող մակրոտնտեսական հարաբերությունների քանակական ու որակական հատկանիշները: Տնտեսագիտությունն ազգային արդյունքը բնութագրում է, որպես ժամանակի կտրվածքում (մեկ տարում) հասարակության կողմից արտադրված արդյունքներ, որոնք հասարակությունը օգտագործում է, որպես գործոններ՝ հաջորդ ժամանակահատվածում ավելի մեծ քանակի բարիքներ արտադրելու համար: Բայց արդյո՞ք այդ ցուցանիշները բավարար են երկրի բարեկեցության մակարդակը, և ժողովրդի երջանկության աստիճանը որոշելու համար: Պարզվում է, որ կան պետություններ, որտեղ մակրոտնտեսական մեզ հայտնի ցուցանիշներից բացի հաշվարկվում է նաև համախառն ազգային երջանկություն (ՀԱԵ) ցուցանիշը, որը հայտնի է որպես երջանկության տնտեսագիտություն:

Երջանկության տնտեսագիտությունը համարվում է երկրի բարեկեցության վերաբերյալ գիտություն, որն իր ուսումնասիրություններում միաձուլում է տնտեսագետների և հոգեբանների մեթոդները:

Առաջին անգամ երջանկության ցուցանիշը  1972թ. Բութանի Վանգչուկ թագավորն է առաջարկել ներդնել, որպես համախառն ազգային արդյունքի (ՀԱԱ) այլընտրանքային ցուցանիշ:

Երջանկության ցուցանիշը կիրառության մեջ դրվեց մի շարք այլ երկրներում, ինչպիսիք են Ավստրալիան, Թայլանդը, Կանադան, Չինաստանը, Ֆրանսիան և Միացյալ Թագավորությունը:

Այն երկրները, որոնք հաշվարկում են երջանկության ցուցանիշը իրենց առաջ նպատակ են դրել ոչ միայն երկիրը հարստացնել, այլ նաև բնակչության երջանկության մակարդակը:

Ինչպե՞ս չափել երջանկությունը, որո՞նք են բարեկեցության աստիճանը բնութագրող ցուցանիշները: Երջանկության ցուցանիշը հաշվարկվում է 1-10 սանդղակով: Նշված անդղակով աշխարհում երջանկության միջին մակարդակը 6.5 է:

Ինչպես նշում է ամերիկացի հայտնի տնտեսագետ Փոլ Զեյն Փիլցերը՝ «Երջանկության տնտեսագիտությունը տնտեսագիտության ոլորտի մեջ ավտոմոբիլային արդյունաբերությունից և տեղեկատվական տեխնոլոգիաներից հետո զբաղեցնում է երրրորդ տեղը»:

«Երջանկագետ» տնտեսագետները պարզել են, որ միջին հաշվով հարուստ երկրները առավել երջանիկ են, քան աղքատ երկրները: Սակայն երջանկությունն իր բնույթով սուբյեկտիվ է: Շատ դժվար է համեմատել մեկի երջանկությունը մեկ այլ մարդու երջանկության հետ: Այնուամենայնիվ, երջանկության տնտեսագետները գտնում են, որ լուծել են այդ խնդիրը: Աբրահամ Մասլոուն գտնում է, որ մարդկային երջանկությունն որոշվում է կարիքների բավարարման աստիճանով: Նա կարիքների աստիճանախումբը ներկայացնում է բուրգի տեսքով, որը հայտնի է ‹‹Մասլոուի բուրգ›› անվամբ: Այդ բուրգն իր մեջ ընդգրկում է անվտանգության և ապահովության, սոցիալական, սիրո և հարգանքի, ինքնադրսևորման և ինքնաարտահայտման կարիքները:

Մեզ բոլորիս շատ հայտնի է «Փողով երջանկություն չես գտնի» ասույթը, սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ հարստությունը մեծ դեր է խաղում երջանկության ավելացման գործում:

Հայաստանում միայն 2006 և 2008թթ. են կատարվել համախառն ազգային երջանկության կապակցությամբ հանրային հարցումներ. 2006թ. այդ ցուցանիշը 4.21 էր, իսկ 2008-ն՝ 4.7, առավելագույն 10 միավորից: Եկեք համաձայնենք, որ այդ արդյունքները ցանկալիից հեռու են: Հետաքրքիր է, ինչպե՞ս կփոփոխվեր այդ ցուցանիշը, եթե շարունակ հաշվարկվեր Հայաստանում և Արցախում:  Կարծում եմ, դրական արդյունք ակնկալելը մի քիչ իդեալիստական կլիներ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ  ՀՀ-ում  բնակչության մոտ 35%-ը համարվում է աղքատ:

Լենա Խաչատրյան

1