Երիտասարդ եւրոպական ընկերվարականներ կազմակերպությունը ընդունել է բանաձեւ
Գլխավոր » Ցեղասպանություն 100 » Երիտասարդ եւրոպական ընկերվարականներ կազմակերպությունը ընդունել է բանաձեւ

Երիտասարդ եւրոպական ընկերվարականներ կազմակերպությունը ընդունել է բանաձեւ

Մայիսի 29-30-ը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում տեղի է ունեցել Երիտասարդ եվրոպական ընկերվարականների (Young European Socialists) Բյուրոյի ժողովը։ ՀՅԴ Երիտասարդականի կողմից ժողովին մասնակցում էր մեկ ներկայացուցիչ՝Արեն Քերթեշյանը: ՀՅԴ Երիտասարդականը և Ֆրանսիայի Երիտասարդ ընկերվարականների շարժումը (MJS) Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ներկայացրել էին միասնական բանաձև, որում կոչ էր արվում Երիտասարդ եւրոպական ընկերվարականներին՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, դատապարտել Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը և կոչ էր ուղղում Թուրքիայի իշխանություններին՝ սկսել հատուցման գործընթաց։

 

Բանաձևի քննարկումն անցել է բուռն և լարված մթնոլորտում։ Թուրքիայի ժողովրդա-հանրապետական կուսակցության (CHP) երիտասարդականի ներկայացուցիչները, առարկելով ներկայացված բանաձևի որոշ կետերի դեմ, առաջարկել են փոփոխություններ :

 

Ժողովը, սակայն,  մերժել է Ժողովրդա-հանրապետական կուսակցության երիտասարդականի առաջարկները։

 

Ավարտին բոլոր պատվիրակները, բացառությամբ թուրքերի, քվեարկեցին ներկայացված բանաձևի օգտին։ Ստորև ներկայացնում են ընդունված բանաձևը։

 

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԲԱՆԱՁեւ

 

Անպատժելիությունը օրինականացնում է բռնությունը և խթանում նորանոր հանցագործություններ: Մենք մշտապես ականատես ենք լինում աշխարհում մարդկանց համար անմարդկային պայմանների ստեղծման երևույթների, մարդու կյանքին սպառնացող տարբեր դաժանությունների և աղետների: Աշխարհը հաճախ լռում է այս ամենի մասին՝ արդարացնելով սեփական լռությունը փոփոխություններ իրականացնելուն ուղղված որևէ փորձի ապարդյուն լինելով: Մենք՝ Երիտասարդ եվրոպական ընկերվարականներս, այս լռությունը համարում ենք մարդկության դեմ ուղղված հանցագործություններին նպաստող բացասական ազդակ: Մենք հավատացած ենք, որ Հայոց ցեղասպանության նման հանցագործությունները երբեք չպետք է մոռացվեն և խնդիրը միշտ պետք է մնա արդիական, հիշեցնելու համար, որ մենք՝ մարդ արարածներս, ունակ ենք իրականացնելու ամենաանմարդկային երևույթներ: 1915-1923թթ.-ի ընթացքում ավելի քան 1.500.000 հայեր դաժանաբար ենթարկվել են կոտորածների իրենց նախնիների հողում, որը մեր օրերում ավելի շատ հայտնի է որպես Արևելյան Թուրքիա: Ավելի քան 300.000 կանայք և երիտասարդ աղջիկներ ստիպողաբար կրոնափոխ են դարձել և փոխել են իրենց ինքնությունը: Հարյուր հազարավոր երեխաներ են մնացել որբ: Շատ քիչ թվով հայեր, ովքեր կարողացել են փրկվել կոտորածներից, սփռվել են ողջ աշխարհով: Ավերվել է հնագույն քաղաքակրթություն, որի սեփականությունը կողոպտվել է և առգրավվել, իսկ ժառանգությունը ոչնչացվել: Հակահայկական տրամադրությունները դեռ շարունակում են արդիական մնալ ժամանակակից Թուրքիայի Հանրապետությունում: Հայկական մշակութային և հոգևոր ժառանգության ոչնչացումը Թուրքիայում շարունակվում է մինչ այսօր:

Երիտասարդ եվրոպական ընկերվարականներս հավատացած ենք, որ ցեղասպանությունը մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն է և պետք է պատժվի անկախ այն հանգամանքից, թե երբ է իրականացվել:

 

Հաշվի առնելով վերոնշյալը՝ ԵԵԸ ներկայացնում է բանաձև Հայոց ցեղասպանության վերաբերյալ, երբ աշխարհը հիշատակում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության 100-րդ տարելիցը:

 

• ԵԵԸ իր աջակցությունն է հայտնում հայ ժողովրդին, երբ հայերը ամբողջ աշխարհում հիշատակում են 1915-1923թթ.-ի ընթացքում Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը:

 

• ԵԵԸ խստորեն դատապարտում է Թուրքիայի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը՝ համարելով այն ցեղասպանության հանցագործության ծայրագույն աստիճան

 

• ԵԵԸ աջակցում է Հայ ժողովրդին Հայոց ցեղասպանության ճանաչման և հատուցման գործընթացում և հորդորում է Թուրքիային անմիջապես սկսել Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման և Հայ ժողովրդի իրավունքների վերականգնման գործընթաց: Վերջինս դրական փոփոխություններ կբերի թե Թուրքիայի Հանրապետության, թե թուրք ժողովրդի համար, ինչպես նաև կօժանդակի պետության և հասարակության ժողովրդավարացման գործընթացին: Հայոց ցեղասպանության արդարացի լուծումը երկու երկրների և ազգերի միջև հաշտեցման միակ վստահելի ճանապարհն է:

 

• ԵԵԸ ողջունում է անդամ կազմակերպությունների կողմից Հայոց ցեղասպանության մասին մարդկանց ուսուցանելու և իրազեկելու բոլոր նախաձեռնությունները, քանի որ առանց տեղյակ լինելու անցյալին, մենք չենք կարող փոխել ապագան, իսկ ապագան փոխելու ձգտումը ժողովրդավարության ու ընկերվարական արժեքների համար մղվող ամեն մի ճշմարիտ պայքարի հիմնաքարն է:

 

• ԵԵԸ Եւրոպական ընկերվարականների կուսակցության ներսում ակտիվ գործունեություն է ծավալելու Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում և պահանջելու է, որ ընկերվարականների և ժողովրդավարների խումբը (S&D Group) աշխատանքներ տանի Եւրոխորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ:

30 մայիսի, 2015 թ.

Ռիգա, Լատվիա

 

 

1