Երիտասարդության միջազգային օրվան նվիրված արշավ Քարվաճառում
Քարվաճառի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի նախաձեռնությամբ` օգոստոսի 12-ին, մի խումբ երիտասարդներ այցելեցին Չարեքտար համայնքում գտնվող վանք (13-րդ դ): Ճանաչողական այց-արշավը նվիրված էր երիտասարդության միջազգային օրվան: Այս մասին տեղեկանում ենք «Նոր Շահումյան» թերթի ֆեյսբուքյան էջից:
Մասնակիցները տարածքում իրականացրեցին մաքրման աշխատանքներ, վերանորոգեցին վանքի դուռը, տեղափոխեցին և դասավորեցին դրսում գտնվող խաչքարերը: Հյուրասիրությունից հետո կազմակերպվեց պարուսուցում, ևս մեկ անգամ կարևորելով, որ ազգային մշակույթը պետք է ճանաչել այնպես, ինչպես մեր վանքերն ու եկեղեցիները, հոգատար լինել ու պահպանել այն:
Իրենց համայնքի ակումբավարի ուղեկցությամբ, արշավին մասնակցել են երիտասարդներ` Նոր Վերինշեն, Նոր Բրաջուր, Դադիվանք, Եղեգնուտ, Նոր Կարաչինար համայնքներից և շրջկենտրոն Քարվաճառից: Ներկա էր նաև մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ` Վարսիկ Միրզախանյանը: Նրա խոսքով` այսպիսի ճանաչողական արշավները մշտապես բաժնի ուշադրության կենտրոնում են: