Երբ դժվարություններից չես երկնչում
Շարժման ակունքներում կանգնած մեր տղաներն այնքան մաքուր ու անշահախնդիր են, որ նրանց հետ առնչվելիս նոր լիցքեր ես ստանում ու մտածում. ահա այսպիսի տղաներով է մեր երկիրը կանգուն մնում ու դիմանում բոլոր փորձություններին: Նրանց որդիները՝ այսօրվա մեր դիրքապահները, ոգեշնչված հայրերի՝ 90-ականների սխրանքներով, ոչ միայն ետ չմնացին իրենց հայրենասիրական բարձր հատկանիշներով, այլև հաճելիորեն զարմացրին ողջ հայությանը` ստիպելով մոռանալ բոլոր այսրոպեական տարաձայնությունները: Ուրեմն, հող հայրենին հուսալի ձեռքերում է..
Կամո Միրզոյանն առաջին նվիրյալների շարքերում էր: 1990 թվականին դեռ խորհրդային կայսրապետությունը կանգուն էր, և Կամոյին էլ բոլորի պես զորակոչեցին խորհրդային բանակ. Սոչիում պիտի ծառայեր: Սակայն նա այն տղաներից չէ, որ հանգիստ ծառայեր, երբ Արցախն էր վտանգված: Վեց ամիս հետո՝ 1991-ի կեսերին փախավ խորհրդային բանակում ծառայությունից, միացավ կռվող տղաներին: Խնածախ գյուղում 2 կամավորական ջոկատ էր կազմավորվել, ինքը միացավ Արմեն Ավագյանի հրամանատարությամբ կազմավորված Դաշնակցության ջոկատին և առաջին մարտը, որին մասնակցեց, Ջամիլլուի մարտն էր՝ 91-ի դեկտեմբերի 26-ին: Այդ հենակետն իսկական չարիքի էր վերածվել Ստեփանակերտի համար: Ջամիլլուի կրակակետն անհապաղ լռեցնել էր պետք, որին էլ ձեռնամուխ եղավ Խնածախի կամավորական ջոկատը և պատվով դուրս եկավ առաջին փորձությունից:
Դրան հետևեց Բերքաձորի (Հասանաբադ) համար մղված մարտը, Մալիբեյլուի վնասազերծումը: Հետո, 1992 թվականի փետրվարի 26-ին մասնակցեց Խոջալլուի մարտերին. օդանավակայանի աջ կողմով մարտեր մղելով մտան Խոջալլու: Այնուհետև Կամոն մասնակցեց Սառնաղբյուր (Աղբուլաղ) գյուղի ազատագրման մարտերին, որտեղ մնացին մինչև ապրիլի կեսերը: Հետագա խոշոր ռազմագործողությունը Շուշիի ազատագրման ռազմագործողությունն էր, որին գյուղի վաշտը մասնակցել է, այսպես կոչված, 26-րդ պահակակետից, որը տեղակայված էր Կրկժանից վեր: Կամավորական փոքր ջոկատները միավորելու անհրաժեշտություն կար, և Այգեստանի, Լուսաձորի ու Խնածախի ջոկատները միավորվեցին մեկ միասնական վաշտի մեջ: «Մի քանի անգամ հետախուզության ենք դուրս գալիս Ջանհասան-Քյոսալար ուղղությամբ, ապա 1992 թվականի մայիսի 7-ի լույս 8-ի գիշերը սկսում ենք ռազմագործողությունը. մեկ ժամվա ընթացքում 3 բարձունք ենք գրավում՝ ուշադրությունը Շուշիից մեզ վրա սևեռելու նպատակով: Այդ ընթացքում Այգեստանի ջոկատը 3 վիրավոր և մեկ զոհ է տալիս, Լենինականի ջոկատից էլ, շրջապատման մեջ ընկնելով, զոհվում են 13 հոգի: Թուրքերը մեզ վրա մեծ ուժեր են կենտրոնացնում, և ստիպված ետ ենք նահանջում: Հաջորդ օրը՝ մայիսի 9-ին, համալրում ստանալով, «Պանուր» կոչվող սրբավայրից նորից հարձակման ենք անցնում` հետ վերադարձնելով հանձնած 3 բարձունքներն ու սկսում շարժվել դեպի թուրքական Քյոսալար գյուղը: Դրանից հետո Խայփալու գյուղով մայիսի 17-ին մտնում ենք Շռլան և 7-8 գյուղ մաքրելով, առաջ ենք շարժվում: Նույն օրը մտնում ենք Բերդաձորի ենթաշրջանի 10 Վերստ կոչվող գյուղը: Լաչին մտնելիս մի հետաքրքիր դեպք պատահեց. մեր վաշտը հանդիպեց մի «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի՝ լիքը սննդամթերքով ու զինամթերքով, կողքին էլ խորովածի տաք-տաք շշեր: Երևում է` հենց նոր էին թուրքերը խուճապահար թողել-հեռացել. խորովածն էլ չէին հասցրել ճաշակել, մեզ բաժին հասավ»:
Լաչինում արդեն մեր տղաները Հայաստանի հետ կապող այդ ստրատեգիական կարևորություն ունեցող հաղթանակն էին տոնում: Սակայն թուրքերը, Շուշիի անհաջողությունից կատաղած, Աղդամի ուղղությամբ մեծաքանակ ուժեր կենտրոնացնելով, հունիսի սկզբներին հարձակվում են Ասկերանի շրջանի Նախիջևանիկ-Սառնաղբյուր-Արանզամին-Փրջամալ գյուղերի ուղղությամբ: Ասկերանի կամրջից մի քանի մետր հեռավորության վրա, այնտեղ, ուր գետը բաժանվում է երկու մասի, ուժեղ հոսանքը քշում-տանում է հրամանատար Արմեն Ավագյանին: Ուժերի անհավասարության պատճառով թուրքերին հաջողվում է տիրանալ վերոնշյալ սահմանամերձ գյուղերին: 3-4 ամիս շարունակ այդ գյուղերը թշնամու տիրապետության տակ էին: Նախիջևանիկը 2 անգամ ձեռքից-ձեռք է անցնում, սակայն, ի վերջո, հաջողվում է ազատագրել մեր 4 գյուղերը: Կամոյենց վաշտը հիմնականում Ասկերանի պաշտպանության վրա էր կենտրոնացած, որ հանկարծ թուրքերին չհաջողվի ճեղքել պաշտպանությունը:
93-ի փետրվարին շարժվում են Ուղտի մեջք կոչվող տեղանքի վրա: Արմեն Ավագյանի զոհվելուց հետո գյուղի ջոկատի հրամանատար է նշանակվում Կամոյի ավագ եղբայր Սամվել Միրզոյանը: Մարտը սկսում են առավոտյան վաղ, մոտ 20-25 հոգի իրենց հարևան գյուղերից մարտի մեջ էին մտել: Կամոն խոշոր տրամաչափի գնդացիրով էր կռվում: Մարտի ամենաթունդ պահին դիպուկահարը նկատում է իրեն, նրա արձակած գնդակից ինքը վիրավորվում է: Երբ հրամանատար եղբորն ասում է վիրավորվելու մասին, եղբայրը կարծում է, թե կատակում է, կատակին կատակով է պատասխանում` «Քեզ գնդակ չի կպնի»: Սակայն տեսնելով, որ Կամոն իսկապես վիրավորվել է, շտապ օգնության է հասնում: Այդ ընթացքում թուրքերն անընդմեջ վրա էին տալիս: Կամոյին մարտի դաշտից մի կերպ դուրս բերելով, տեղափոխում են Ասկերան: Առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո տեղափոխում են Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ: Երբ ուզում էին մնացած վիրավորների հետ իրեն էլ ուղղաթիռով տեղափոխել Երևան, բժիշկներից մեկն ասաց, որ ամենաթեթև վիրավորն ինքն է: Սակայն ոտքը վիրահատելուց հետո վատ մշակման հետևանքով մանրէներ են անցնում վերքի մեջ, և սկսվում է գազային փտախտ: Կամոյին տեղափոխում են այն ժամանակվա մարզային հիվանդանոցը: Մի ծանոթ բուժքույր ասում է, որ վրացի մի լավ վիրաբույժ է եկել, թող տանեն, ցույց տան: Հենց այդ վիրաբույժն էլ Կամոյի վերքն ուսումնասիրելով` ասում է, որ աջ ոտքը պիտի լրիվությամբ անդամահատվի. կյանքը փրկելու միակ ելքն այդ է: Երիկամներն արդեն չէին աշխատում: Գյուղի տղաները հերթ էին կանգնել՝ Կամոյին արյուն տալու համար: Միայն 27 լիտր արյուն փոխներարկելուց հետո հաջողվում է փրկել նրա կյանքը: Քանի որ շատ խորքից է ոտքը կտրված, պրոթեզավորումն անհնար է:
Սակայն Կամո Միրզոյանը շարունակում է ապրել լիարժեք կյանքով. Խնածախ գյուղի Դաշնակցության խմբի անդամ է, ազատամարտիկների միության նախագահը: Ապրիլյան դեպքերի ժամանակ 3-4 օրով մարտական հերթապահություն էր անում դիրքերում:
Կնոջ՝ Լիլիթի հետ երջանիկ ընտանիք են կազմել: Լիլիթը պատմեց, որ 9-րդ դասարանում են ծանոթացել Կամոյի հետ: Երբ ցանկանում էին ամուսնանալ, իր ընտանիքում ասացին, որ ճիշտ է, Կամոն հաշմանդամ չի ծնվել, բայց իր համար դժվար կլինի ապրել մի ոտքը կորցրած տղամարդու հետ: Սակայն ինքը չընկրկեց: Տնային հարցերում մինչև հիմա էլ կեսրայրն է օգնում: Երեխաներն արդեն մեծ են, աղջիկն ամուսնացել է Երևանում, իսկ տղան պայմանագրային զինծառայող է:
ԼՂՀ սոցապ նախարարության «հաշմանդամներին աշխատանքի տեղավորելու» ծրագրով Կամոն սեպտեմբերի մեկից աշխատանքի է անցել ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության Ճգնաժամային կառավարման կենտրոնում՝ որպես հակակարկտային կայանի օպերատոր: Կյանքից դժգոհ չէ, միայն թե խաղաղություն և արդարություն լինի երկրում:
Լիլիա Բաղրյան