Երբ Դաշնակցությունը ասպարեզ իջեցնի էական բարեփոխումների իր պատկերացումը, ամեն ինչ կհստակեցվի. Սերգեյ Շահվերդյան
Գլխավոր » Լրահոս » Երբ Դաշնակցությունը ասպարեզ իջեցնի էական բարեփոխումների իր պատկերացումը, ամեն ինչ կհստակեցվի. Սերգեյ Շահվերդյան

Երբ Դաշնակցությունը ասպարեզ իջեցնի էական բարեփոխումների իր պատկերացումը, ամեն ինչ կհստակեցվի. Սերգեյ Շահվերդյան

Պետական համակարգում աշխատելու տարիների, քաղաքացիական հետագա գործունեության, երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի եւ լուծմանն անհրաժեշտ քայլերի մասին զրուցեցինք «Ապառաժ»-ի նախկին խմբագիր, լրագրող, Արցախում զբոսաշրջության ոլորտի հիմնադիր, ԱՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի ու զբոսաշրջության նախկին նախարար Սերգեյ Շահվերդյանի հետ:

-10 տարի շարունակ զբաղեցրել եք պետական պաշտոններ: Ի՞նչ առավելություններով եւ  դժվարություններով է օժտված այս կամ այն պաշտոնը:

-Իմ զբաղեցրած պետական պաշտոննները միշտ կապված են եղել իմ նախասիրությունների հետ: Մի կողմից՝ պետական պաշտոնը հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ իրագործել գաղափարներդ, մյուս կողմից՝ պետական պաշտոնը բավականին կաշկանդումներ է ստեղծում քեզ համար՝ որպես երկրի քաղաքացի: Միշտ չէ, որ կարողանում ես արտահայտել քո մտածածը պետական պաշտոնի պատճառով: Հիմա ես շատ ուրախ եմ, որ ավելի ազատ եմ եւ անկաշկանդ:

-Արցախի մշակութային ոլորտը ղեկավարել են 8 նախարար՝ տարբեր մոտեցումներով եւ աշխարհայացքով: Ինչո՞վ առանձնացավ ղեկավարման ձեր ժամանակաշրջանը:

-Մի քանի հիմնական խնդիրներ եմ դրել իմ առաջ:

Նախ՝ նախարարության համակարգում ինչ-ինչ պատճառներով ստվերում մնացած մարդկանց բացահայտելը, արժեւորելը եւ դրսեւորման համար լիակատար հնարավորություններ ստեղծելը:

Երկրորդ հերթին՝ կարեւորում էի համակարգի պետական ոչ առեւտրային կազմակերպությունների համար ինքնուրույն ֆինանսական աղբյուրներ ձեւավորելու գործընթացը: Կազմակերպությունները չպետք է կախված լինեն պետության կողմից հիմնականում չնչին ֆինանսավորումից. նրանք պետք է զարգանան իրենց աշխատած գումարներով: Միեւնույն ժամանակ՝ կարեւորում էի, որ պետության կողմից սուբսիդիայի ձեւով ՊՈԱԿ-ներին տրամադրվող գումարները վերադարձվեն աշխատանքի ձեւով: Ընդունելի չէր, որ մեր համույթների մի մասը տարին երկու-երեք համերգ տալով բավարարվում էր: Ստացվում էր, որ պետությունը պարզապես իրենց փող էր տալիս, որպեսզի իրենք գոյություն ունենան: Այս մեխանիզմով մենք կաշկանդում էինք համույթներին՝ ներկայանալու եւ ինքնադրսեւորվելու հնարավորությունից զրկելով եւ, նաեւ՝ չէինք կատարում հանրության պահանջը: Այդ առումով եւս քայլեր կատարվել են. մեր ենթակա հաստատությունները բավական ակտիվ ներկայացումներով եւ համերգներով հանդես եկան՝ փոխհատուցելով պետության կողմից տրվող սուբսիդիաները:

Երրորդը՝ Հայաստանի Հանրապետության հետ միասնական մշակութային դաշտի ստեղծումն էր: Ես միշտ ասել եմ՝ գոյություն չունի արցախյան մշակույթ, դա հայկական մշակույթի մի մասն է, ու մենք տարիներ շարունակ բոլորովին կտրված էինք ՀՀ մեր գործընկերներից: Մեզ հաջողվեց Հայաստանի նախարարության հետ հարաբերությունը միասնական մարմնի մակարդակի վրա դնել՝ համատեղ ծրագրերի քննարկման ու  իրականացման ճանապարհով: Բարձրագույն մակարդակի հարաբերություններ՝ թե նախարարների եւ թե աշխատակիցների մակարդակով: Դա մեծ ձեռքբերում է:

Հաջորդը՝ մշակույթի միջազգային ասպարեզում ներկայանալն էր: Որոշ տեղերում  ունեցանք առաջխաղացում՝ փորձեցինք կազմակերպել մեր համույթների մասնակցությունը միջազգային տարբեր փառատոններում: Այդ գործընթացը սկսված է, մնում է շարունակել:

Այդ կարեւոր հանգամանքներն են, որ պետք է ընդգծեի, եւ իհարկե՝ պետական միջոցների ծախսման օպտիմալացման գործընթացը: Սովորաբար պետական բյուջեի միջոցներին նայում են՝ որպես ուրիշի կողմից ստացված գումարներ, ու չկա այն հասկացությունը, որ դա մեր սեփական գրպանից ծախսվող միջոցներն են: Ես փորձեցի առաջին հերթին նախարարության աշխատակազմի մեջ այդ մտածողությունը սերմանել եւ երկրորդ հերթին արդեն մեր ենթակա ՊՈԱԿ-ի: Ինչ-որ տեղեր հաջողվել է, ինչ-որ տեղեր՝ ոչ:

-Հնարավո՞ր է արդյոք տնտեսել:

-Իհարկե: Հնարավոր է տնտեսել երկու ձեւով՝ իրականացնել ավելի արդյունավետ գնումներ, եւ խուսափել անիմաստ ծրագրերից, որոնց հետընթացը կասկածի տակ է:

Հատկապես երկրորդ ուղղությունն էր շատ կարեւոր. միշտ հաշվարկել՝ այդ ծրագրի իրականացման համար ծախսված գումարը եւ դրա արդյունավետությունը իրար հետ համեմատելի են, թե՝ ոչ: Այս ուղղությամբ բավական մեծ աշխատանք կատարվեց եւ բավական քանակությամբ ծրագրերից զերծ մնացինք: Որոշ ծրագրեր փորձեցինք իրականացնել այլ ձեւերով՝ ներգրավելով հասարակական սեկտորը, կողմնակի կազմակերպություններին՝ մրցութային կարգով կազմակերպել դրանք: Եւ դա բերեց նրան, որ մենք կարողացանք խնայել բավականին միջոցներ:

— Դուք Արցախում զբոսաշրջային ոլորտի հիմնադիրն եք: Ինչի՞ց սկսեցիք եւ ո՞ւր հասաք:

-Երբ խոսում ենք զբոսաշրջության մասին, պետք է հիշենք, որ այդ ոլորտում ընգրկված են նաեւ հուշարձանների պահպանման եւ թանգարանային բնագավառը: Այդ եռամիասնությունն այս կառավարության անհերքելի ձեռքբերումներից մեկն է:

Ես սկսեցի տուրիստական ընկերություն հիմնադրելով՝  1998 թվականին: Այն ժամանակ միակն էինք Ղարաբաղում: Կողքից սկսեցինք ձեւավորել նաեւ զբոսաշրջության համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ: Հիմնադրեցինք «Զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ, որի միջոցով 2003-ին Ղարաբաղն առաջին անգամ մասնակցեց միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի՝ Մոսկվայում եւ Բեյրութում: Գործակալության միջոցով Ղարաբաղը դուրս եկավ զբոսաշրջության բնագավառում միջազգային հարաբերությունների մակարդակի վրա: Մենք գործնական փոխհարաբերությունների մեջ էինք ՄԱԿ-ի կազմակերպություններից մեկի՝ տուրիզմի համաշխարհային կազմակերպության հետ: Դա բացառիկ երեւույթ էր Ղարաբաղի համար՝ նկատի առնելով չճանաչված լինելու հանգամանքը: Նշեմ նաեւ, որ մինչեւ հիմա միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներին Ղարաբաղը մասնակցում է բացառապես այդ կազմակերպության միջոցով եւ ուժերով: Պարզապես պետական պաշտոնս թույլ չէր տալիս բարձրաձայնել այդ մասին:

Գործակալությունը ժամանակին հիմնեց նաեւ Նիկոլ Դումանի տուն-թանգարանը, եւ ստեղծեց  ազգագրական թաղամաս՝ ներգրավելով տարբեր բարերարների:

Սկսեցինք այդտեղից՝ մասնավոր բիզնեսից՝ զուգահեռ հասարակական աշխատանք կատարելով: 2008-ից հանգամանքների բերումով այդ նույն գործունեությունն սկսեցի ծավալել՝ որպես պետական պաշտոնյա:

-Դժվա՞ր է թողնել մի ոլորտ, որը ստեղծվել, սնվել եւ կայացել է հենց Ձեր շնորհիվ:

-Այն, ինչ-որ կա այնտեղ՝ զբոսաշրջության վարչությունում, թիմի համատեղ աշխատանքի արդյունք է: Այդ աշխատանքի մեջ, իհարկե, իմ անձնական ներդրումը եւս կա: Շատ դժվար է բաժանվել քո տնից, բայց դա զուտ զգացմունքային հարց է: Չեմ տրվում զգացմունքներին: Այո, մարդ կառուցում է տուն, հետո դուրս է գալիս: Այդպես էլ է պատահում:

Ինչո՞վ է զբաղվելու Սերգեյ Շահվերդյանը:

-Ես չեմ դադարում լինել այս երկրի քաղաքացի: Առավել ակտիվ հասարակական եւ քաղաքական  կյանքում կներգրավվեմ. քաղաքական կյանքում՝ որպես ՀՅԴ անդամ, հասարակական կյանքում՝ որպես զբոսաշրջության զարգացման գործակալության հիմնադիր:

Մտածում եմ նաեւ թատրոնի աջակցման խմբավորում ձեւավորելու մասին: Թատրոնի վերականգնման ծրագիրը, կարծում եմ, ոչ միայն պետական մարմնի, այլ նաեւ ողջ հասարակության խնդիրն է: Որքան կարողացա հասցնել՝ հասարակայնացրի այդ հարցը. դրա նպատակն այն է, որ հասարակության ամենալայն խավերը ներգրավվեն թատրոնի վերականգնման ծրագրում: Կարծես թե այդ գործընթացը հաջողությամբ պսակվեց, եւ ես կշարունակեմ աջակցել թատրոնի ծրագրին:

Մշակույթի բնագավառը եւս ինձ համար շատ սիրված ու շատ հետաքրքիր  բնագավառ է: Որպես մասնավոր անձ, հասարակական կազմակերպության հիմնադիր՝ կշարունակեմ մշակութային որոշ ծրագրեր իրականացնել՝ հատկապես կապված երիտասարդության եւ ժամանցի հետ:

Վերջին շրջանում ավելի հաճախ է բարձրաձայնվում Նիկոլ Դումանի տունթանգարանի առաջարկած պայմանների վատթարացման հարցը: Դրան զուգահեռ՝ ակտիվություն է նկատվում տունթանգարանի ֆեյսբուքյան էջում: Ի՞նչ ծրագրեր ունեք՝ կապված թանգարանի հետ:

-Նիկոլ Դումանի տուն թանգարանի գաղափարը մեծ ծրագիր էր, որի շրջանակում  մշակվել ու ստեղծվել էր «Ազգային ժառանգություն» հիմնադրամը, որի նպատակն էր վերհանել, հայտնաբերել մեր ազգային գործիչների տներն Արցախում ու ստեղծել թանգարանների ցանց: Հայտնաբերել ենք Մենակի, Խանասորի Վարդանի, Վանա Իշխանի տները: Պետական պաշտոնի անցնելու  եւ զբաղվածության պատճառով գրեթե 10 տարի չէի զբաղվում թանգարանով. այդ ծրագիրը մնաց օդում: Հիմա, տուն-թանգարանի ֆեյսբուքյան էջի ակտիվությունն ազատ ժամանակ ունենալուս դրսեւորումն է, որը տրամադրում եմ տուն-թանգարանի վերակենդանացմանը:

Հաճախ եք բարձրաձայնում հասարակական դաշտի խնդիրները, սակայն որո՞նք են քաղաքացիական գիտակցության բարձրացման Ձեր տարբերակները:

-Ցավոք, երկրում հասել ենք հասարակական դաշտի խաթարման աստիճանի: Չի կարող պետական մեքենան լինել արդյունավետ, եթե  չկա հասարակական վերահսկողություն, իսկ հասարակական վերահսկողությունն իրականացվում է առաջին հերթին մամուլով, երկրորդ հերթին՝ հասարակական դաշտով: Մենք, ցավոք, չունենք ոչ առաջինը, ոչ երկրորդը:

Մի ժամանակ, իհարկե, կար շատ զարգացած լրատվական դաշտ: Ժամանակն անցավ, մարդիկ տեղափոխվեցին Երեւան, իսկ հասարակական դաշտը խաթարվեց:

Շատ քիչ են ակտիվ հասարակական կազմակերպությունները, որոնց զգալի մասը մեկ անձի կազմակերպություն է եւ արտահայտում է մեկ անձի գաղափարախոսություն, իսկ մյուս մասը գործունեություն է ծավալում՝ պետությունից ստանալով ինչ-որ պատվերներ: Դա սխալ եւ կործանարար մոտեցում է:

Ես շատ ուրախ կլինեմ, եթե վաղը իրավ համախոհ մարդիկ միավորվեն, առաջանան քաղաքական միավորումներ, համատեղ ժողովներ, ակցիաներ անեն ու փորձեն ինչ-որ հարցեր լուծել: Մենք լիքը խնդիրներ ունենք, որոնց լուծման համար հասարակական դաշտի դերն ու նշանակությունը մեծ է:

-Արցախում բարեփոխումներն այլեւս հրամայական են: Բայց, ի վերջո, ե՞րբ շեղվեցինք ճիշտ ճանապարհից:

-Երբ սկսեցինք մտածել, որ մենք ամեն ինչ անում ենք կատարյալ, հենց այդ պահին մենք զրկվեցինք հանրային քննարկումների հնարավորությունից: Երբ մի մարդ տարիներով մի գործ է անում, ուզած-չուզած սկսում է մտածել, որ ամեն ինչ լավ է անում: Կողքից չկար հանրային ճնշում, հանրային քննարկում: Հետեւանքն այն է, որ այսօր կանգնած ենք  շատ խորը, իմաստալից բարեփոխումների անհրաժեշտության առջեւ:

Այսօր Արցախի քաղաքական ուժերի քաղաքական կամ ընդդիմադիր լինելը հանելուկ է դարձել: Ի վերջո, ի՞նչ խաղ է սա:

-Խառնաշփոթ է առաջացել, որովհետեւ դեռեւս չկա ձեւավորված հայեցակարգ, թե ինչ է նշանակում էական բարեփոխումներ: Պարոն նախագահն իր պատկերացումն ունի էական բարեփոխումների մասին, կուսակցություններն ունեն իրենց պատկերացումները,  ես ունեմ էական բարեփոխումների իմ պատկերացումը, վստահ եմ, որ քաղաքական մյուս գործիչները եւս ունեն իրենց պատկերացումները: Բայց, ի վերջո, այդ պատկերացումները պետք է շարադրվեն եւ վերածվեն փաստաթղթի՝ կետերով:

Վստահ եմ, որ կուսակցությունները բարեփոխումների մասին իրենց պատկերացումները կներյացնեն: Իսկ երբ Դաշնակցությունը ասպարեզ իջեցնի էական բարեփոխումների իր պատկերացումը, ամեն ինչ կհստակեցվի: Նախագահը կընդունի կամ ոչ, մյուս կուսակցությունները կընդունեն կամ ոչ, կավելացնեն, կպակասեցնեն, դա երկրորդական խնդիր է: Կարեւորը շոշափելի առարկա ունենալն է:

Դրան զուգահեռ՝ Արցախի տարբեր թիմեր բարեփոխումների իրենց  տարբերակներն են առաջ քաշում, վերադառնում են նախկին պաշտոնատար եւ ռազմական  գործիչներ: Բոլորն անխտիր պնդում են, որ խոսում են ժողովրդի շահերից եւ անունից: Բայց, վերջապես, ի՞նչ է ուզում ժողովուրդը, եւ արդյո՞ք ուզում է:

-Ես կարծում եմ, որ ժողովուրդը բարեփոխումներ ուզում է: Յուրաքանչյուր անձ իր պատկերացումն ունի բարեփոխումների վերաբերյալ, սակայն մինչեւ հրապարակ չիջեցվի մի բարեփոխումների կոնցեպտ, մենք յուրաքանչյուրս խոսելու ենք բարեփոխումների մասին՝ յուրաքանչյուրս պատկերացնելով այն, ինչ որ մենք ենք ուզում: Մինչ այդ՝ հնչեցվող բարեփոխումները պոպուլիստական հայտարարությունների են նման: Այն կուսակցությունները, որոնք բարեփոխումների պահանջ են ներկայացնում, պետք է դրանք հանրության համար ընկալելի ձեւով շարադրեն: Պետք է ունենանք հստակ փաստաթուղթ, որում իրերը պետք է անվանվեն իրենց անունով, եւ առաջարկենք լուծումներ: Այդ դեպքում հանրությունը կկարողանա ընտրել կուսակցությունների առաջարկած ծրագիրը, որն ավելի մոտ է իր պատկերացումներին:

Այսօր բարեփոխումները պաշտոնյաների փոխանակումով են սահմանափակվում: Բայց դա բարեփոխում չէ, դա ընդամենը անձերի փոփոխություն է, որն իմ պատկերացրած երկրի էական բարեփոխումների գաղափարից շատ հեռու է:

Ոչ ոք չի ասում, թե ինչ է բարեփոխումը: Այն դարձել է սեւ կատու մութ սենյակում. բոլորը փնտրում են այդ կատվին, բայց չեն գտնելու, որովհետւ այդ կատուն չկա այդ սենյակում: Այդ կատուն  հենց շարադրված ընկալելի սկզբունքներն են, որոնք դեռեւս չկան:

Խոսեցիք բարեփոխումների Ձեր տեսլականի մասին: Կառանձնացնե՞ք մի քանի կետեր:

-Բարեփոխումների իմ տեսլականը կարտացոլվի ՀՅ Դաշնակցության տեսլականում:

Առաջիկայում նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ են: Այս շիլաշփոթում ժողովուրդը ինչպե՞ս կայացնի ճիշտ ընտրություն:

-Առաջին հերթին՝ ժողովուրդը պետք է փորձի իր մեջ ուժ գտնել եւ դուրս գալ խնամի-ծանոթ-բարեկամ մտածելակերպից: Մարդիկ միշտ մեղադրում են կառավարությանը՝ իշխանությունների կողմից չգրված այս երեւույթի եւ օրենքների համար, բայց յուրաքանչյուրս ընտրությունների ժամանակ ճիշտ այդ սկզբունքներով  ենք շարժվում:

Այսօր, ցավոք սրտի, կուսակցությունները հիմնականում կուլիսային, ոչ հրապարակային գործունեություն են ծավալում: Սակայն, ստեղծված պայմաններում կուսակցությունների կուլիսային գործունեությունը բավարար չէ՝ հասկանալու համար, թե ում հետեւից գնալ: Ժողովուրդը պետք է աչալուրջ լինի:

Այս ամենով հանդերձ՝ Արցախը մնում է հակամարտող կողմ եւ ռազմական դրության մեջ գտնվող երկիր: Ինչպե՞ս այս զարգացումները կարող են ազդել նշվածս հանգամանքի վրա եւ ինչպե՞ս բացառել կորուստերը:

-Պետք է ամեն ինչ անել պարզ, թափանցիկ եւ ազնիվ ձեւով, որպեսզի բոլոր նրանք, որոնց վերաբերվում են բարեփոխումները, հասկանան, որ դա արվում է հանրային շահերից ելնելով: Դա՝ առաջինը:

Երկրորդը՝ հստակ միասնական մոտեցում պետք է ցույց տալ: Բոլոր գործողությունները պետք է իրականացվեն միասնական սկզբունքով, եւ այդ սկզբունքը չպետք է փոփոխվի, տարբերվի՝ այս կամ այն անձի հետ կապված: Խաղի հստակ կանոններ պետք է շարադրվեն: Այդ դեպքում, կարծում եմ, ընկալումները բոլոր կողմերից էլ հավասար կլինեն:

Իհարկե, պատերազմական դրության մեջ գտնվելու հանգամանքը շատ մեծ խնդիր է մեզ համար, բայց դա չի կարող հանդիսանալ պատճառ, որ մենք թույլ տանք՝ մեր մեջ լինեն մարդիկ, որոնք իրենց զգում են ոչ հավասար մյուսներին: Դա չի նշանակում, որ բարեփոխումները չպետք է վերաբերեն այն անձանց, որոնք նախկինում ունեցել են մեծ վաստակ երկրի հանդեպ ու հիմա շահագործում են այդ վաստակը: Դա ինձ համար անհասկանալի է: Ամեն մարդ պատերազմի ժամանակ իր կարողացածի չափ արել է. իմ մայրն էլ է արել, ես էլ եմ արել, Ձեր ծնողներն էլ են արել, բայց այդ արածի դիմաց պահանջել իշխանություններից ինչ-որ առանձնահատուկ կարգավիճակ, առանձնահատուկ բիզնեսներ, հարկային, վարկային արտոնություններ՝ չի կարելի. դա քայքայում է մեր երկրի միասնականությունը: Դրա դեմ պետք է պայքարել ու բարեփոխումներ իրականացնել: Եթե մենք սկսենք միատեսակ մոտեցում ցույց տալ բոլորի հանդեպ, ապա կնվազեցնենք այն վտանգները, որոնք ուղեկցում են բարեփոխումների գործընթացը:

Սերգեյ Շահվերդյանի հետ զրուցել է Լուսինե Թեւոսյանը

1