Երազանքս է՝ դատաստանի օրը հայի կորուստ չունենանք
Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյան: Ծնվել է Սումգայիթում: Ընտանիքով տեղափոխվել է Երեւան: Սովորել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտում: Ընդունվել է Բրյուսովի անվան ռուսաց եւ օտար լեզուների ինստիտուտ: Ուսանել է Մայր աթոռ սուրբ Էջմիածնի Գեւորգյան ճեմարանում: Լրացուցիչ աստվածաբանական կրթություն է ստացել Լենինգրադի (Սանկտ Պետերբուրգի) հոգեւոր ակադեմիային կից ասպիրանտուրայում: Դասավանդել է Գեւորգյան ճեմարանում: Ձեռնադրվել է եպիսկոպոս: Վազգեն Առաջին կաթողիկոսի կոնդակով նշանակվել է Արցախի վերահաստատված թեմի առաջնորդ: Ստացել է արքության տիտղոս: Գործուն մասնակցություն է ունեցել Արցախի Հանրապետության պետականաշինության եւ բանակաշինության գործընթացին: Արցախի հերոս:
— Սրբազան հայր, լինելով բազմակողմանի կրթված, ինչու՞, այնուամենայնիվ, ընտրեցիք հոգեւորականի աստվածընծա առաքելությունը:
— Քանի որ ես մաթեմատիկական դպրոց էի ավարտել, ընկերներով որոշեցինք ընդունվել կամ համալսարան, կամ Պոլիտեխնիկական ինստիտուտ: Ընկերներիս մեծ մասը պոլիտեխնիկական ինստիտուտ գնաց, եւ որոշեցինք լինել բոլորս միասին: Մեկ տարի անց որոշեցի ընդունվել Բրյուսովի անվան լեզվաբանական ինստիտուտ: Իսկ ընդհանրապես երազում էի կրթությունս շարունակել համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում, որն ինձ համար փոքր-ինչ բարդ էր. ես ռուսական կրթություն ունեի, իսկ փիլիսոփայական ֆակուլտետում միայն հայերեն էր ուսուցումը: Տևական ժամանակ փնտրտուքների մեջ էի:
Աթեիզմն ու մատերիալիզմը հոգուս մեջ մերժում էի, չէի ընդունում: Ընդունեցի իդեալիզմը, հետո զբաղվեցի միստիկական երեւույթներով եւ ամենակարեւորը՝ տատս հավատացյալ էր, նրա հավատքի սերմերն իմ մեջ բավականին զորեղ էին դրվել: Միստիկական ուսմունքների ուսումնասիրությունից հետո եկա այն եզրակացության, որ աշխարհում ամենաճշմարիտ կրոնը քրիստոնեությունն է: Ինձ համար, սակայն, մի հարց անպատասխան էր՝ ո՞վ է Քրիստոսը՝ Աստծո Որդին: Աստված հասկանում էի, բայց Աստծո Որդի չէի հասկանում: Հավատարիմ մնալով իմ բնավորությանը`փնտրել և գտնել ինձ հետաքրքրող հարցերի պատասխանները, որոշեցի գտնել նաեւ այդ հարցի պատասխանը: Հարցիս պատասխանի փնտրտուքն ինձ տարավ Էջմիածնի հոգեւոր ճեմարանում:
— Հոգեւորականներից շատ քչերն են, որ երեք տարվա մեջ եպիսկոպոսի աստիճան են ստացել: Դեռ ավելին՝ երեք ամիս անց թեմի առաջնորդ եք նշանակվել: Ինչո՞վ էր դա պայմանավորված:
— Երբ Վազգեն Վեհափառը մեզ՝ վեց հոգուս ձեռնադրեց եպիսկոպոս, ամեն մեկս ինչ-որ պաշտոն ունեինք: Ես վանահայր էի Սուրբ Հռիփսիմեում: Կաթողիկոսի խոսքը խորհրդանշական էր, ձեռնադրելիս ամեն մեկիս մի բան ասաց: Ինձ ասաց. <<Պարգեւ Սրբազանն այսօր եպիսկոպոս դարձավ, որովհետեւ նա Չարդախլուից է, որովհետեւ նա արցախցի է, որովհետեւ նա ծնվել է Սումգայիթում>>: Վեհափառի մոտ կարծես թե մի ներքին ընդվզում կար Սումգայիթի ջարդերի դեմ: Նա սատարում էր Արցախի շարժմանը: Մինչև հիմա հիշում եմ նրա խոսքերը:
Ես նոյեմբերին ձեռնադրվեցի եպիսկոպոս, մարտին՝ Արցախի թեմի առաջնորդն էի:
— Արցախի թեմը 70 տարվա դադարից հետո պետք է նորից գործեր: Չէի՞ն ընկճում սպասվելիք դժվարությունները, թե՞ աստվածահաճո գործեր կատարելիս չպետք է ընկճվել կամ վախենալ:
— Արցախի թեմը պետք է գործեր, քանի որ կար ցանկություն, եւ Մոսկվան նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին թույլ թվեց, որ մենք Արցախում բացենք երկու վանք եւ երկու եկեղեցի՝ հակառակ Բաքվի մերժումների: Բազմաթիվ խնդրանքներ էինք ներկայացրել Մոսկվա եւ ստանալով արտոնություն՝ Վազգեն Առաջինը որոշեց օգտագործել առիթը եւ վերաբացել Արցախի պատմական թեմը: Առաքելությունը դրվեց իմ և ևս չորս հոգևորականների ուսերին: Երբ քեզ կաթողիկոսն է օրհնում, զորավոր է դառնում և Աստծո օրհնությունը: Իսկ եթե կա Աստծո օրհնությունը, կլինի և Աստծո կամքը: Անկախ այն բանից, թե ինչ կկատարվի՝ ո՞ղջ կմնաս, կզոհվե՞ս, դժվա՞ր կլինի, թե՞ հեշտ, միեւնույն է՝ դու պետք է գնաս: Դու արդեն ունես քրիստոնեական գիտակցություն, պետք է գործես ըստ հրահանգի: Եւ լավագույնն այն է, երբ դու գործում ես օրհնության ներքո: Դա քրիստոնեական կարեւոր կանոն է:
— Չնայած ժամանակը փոթորկուն էր, սակայն դուք հաջողությամբ իրականացրիք Արցախի թեմի վերաբացումը: Ժամանակակիցները հաճախ վկայում են. Պարգև Սրբազանը ոչ միայն հոգեւորական էր, այլ նաև՝ ռազմական, քաղաքական, պետական գործիչ…
— Անկեղծ ասած՝ առաջնորդի փորձ չունեի եւ ոչ էլ առաջնորդի փոխանորդ էի եղել կամ օգնական, ինչը դժվարացնում էր գործը: Իհարկե, ընդհանուր հասկացողությամբ գիտեինք, որ պետք է բացել եկեղեցիներ, վանքեր, պետք է ծխեր կազմավորել… Բայց անհրաժեշտություն էր, և մենք զբաղվում էինք նաեւ ազգային, պետական, ռազմական, քաղաքական գործերով: Դա նորմալ էր: Կա մի հստակ երեւույթ՝ եթե դու հոգեւոր առաջնորդ ես, ուրեմն դու այդ թեմի հոգեւոր հայրն ես, նրա դարդ ու ցավով պետք է ապրես: Որտեղ ժողովուրդը կարիք ունի, դու պետք է այնտեղ լինես եւ սատարես նրան՝ լինի դա քաղաքական, պետական, ռազմական կամ սոցիալական ոլորտ:
— Հենց սկզբից հավատամք ունեիք, որ եթե ճեղքենք Արցախի հոգեւոր բլոկադան, երեք տարվա ընթացքում կճեղքվի նաեւ ֆիզիկական բլոկադան: Եւ եղավ 1992 թվականի երիցս օրհնված մայիսը…
— Ես դա ասել էի մինչև Գանձասարի վանքի վերաօծումը: Եւ երբ Գանձասարի վանքը վերաօծեցինք, 1989 թ. հոկտեմբերի 1-ին՝ ուղիղ երկու տարի եւ յոթ ամիս անց, մենք միացանք մայր Հայաստանին:
— Կան մոտավոր հաշվարկներ, ըստ որի՝ աշխարհի վրա ոչ մի տարածք այնքան սուրբ չէ եւ այդքան եկեղեցիներ չի ունեցել, որքան Արցախը: Դուք նպատակ ունեիք, որ Արցախում լինեն նույնքան եկեղեցիներ, որքան եղել են: Ի՞նչ է արվել անցած 25 տարվա ընթացքում այս ուղղությամբ:
— Իրապես, չկա աշխարհում այնպիսի տարածաշրջան, որտեղ այդքան խտացված լինեն քրիստոնեական սրբավայրերը: Ամեն 300-400 քառակուսի մետրի վրա մեր նախնիները կառուցել են վանք, մատուռ, եկեղեցի, տեղադրել խաչքար: Ապշելու բան է. ի՜նչ հոգեւոր հարուստ կյանքով են ապրել Արցախում մեր նախնիները: 1989 թվականից սկսած՝ մենք փորձեցինք վերանորոգել, հիմնանորոգել հները, կառուցել նորերը: Հիմա հաշվում ենք մինչև 70-ը:
Մի քանիսը ընթացքի մեջ են: Ստեղծել ենք <<Գանձասար>> աստվածաբանական կենտրոնը, <<Վեմ>> ռադիոկայանը, կիրակնօրյա դպրոցներ, հայորդաց տներ: Ունենք Եկեղեցասիրած երիտասարդական միություն: Հանրակրթական դպրոցների ծրագրերում մտցրել ենք կրոն, այնուհետեւ՝ հայոց եկեղեցու պատմություն առարկան: Այս տարիների համար, թվում է, քիչ չէ, եթե հաշվի առնենք մեր անկախ պետության պայմանները՝ բլոկադան, պատերազմը, քայքայված տնտեսությունը: Բայց շատ էլ չէ, եթե հաշվի առնենք, որ ժամանակին Գանձասարի կաթողիկոսությունը 4500-ից 5000 գործող եկեղեցի ու վանք է ունեցել, ինչն ահռելի հոգեւոր ժառանգություն է: Կարևորը՝ շարունակենք մեր սկսածը:
— Որպես հոգեւորական դուք հասցնում եք զբաղվել զուտ հոգեւոր գործունեությամբ՝ քարոզչությամբ:
— Ցանկացած հոգեւորականի առաջին պարտականությունն Ավետարանի քարոզումն է, երկրորդը՝ ծխերի կազմակերպումը, մեր սրբավայրերը կենսունակ դարձնելը: Կարծում եմ, որ հոգեւորականը պետք է նպաստի իր հոտի կյանքին, բարերարներ ընդգրկի երկրի շենացման հույժ կարևոր գործընթացում, ինչով էլ հիմա զբաղվում եմ: Եթե մենք կարող ենք մեր օգտակարությունը բերել պետականաշինության կամ սոցիալական ասպարեզում, անվարան պետք է օգնենք: Եթե կարող ենք սատարել կրթական ոլորտի զարգացմանը, պետք է օգնենք: Եթե դու հոգեւոր ծնող ես, ամեն մի ոլորտում պետք է փորձես քո լուման ներդնել:
— Հայ Առաքելական եկեղեցին, առհասարակ բոլոր ժողովուրդներն ու անհատները կանգնած են աշխարհաքաղաքական տարբեր մարտահրավերների առջեւ: Ո՞րն է Հայ Առաքելական եկեղեցու դիրքորոշումը սպասվող անցանկալի երևույթներին դեմ— հանդիման:
— Հայ Առաքելական եկեղեցին ունի կարեւորագույն երեք պարտականություն: Առաջին՝ հավատքը զորեղ ձեւով սերմանել ամեն մի հայի հոգում, որպեսզի ընթանա ճշմարիտ ճանապարհով, երկրորդ՝ Հայ Առաքելական եկեղեցին միշտ եղել է խաղաղություն քարոզող եւ երրորդ՝ ըստ Աստծո հրամանի՝ միշտ փորձում է պահել հայ ազգի ինքնությունը: Այսօրվա գլոբալիզացիայի /համաշխարհայնացում/ պայմաններում կա մի վտանգ՝ գլոբալիզացիան ազգություններ և ինքնություն չի ճանաչում: Դա վտանգ է մեր ինքնության համար: Մեր եկեղեցին ամեն ինչ պետք է անի, որ կարողանանք ամուր պահել ազգային արժեքները եւ հայի ինքնությունը: Ունենք նաեւ այլ մարտահրավերներ: Առաջնային է մեր միաբանությունը: Քաղաքական, սոցիալական, տնտեսական հարցեր մարդիկ միշտ էլ կարող են ունենալ, բայց դա չպետք է դառնա պատճառ, որ մենք մտնենք ներքին վեճերի մեջ: Մենք դրա իրավունքը չունենք: Մենք պետք է միաբանվենք եւ ամեն ինչ պետք է անենք, որ զորեղ պահենք մեր բանակը: Մենք կիսվելու, բաժանվելու եւ վիճելու ժամանակ չունենք: Դա պետք է ցանկացած հայի գիտակցության մեջ լինի:
— Սրբազան հայր, Դուք հոգեւորական եք եւ, այնուամենայնիվ, մարդ եք, ով զերծ չէ թերություններից ու սխալներից: Ինչպե՞ս եք խուսափում դրանցից:
— Ամեն մարդ գիտի իր մեղքերը, իր թերությունները: Նա յուրովի է փորձում դրանք հաղթահարել: Մի մասը հաղթահարում է, մի մասը` ոչ:
— Բոլոր մարդիկ, անկախ տարիքից, սեռից, խավից, հոգեւորական կամ աշխարհիկ բնույթից, ունենում են երազանքներ: Դուք ի՞նչ երազանքներ ունեք:
— Մանկուց երազել եմ հզոր ազգ ունենալու մասին: Աստծուն փառք եմ տալիս, որ ես հայտնվեցի Արցախում եւ իմ համեստ ներկայությամբ ժամանակակիցը եղա հայոց հաղթանակի: Կարելի է ասել՝ իմ երազանքի մի մասը տեսա, այն է՝ հայկական հողի ազատագրում: Իմ երազանքն է նաեւ 15 հայկական նահանգները տեսնել ազատագրված ու միաբանված, ունենանք հայոց թագավոր՝ հայ քրիստոնյա օծված թագավոր` մեր պատմական բոլոր հողերի վրա: Երբ դարձա քրիստոնյա եւ հոգեւորական, աղոթում էի և աղոթում եմ, երազում էի և երազում եմ, որ մենք ազգովի ապաշխարհենք եւ ամբողջ ազգով Քրիստոսին իր բոլոր սրբերի հետ փառաբանենք, որպեսզի դատաստանի օրը ոչ մի հայի կորուստ չունենանք: Ամեն:
Անի ԱԶԱՏՅԱՆ