Ես ու եղբայրս փախանք մեր գյուղից դեպի Վան ու մասնակցեցինք ինքնապաշտպանությանը

Գրիգոր Ալոյանի վկայությունը
Վան, Արճակ գյուղ
Վանի գավառի Արճակ գյուղից Գրիգոր Ալոյանը հիշում է՝ 1915-ի ապրիլին էր, որ 3.000-ից ավելի հաշվվող օսմանյան զորքն իրենց գյուղ մտավ: Ինքն ու եղբայրը գիշերը փախան գյուղից և հասան Խառակոնիս, որտեղ հայերը զինված դիմադրություն էին պատրաստում:
1915 թուի ապրիլ ամսու սկիզբներին Սարայի գայմագամը 3000-է աւելի զօրքերով մեր գիւղը եկաւ: Գիշերանց ես և եղբայրս` Սարգիս, մեր պատը ճեղքելով փախանք և տան ետևէն գնալով տեսակով մը յաջողեցանք գիւ- զէն դուրս ելնել և հասնլ Խառակոնիսը, ուր որ արդէն տղերքը զինուած պատրաստ էին դիմադրութեան Շիրինի և իր ընկերներու ղեկավարութեամբ, իսկ մեր ընտանիքը մնաց գիւղը: Գիւղի կոտորելու ժամանակին քիւրտերը եղբօրս կին Նեկտարին և իր երեխաներուն` Արամին և Աիրանուշին կը վերցնեն և կը տանին, և մինչև այսօր նրանցմէ ոչ մի լուր չունինք: Մայրս կը դիմադրէ այս դէպքին, քիւրտերը, բարկացած, անոր վիզը թոկ ձգելով կը խեղդեն ու կը նետեն ջրհորի մէջ:
Խառակոնիսի վրայ յարձակուեց թիւրք խուժանը Սարայի գայմագամին ղեկավարութեամբ: Մեր տղերքը դիմադրեցին: Կռիւը սկսուեց: Թիւրքերը թնդանօթներով և հեծեալ զօրքով մեզ պաշարեցին, բայց մերոնք առանց վախենալու կռուեցան մինչև գիշերը: Ճամբայ որոնելով դէպի Աւերակի գիւղը, գնացինք վերցուցած մեզ հետ բոլոր տղամարդկանց և կիներէն ալ ¾ մասը, անոնք, որ տղամայր էին կամ ծեր և կամ հիւանդ, չկարողացան գալ, իսկ առողջները եկան, ճամբան շատ նեղութիւններ քաշելով շատերը մեռան, իսկ մնացած մասը յաջորդ օրը Աւերակի գիւղ հասանք: Աւերակի հասնելու երկրորդ օրը մեր ետևէն իյնող թիւրք խուժանը պաշարեց գիւղը: Խուժանը յարձակում գործեց և անխնայ կոտորեց գիւղի մնացած մասերուն մէջ գտնուող տղամարդ 5-100 տարեկանները և կանանցմէ շատերը:
Վանայ մէջ գտայ կնոջս և երեխաներուս, որոնք մնալով Արճակում 20-30 օր, եկել էին Վան, Արճակում եղած կանանց հետ: Թէ՛ ես և թէ’ եղբայրս Վանայ կռիւներուն մասնակցեցինք դիրքեր պատրաստելով: Մայիսին Վանի ազատումէն յետոյ մեր գիւղը գացինք:
ՀԱԱ, ֆ. 227, ց. 1, գ. 437, թթ. 19 շրջ.-20 չրջ., բնագիր, ձեռագիր:
Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. Վերապրածների վկայություններ, փաստաթղթերի ժողովածու, հ. 1, Վանի նահանգ, ՀԱԱ, Երևան, 2012, էջ 70 – 71:
Աղբյուրը՝ http://armeniangenocide100.org/