Ես մեդալների համար չեմ մասնակցել պատերազմին. Գառնիկ Դանիելյան

Որքան էլ տարօրինակ լինի, սակայն մենք շատ հաճախ, ըստ արժանվույն չենք գնահատում մեր կողքին ապրող իրական հերոսներին եւ, ցավոք, շատ հաճախ խոսում կամ արժեւորում ենք իրական հերոսներին, երբ նրանք այլեւս մեր կողքին չեն լինում:
Մեր կողքին ապրող իրական հերոսի՝ Գառնիկի մասին գիտեն միայն նրան ճանաչողները: Տարիների ընթացքում, աշխատանքի բերումով զրուցելով Արցախյան ազատամարտի մասնակիցների հետ, բազմիցս հանդիպել եմ ազատամարտիկների, ովքեր համեստորեն լռում են եւ առհասարակ չեն խոսում իրենց անցած ուղու մասին: Նրանք իրենց լռությունը բացատրում են նրանով, որ այն, ինչ արել են պատերազմի տարիներին, յուրաքանչյուրի պարտքն է եղել հայրենիքի հանդեպ: Նրանք ազատամարտում սխրագործություններ են կատարել՝ չմտածելով անգամ, որ մի օր իրնեց արածների մասին կխոսեն կամ գնահատականներ կտրվեն:
Գառնիկ Դանիելյանի մասին բազմիցս էի լսել, սակայն նրան տեսնել եւ զրուցել չէր ստացվում, նա անըդհատ մերժում էր, չէր ցանկանում խոսել իր մասին: Ի վերջո, ստանալով Գառնիկի համաձայնությունը, ՀՅԴ Ստեփանակերտի կոմիտեության անդամ Վահագն Դադայանի եւ երիտասարդականի անդամ Արմեն Իշխանյանի հետ այցելեցինք Ստեփանակերտի Տիգրան Մեծ փողոցում գտնվող Գառնիկի հայրական տուն: Այնտեղ՝ 5 հարկանի շենքի 5-րդ հարկում, թոշակառու ծնողների հետ ապրում է Գառնիկը, ով Արցախյան պատերազմում վիրավորվելով՝ կորցրել է տեսողությունը:
Գառնիկ Դանիելյանն Արցախյան շարժման ակտիվ մասնակիցներից է: Այսօրվա պես հիշում է, թե ինչպես 1988 թվականին ադրբեջանցիներն առաջին անգամ Աղդամից հարձակվեցին Ասկերան: Նա այդ տարիներին աշխատում էր Ասկերանում: Իմանալով ադրբեջանցիների հարձակման մասին՝ Ասկերանի մի խումբ բնակիչների հետ գազազած ամբոխին հետ են շպրտում:
«Ասկերանրի հայտնի դեպքերից հետո մենք տղաներով գնում էինք Ստեփանակերտ եւ մասնակցում կազմակերպվող ցույցերին: Արցախյան շարժումը 1988-ին չի սկսվել, այն ավելի վաղ էր սկսվել: Դեռ 1987 թվականին մենք ընդհատակյա գործունեություն էինք ծավալում»,- հիշում է Գառնիկը:
Գառնիկի խոսքերով՝ շարժման հենց սկզբից էլ իմացել է, որ հող հայրենին ազատագրելը հեշտ չի լինելու եւ խաղաղ ցույցերով արցախցիների արդար պահանջը չի լուծվելու, պատերազմն անխուսափելի է լինելու:
Գառնիկն այն առաջիներից էր, ովքեր անվարան զինվորագրվեցին Արցախյան պատերազմին: Նա վաշտի հրամանատար էր: Մասնակցեց մի շարք վճռորոշ մարտերի՝ցուցաբերելով արիություն ու օրինակ հանդիսանալով շատերի համար:
Գառնիկը 1991թ-ին Քութայիսում ավարտել է ենթասպայական դպրոցը, որից հետո Արցախում նշանակվել է վաշտի ավագ: Մինչեւ վիրավորվելը Արցախի տարբեր հատվածներում մասնակցել է տարբեր մարտերի:
1992 թվականի հոկտեմբերի 13-ի մարտերը ճակատագրական են դառնում Գառնիկի համար: Քաշաթաղի շրջանի հյուսիսային հատվածի ազատագրական մարտերից մեկի ժամանակ, իր ջոկատում ունենալով իրենից երիտասարդ տղաներ, ուղորդում է վաշտին հակառակորդի դեմ թեժ մարտի: Մի քանի ժամ դիմադրություն են ցույց տալիս, սակայն դարանակալած թշնամին դեմ դիմաց դուրս գալով Գառնիկին՝ նետում է ձեռքի նռնակը. «Շատ մութ էր, ես նկատեցի թշնամուն ու զգացի, որ նռնակն իմ ուղղությամբ շպրտեց: Չհասցրեցի նկատել, թե ինչ տիպի նռնակ է, բայց թշնամուն ոչնչացնել հասցրեցի,- հոգոց հանելով՝ հիշում է Գառնիկը եւ շարունակում պատմել,- 1993 թվականին ոչ պիտանի լինելու պատճառով անցել եմ հաշմանդամության թոշակի եւ մինչ օրս տանն եմ:
Գառնիկը նեղվում է իր վիճակից. «Երեւի այն ժամանակ բժշկությունն այնքան էլ զարգացած չէր: Ձախ աչքումս բեկորներ կային, այն հեռացնելուց հետո աչքիս վիճակը կտրուկ վատացավ, եւս մեկ վիրահատության անհրաժեշտություն էր առաջացել, ինչը, սակայն, Արցախում անել հնարավոր չէր: Դիմեցինք Արկադի Կարապետյանին (Դաշնակ Ագո): Անգամ չգիտեմ որտեղից էր գումար հայթայթել վիրահատության համար: Մեկնեցի Մոսկվա, վիրահատեցին ձախ աչքս, բայց այդպես էլ տեսողությունս չվերականգնվեց: Միակ հույսս այն էր, որ եթե հնարավորություն ունենամ Ամերիկայում վիրահատել աջ աչքս, տեսողությունս գոնե մասամբ կվերականգնվի: Ամերիկա մեկնելու համար դիմեցինք Կոմանդոսին (Արկադի տեր Թադեւոսյանին) եւ նա մեզ օգնեց»,-պատմում է նա:
Վիրահատություններն այդպես էլ չեն օգնել Գառնիկի տեսողության վերականգնման հարցում, բայց Գառնիկն ԱՄՆ-ում ձեռք է բերել լավ բարեկամներ, ովքեր մինչ օրս հիշում են Գառնիկին ու փորձում հնարավորինս օգնել: «ԱՄՆ-ում վիրահատությունից մոտ 40 րոպե հետո ինձ այցելեց մի կին, ով ինձ հետո իր տուն տարավ: Այդ կինը տիկին Մաքրուհին էր: Ես շատ երախտապարտ եմ նրան»:
Գառնիկը պատմում է, որ Մաքրուհի Մադենլյանը, ԱՄՆ-ում ծանոթանալով իր հետ եւ իմանալով պատմությունը, ցանկություն է հայտնել օգնել Գառնիկին: Տարիներ շարունակ կապ պահելով՝ Մաքրուհին օգնել է նրան ինչով կարողացել է: Արցախ այցելելությունների ժամանակ անպայման հանդիպել է Գառնիկին:
Մեր այցն ազատամարտիկին պատահական չէր: Գառնիկին ԱՄՆ-ից նվերներ էր ուղարկել Մարգարիտ Ավանեսյանը, ով Գառնիկի մասին իմացել է տիկին Մաքրուհուց: Իհարկե, միշտ էլ հաճելի է իմանալ, որ մարդիկ քեզ հիշում են, քո գործը՝ գնահատում:
Գառնիկն իր տեսողությունը կորցրել է 28 տարեկանում: Նա արդեն 50 տարեկան է, բայց ապրում է հավատով, որ մի օր բժշկությունն այնքան կզարգանա, որ հնարավոր կլինի վերականգնել տեսողությունը. «Չնայած արդեն 50 տարեկան եմ եւ կյանքումս բազմաթիվ դժվարությունների միջով եմ անցել, ապրում եմ առանց տեսողության՝ միեւնույն է՝ չեմ փոշմանում ոչ մի բանի համար: Եթե պետք լինի, թեկուզ իմ այս վիճակում, պատրաստ եմ բարձրանալ դիրքեր, զինվորների կողքին լինել, ոգևորել, գոտեպնդել: Ես գիտակցաբար եմ մասնակցել Արցախյան ազատամարտին ու չեմ սպասել, որ իմ արած գործերի համար մի օր ուշադրության կարժանանամ»,-ասում է նա:
Գառնիկը 2001 թվականին պարգեւատրել է «Մարտական խաչ 2-րդ աստիճանի» շքանշանով, «Շուշիի ազատագրման համար» մեդալով: Այլ շքանշաններ էլ է ստացել, բայց չէր ցանկանում խոսել, մորը թույլ չէր տալիս, որ մեզ ցույց տար՝ ասելով, որ ինքը մեդալների համար չէ, որ մասնակցել է պատերազմին, արել է այն, ինչ ճիշտ է համարել, ինչ անհրաժեշտություն էր: Գործել է սրտի թելադրանքով:
Հ.Գ. Գառնիկ Դանիելյանը, որպես Արցախյան ազատամարտի առաջին կարգի հաշմանդամ, վերջերս դիմել է ԼՂՀ կառավարությանը՝ բնակարան ստանալու դիմումով:
Անի ԱԶԱՏՅԱՆ