Ես ահագին հեռու եմ իմ կենտրոնից. Արամ Ավետիս
Գլխավոր » Լրահոս » Ես ահագին հեռու եմ իմ կենտրոնից. Արամ Ավետիս

Ես ահագին հեռու եմ իմ կենտրոնից. Արամ Ավետիս

Դեկտեմբերի 11-ին Համազգայինի Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ Ստեփանակերտի «Արմատներ» կենսակենտրոնում հյուրընկալվել է երիտասարդ արձակագիր Արամ Ավետիսը

Գրական երեկոյի ընթացքում քննարկում է ծավալվել նրա անդրանիկ «Կույր կետադրություն» գրքի շուրջ: Գիրքն իր տեսակով ինքնատիպ է ու տարբերվող խոսք ժամանակակից հայ գրականության մեջԱյն տեսողունակ կուրության մասին է՝ համարձակ ու նախահարձակ կերպով շարադրված:

Արցախում տեղի ունեցած գրական երեկոյի ու գրքի շուրջ «Ապառաժ»-ը զրուցել է Արամ Ավետիսի հետ:

-Արցախում կայացած գրական երեկոն Ձեր շուրջը տիրող լռությունը ձայնային երանգներ հաղորդե՞ց։

-Այո, որովհետեւ նախ մեծ անակնկալ էր, որ Արցախում կա «Արմատներ» կենսակենտրոնի նման վայր, եւ ապա, որ 4 տասնյակից ավելի մարդիկ էին եկել իմ գրքի քննարկմանը եւ որոնք հետաքրքրված էին գրականությունով: Շատ հետաքրքիր եւ հաճելի կենդանի մթնոլորտ էր, եւ իմ մեջ ինչ-որ մի բան ավելացրեց, ինչի համար շնորհակալ եմ Համազգայինի Արցախի գրասենյակին:

Գրքում ընթերցողին առաջարկում եք համտեսել արգելված պտուղը։ Առաջարկությունը խիզախությո՞ւն է, թե՞ զարթեցման կոչ։

-Չէ, ես սատանան չեմ /ժպտում է/: Ես ուղղակի այդպես եմ մտածում եւ գրում եմ այդ մասին: Ինչ-որ մեկը կարող է մտածել, որ դա արհեստական է, բայց ես միշտ հեգնանքով ասում եմ, որ եթե Աստված մարդկանց թողնում է ազատ ընտրության հնարավորություն, ուրեմն ես էլ կարող եմ ազատ ընտրության հնարավորություն տալ իմ ընթերցողներին: Եթե ինչ-որ մեկը մտածում է, որ դա արգելված պտուղ է, ուրեմն այդ մարդն արգելքներ ունի կյանքում, եթե մի ուրիշը արգելված պտուղը չի տեսնում, ուրեմն այն չկա:

Բայց գրականության մեջ պետք է լինի այդ արգելվածությունը, որովհետեւ՝ եթե բոլորս գրենք եւ պատմենք այն, ինչի մասին բոլորս գիտենք, ուրեմն չպետք է գրենք: Ընթերցողը չպետք է ժամանակ ծախսի իմացածը կարդալու համար:

-Գրական երեկոյին ներկաների մոտ գրքի հանդեպ ստեղծված տրամադրությունները հակասական էին սակայն: Դա ձեզ մտահոգու՞մ է:

-Ես իմ հոգու կողպեքն եմ հրամցնում ընթերցողներին, եւ իմ գրականության հանդեպ ստեղծված ագրեսիվ տրամադրության պատճառն այն է, որ իմ կողպեքը կպնում է, բզում է ընթերցողին՝ մեկին շոյում, մյուսին տրորում: Իմ գիրքն այն է, ինչ ես զգում եմ եւ որը չեմ կեղծում: Եվ ես չեմ ուզում ինչ-որ մեկին դուր գալ, չեմ ուզում շատ ընթերցողներ ունենալ: Ես իմ գրականության մեջ փորձում եմ հնարավորինս անկեղծ լինել ընթերցողիս հետ, բայց չեմ սպասում, որ այն պետք է ընդունվի:

Այն մարդու գրականությունը, որը միանշանակ է ընդունվում, մոռացվում եւ չի ընթերցվում: Ընթերցողը նման գրականություն կարդալուց ժամանակ անց համակերպվում է այդ կերպարի հետ, իսկ երբ ընթերցողի եւ գրողի միջեւ լարված իրավիճակ է, դա նշանակում է, որ գրողն անընդհատ գտնվում է ալիքի վրա: Ինձ դուր է գալիս ընթերցողի մեջ արթնացող ագրեսիան, այն, որ իմ գրքի ընթերցողների մոտ առաջանում է ինձ սպանելու ցանկություն: Բայց, փառք Աստծո, ես այդ պահին այնտեղ չեմ լինում /ժպտում է/:

-Ըստ երեւույթին՝ դուք է՞լ եք պայքարի մեջ Ձեր տողերի հետ:

-Հա, իհարկե: Ժամանակ է անցնում, մեծանում ես, եւ չես կարող նույնը մնալ. դու նոր հեղինակներ ես կարդում, նոր մարդկանց հետ ես շփվում, գնում ես Իտալիա, հետո գալիս ես Արցախ: Եվ դու չես կարող նույն վիճակում լինել: Իտալիայում ուրիշ ջահելների հետ ես շփվում, Արցախում՝ ուրիշ, ու եթե դրանից հետո պետք է նույնը մնաս, ուրեմն դու դեգրադացված, դեբիլ մարդ ես մնում:

Իմ գրքում ես հարցեր եմ տալիս, որոնք ուղղված են ինչպես ինձ, այնպես էլ ընթերցողներիս: Գրականության իմաստը հարցեր տալն է:

-Գրում եք, որ Ձեր ամեն մի տողը հեռացնում է Ձեզ մարդկանցից: Փնտրու՞մ եք արդյոք այդ մեկուսարանի բանալին։

-Չէ, ես բանալիներ փնտրող մարդ չեմ: Եվ դա վերջին հաշվով ոչ մեկին չի հետաքրքրում: Պատասխանը ոչ մեկին չի տխրեցնի եւ ոչ էլ կուրախացնի: Երբ մարդ գնում է ամուսնության ոսկե մատանի գնելու, չի մտածում, որ այն պատրաստվել է ժամը 15 դրամով Աֆրիկայի գետերում գտնված, մատներով հատիկ-հատիկ հավաքված, ձուլված եւ Հայաստան ուղարկված ոսկիով: Ոչ մեկին դա չի հետաքրքրում…

-Տողարանքներում կա լռություն, որը ծանր է թվում։ Հե՞շտ է արդյոք լռել։

-Իհարկե:  Ավելի հեշտ է լռել, քան գրել: Իմ գրքում ասում եմ բաներ, որոնք դժվար է ասել:

-Ի՞նչ է գրքում հիշատակված պատշգամբը եւ ո՞րն է կենտրոնը։

-Պատշգամբը մի տեղ է, որն առանձին է. տունն է, բայց տունը չէ, դուրսն է, բայց դուրսն էլ չէ: Այդ պատշգամբը ուրիշ տեղն է, որտեղից նայում ես աշխարհի կենտրոնին՝ քաղաքին, որն ունի հրապարակ, կենտրոն, ու պատշգամբից երեւացող այդ կենտրոնն էլ կենտրոնը չէ. իմ կենտրոնը չէ… Ես ահագին հեռու եմ իմ կենտրոնից: Եթե կենտրոն ունենամ, կունենամ հենվելու կետ, եթե այդ կետն ունենամ, էլ չեմ ստեղծագործի, կհանգստանամ, կխաղաղվեմ:

Արամ Ավետիսի հետ զրուցել է Լուսինե Թեւոսյանը

1