ԵԱՀԿ ՄԽ-ն կոչ է անում թույլ չտալ ամռանը տեղի ունեցած դեպքերի կրկնությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ` Իգոր Պոպովը, Ջեյմս Ուորլիքը եւ Պյեր Անդրիոն, իրենց անհանգստություն են հայտնել` կապված ադրբեջանական ուժերի կողմից հայկական ուղղաթիռի խոցման հետ: Համանախագահաները հերթական անգամ կոչ են արել հակամարտության կողմերին խուսափել քայլերից, որոնք կհանգեցնեն հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում իրավիճակի լարվածությանը: Միջադեպի մասին համանախագահների հայտարարությունը տեղադրված է կազմակերպության պաշտոնական կայքում:
Հայտարարության մեջ ասվում է, որ չի կարելի թույլ տալ այս տարի ամռանը տեղի ունեցած դեպքերի կրկնությունը. «Պատահածը հիշեցնում է մեզ, որ անհրաժեշտ է անհապաղ ակտիվացնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: Մենք նախկինի նման պատրաստ ենք անհրաժեշտ օգնություն ցուցաբերել կողմերին: ԵԱՀԿ ՄԽ-ն կոչ է անում կողմերին գտնել հակամարտության խաղաղ կարգավորման ուղին և քայլեր ձեռնարկել վստահությունը ամրապնդելու համար, ինչը թույլ կտա թափանցիկություն մտցնել հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով»,- ասված է հայտարության մեջ: