Դարձ ի շրջանս յուր
ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո մարտի 29-ին Վիեննայում տեղի ունեցավ Փաշինյան-Ալիեւ պաշտոնական հանդիպումը: Վիեննայի 2019-ի հանդիպումից հետո եռանախագահները եւ երկու երկրների արտգործնախարարները իրենց համատեղ հայտարարությունը հրապարակեցին, որի մեջ որեւէ նորություն չէր նշմարվում, բացի մարդասիրական ուղղությամբ տարվող աշխատանքներին վերաբերող կետից, այն էլ՝ հայտնի չէ, թե որ կողմին էր ուղղված, ինչպես եւ՝ մինչ այժմ:
Առիթ չունենք կասկածելու, որ Վիեննայում Փաշինյանի կողմից չեն բարձրացվել մարտի 12-ին Արցախում կայացած ՀՀ եւ ԱՀ անվտանգության խորհուրդների համատեղ նիստում քննարկված հարցերը: Սակայն Փաշինյանը Վիեննայի հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում վեր հանեց մի պարկ հարցեր, որոնք մեկնաբանության կարիք են զգում: Իսկ Ալիեւի հիմնական մեկնաբանությունը մեկն էր՝ բանակցությունների ձեւաչափը չի փոխվելու:
11 ամիս առաջ, 2018 թվականի մայիսին Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում հայտարարեց, որ Արցախի իշխանությունները պետք է մասնակցեն Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցություններին: Դրանից հետո հայկական կողմից Ղարաբաղյան հարցին վերլուծությունների ու մեկնաբանությունների առանցքային կետը Արցախի մասնակցության հիմնավորումն էր:
Արցախի մասնակցությունը բանակցություններում Արցախի՝ որպես առանձին տարրի առարկայական գոյության հավաստիացման առհավատչյան է:
Ղարաբաղյան հարցի վերաբերյալ Ադրբեջանի բանակցային փիլիսոփայությունը հիմնված է տարածքային ամբողջականության վրա: Իսկ Արցախի առարկայական գոյությունը հակասում է այդ փիլիսոփայությանը: Ադրբեջանը, հիմք ընդունելով իր տարածքային ամբողջականությունը, 2016-ին սանձազերծեց ապրիլյան պատերազմը: Քառօրյա պատերազմից հետո Սանկտ Պետերբուրգում եւ Վիեննայում կայացած բանակցություններում շփման գիծը ճանաչվեց որպես Արցախի փաստացի սահման: Միջազգային ճնշման ներքո Ադրբեջանը պարտավոր եղավ համաձայնվել հետաքննության մեխանիզմների կիրառմանը եւ մշտադիտարկման սարքերի տեղադրմանը: Ձեռք բերված պայմանավորվածությունները չիրականացան որ միայն ադրբեջանական կողմի պայմանադրժության, այլ նաեւ հայկական կողմի ընկրկման եւ միջնորդների պատեհապաշտության պատճառով:
Եռանախագահների եւ երկու կողմերի արտգործնախարարների վերջերս հնչեցրած հայտարարություներում ոչ միայն չի ներառվում բանակցություններին Արցախի մասնակցության անհրաժեշտությունը, այլ նաեւ չի շեշտվում 2016թ. Սանկտ Պետերբուրգի ու Վիեննայի պայմանավորվածությունների մասին:
Եւ այսպիսով, Վիեննա 2019-ով վերսկսվում են 2016 թվականի նախապատերազմյան բանակցությունները: Ակնկալիքնեը պարզ են: Հավասարության սկզբունքը պահելով՝ եռանախագահները փորձելու են երկու կողմերին հորդորել ջանք չխնայել խաղաղության համար, Ադրբեջանը բանակցելու է «տարածքային ամբողջականության» վերականգնման եւ հայկական կողմից «գրավված» տարածքների վերադարձի համար, իսկ հայկական կողմին մնում է պատրաստվել պատերազմի՝ խաղաղությունն ապահովելու համար:
Հ.Գ. Արժե հարց տալ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերին. արդյո՞ք կիսում է ԱՄՆ պետքարտուղարի այն մեկնաբանությունը, ըստ որի՝ «Գոլանի ճանաչումը՝ որպես Իսրայելի մաս, ամբողջությամբ համապատասխանում է տեղում ստեղծված իրավիճակին եւ տեղում ստեղծված փաստին»:
«Ապառաժ»-ի խմբագրական, 2 ապրիլի, 2019թ.