Դասընթացներ մանկաբույժների համար
Արցախի առողջապահական համակարգը շարունակում է վերազինվել ժամանակակից բուժսարքավորումներով, միաժամանակ շարունակվում են բժիշկների կատարելագործման ուղղությամբ տարվող աշխատանքները:
Հայ Օգնության Ֆոնդի աջակցությամբ 2005 թվականից Հայաստանի տարբեր մարզերում ու Արցախում անցկացվում են բժիշկների վերապատրաստման ծրագրեր ու կոնկրետ թեմաներով դասընթացներ: Ծրագրի ղեկավարն է մանկաբույժ Համբարձում Սիմոնյանը: Հերթական այդպիսի դասընթաց կազմակերպվեց մարտի 17-ին «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ-ում: Դասընթացի թեման էր «Մանկական հիվանդությունների անհետաձգելի բուժօգնություն», որը վարում էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի ղեկավար Աննա Չոբանյանը և անեսթոզիոլոգ- ռեանիմատոլոգ Հասմիկ Սարոյանը: Թեմայի հրատապությունն ընտրելիս հաշվի են առնվել տեղացի բժիշկների նախընտրությունը:
Ծրագիրն ունի միջազգային մշակված ֆորմատ և ներկայացված են կոնկրետ օրինակների հիման վրա: Միաժամանակ անցկացվում են ծանր հիվանդությունների ախտորոշման գործում համագործակցություն Հայաստանի և Արցախի բժիշկների միջև: Արցախի բժիշկները նաև գործնական վերապատրաստման դասընթացներ են անցնում Երևանի առաջատար կլինիկաներում: ԱՄՆ-ում վերապատրաստություն ստացած վերոնշյալ բժիշկները դասընթացներ կանցկացնեն արդեն ավելի մեծ՝ 50 հոգանոց լսարան ունեցող բժիշկների հետ: «Մեր երկիրը, լինելով զարգացող երկրների շարքում, չունի ինֆեկցիոն հիվանդությունների ողբերգական պատկեր: Իհարկե, կան որոշ ինֆեկցիոն հիվանդություններ, բայց համատարած անհաղթահարելի վիճակներ չկան»,- նշեց ծրագրի ղեկավար Հ. Սիմոնյանը: