«Դաշնակցություն» խմբակցության տեսակետը «ԱՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծի վերաբերյալ

Մեծարգո նախագահ Արցախի Հանրապետության,
Հարգարժան գործընկերներ, կառավարության անդամներ,
Սիրելի հայրենակիցներ,
Անցած տարիների տնտեսական զարգացման միտումները գործադիր իշխանությանը հնարավորություն են ընձեռել նորովի վերանայելու երկրի 2019 թվականի սոցիալ-տնտեսական զարգացումների ու կանխատեսումների ծրագրերը, որն իր արտացոլումն է գտել այս տարվա ներկայացված պետական բյուջեի նախագծում:
Անհրաժեշտ է նշել, որ 2019 թ-ի բյուջեում պրոֆիցիտի առկայությունը նորություն է ընդհանրապես, որն իր հերթին ենթադրում է բյուջեի ծախսային մասում կատարելու ծրագրային նոր հավելումներ ու կանխատեսումներ:
Ոչ պակաս կարևորություն է ներկայացնում առաջին անգամ բյուջեն ուղեկցող փաստաթղթերում կապիտալ շինարարության ծրագրի առկայությունը: Փաստը գնահատելի է, քանզի այն հնարավորություն է տվել օրենսդիրին ոչ միայն հանդես գալու մեծաքանակ առաջարկություներով, այլև, որ ավելի կարևոր է, գնահատել կապիտալ շինարարության ծրագիրը՝ բովանդակության և նպատակաուղղվածության առումով:
Ողջունելի կարելի է համատեղ նաև որոշ ոլորտների աշխատողների և սոցիալական խմբերում ընդգրկվածների աշխատավարձերի, թոշակների և նպաստների բարելավմանը միտված գործընթացները՝ ակնկալելով, որ հետագա տարիներին այն իր արտացոլումը կգտնի նոր ոլորտների, կրթության ու մշակույթի, սոցիալական խմբերի վրա:
ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը կարևորում է նաև Արցախի ներդրումային հիմնադրամում կատարված բարեփոխումները, որոնք էական դերակատարություն կունենան հատկապես գյուղաբնակների կյանքի բարելավման և գյուղական բնակավայրերում նոր ներդրումային քաղաքականություն իրականացնելու համար: Գտնում ենք, որ համանման քաղաքականություն պետք է իրականացնել Գյուղի և գյուղատնտեսության զարգացման հիմնադրամում ևս:
Ընդհանուր առմամբ խմբակցությունը 2019 թվականի պետական բյուջեն գնահատում է իրատեսական՝ որպես երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստող և սոցիալական առավել ուղղվածություն արտահայտող բյուջե: Սակայն ինչպես և նախորդ տարիներին, այս անգամ էլ «Դաշնակցություն»խմբակցությունը կարծում է, որ բյուջետային քաղաքականության հիմքում առաջին հերթին անհրաժեշտ է հաշվի առնել Արցախի անվտանգության բաղադրիչները և հենց այդ ենթատեքստում դիտարկել բյուջեի ծախսերի ուղղվածությունն ու տարվա կտրվածքով միջոցների հատկացումները:
Հարգելի գործընկերներ.
2018 թվականի պետական բյուջեի կատարողականի նախնական արդյունքները և կանխատեսումները ցույց են տալիս, որ բյուջեի կատարողականի վրա էական ազդեցություն են գործում և դոմինանտ դերում են հադես գալիս տնտեսության մի քանի ճյուղեր: Մտահոգությունների տեղիք է տալիս հատկապես գյուղատնտեսության բնագավառը, գյուղմթերքների արտադրության ներկայիս պատկերը, փոքր և միջին ձեռներեցության թերզարգացվածության մակարդակը:
Արցախի հիմնահարցը միջազգային բեմահարթակներում առավել արդյունավետ և ազդեցիկ ներկայացնելու համար նպատակահարմար ենք գտնում ընդլայնել այլ երկրներում Արցախի ներկայացուցչությունները և դրանց հատկացվող բյուջետային միջոցները:
Մտորելու տեղիք է տալիս նաև բնակչության քաղաքացիական պաշտպանության ուղղությամբ տարվող քաղաքականությունը, բնագավառում տիրող վիճակը: Թեկուզև կառավարությունը, ընդառաջ գնալով խմբակցության առաջարկությանը, որոշակիորեն բարելավել է հատկացվող գումարի չափը, գտնում ենք, որ այս ուղղությամբ անելիքներ շատ կան: Մենք հույս ունենք, որ առաջիկայում այդ ոլորտում կորդեգրվի նոր քաղաքականություն:
Մեզ անհանգստացնում են նաև կապիտալ շինարարության ուղղությամբ գործադիր իշխանության կողմից ձեռնարկվող քայլերը և տարվող քաղաքականությունը: Առաջարկում ենք հետագա տարիներին առավել շրջվել դեպի գյուղական միջավայրը, առավել աջակցություն ցուցաբերել գյուղին և գյուղացուն:
Կարևորելով Արցախի վարչատարածքային միավորների համաչափ զարգացումը, գտնում ենք, որ միջոցների տրամադրումը ունի ռազմավարական նշանակություն և իր մեջ ներառում է ազգային անվտանգության բաղադրիչ: Ի դեպ, դրան ուղղված քայլերից մեկն էլ պետք է դառնա գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծումը: Նպատակահարմար է 2019թ. ամեն շրջանում ստեղծել մեկ կամ երկու նմանատիպ օրինակներով տնտեսություններ, որոնց դրական փորձը վարակիչ կդառնա նաև մյուսների համար:
Խմբակցությունը մտահոգված է նաև բնապահպանության ներկայիս վիճակով և նպատակահարմար է գտնում բարձրացնել պատկան մարմինների կողմից վերահսկողության գործառույթները:
Անհրաժեշտ է նաև փուլ առ փուլ իրականացնել բնակչության կողմից նախկինում բանկերում դրված ավանդների հետ վերադարձման գործընթացը՝ ՀՀ-ում գործող կարգին համահունչ:
Այս ամենով հանդերձ,
ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը կողմ է քվեարկելու Արցախի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծին և համոզմունք ունի, որ կառավարությունը լրջագույնս կմոտենա նախատեսված ծրագրերի իրականացմանը:
ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցություն
20.12.2018թ.
ք. Ստեփանակերտ