«Գրքի բանկ»-ի միջոցով հավաքված գրքերը հանձնվել են Քաշունիքի դպրոցի գրադարանին
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, փետրվարի 19-ին՝ «Գիրք նվիրելու օրվա» առիթով, ՀՅԴ Արցախի երիտասարդական միության նախաձեռնությամբ և ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության աջակցությամբ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղադրվել է գրքի տաղավար (BookBank), որտեղ հավաքված գրքերը պետք է նվիրաբերվեին Քաշաթաղի շրջանի Քաշունիք գյուղի միջնակարգ դպրոցի գրադարանին:
Մարտի 1-ին ՀՅԴ ԱԵՄ-ի անդամների և ՄԵՀԶ նախարարության աշխատակցի ներկայությամբ բացվել է գրքի տաղավարը, կատարվել հավաքագրված գրքերի հաշվարկ ու դասակարգում:
Ըստ ՀՅԴ ԱԵՄ-ի Վարիչ Մարմնի ներկայացուցիչ Մերուժան Սուլեյմանյանի, 10 օրվա ընթացքում հավաքվել է մոտ 1500 կտոր գիրք, որոնք ունեն մանկական, գեղարվեստական, գիտական բովանդակություն: ՀՅԴ ԱԵՄ-ի ՎՄ ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել բոլոր նվիրատուներին և ՄԵՀԶ նախարարությունը՝ հույս հայտնելով, որ ծրագիրը շարունակական կլինի և դրա միջոցով կհամալրվեն այլ դպրոցների գրադարաններ ևս:
Նվիրաբերված գրքերը հասցեատիրոջն են հասել մարտի 3-ին: Միայն տեսնել էր պետք Քաշունիքի դպրոցականների ոգևորությունը՝ այդչափ նոր գրականություն ստանալուց հետո. աշակերտներից յուրաքանչյուրը գրքերի տրցակների միջից շտապում էր գտնել իր սիրելի գիրքը:
Քաշունիքի դպրոցի գրադանավարուհի Արմենուհի Մովսիսյանը նշել է, որ մինչ համալրումը գրադարանում կար մոտ 600 կտոր գիրք, որի մեծ մասը 2002թ. նվիրաբերել է ՀՅԴ ԱԵՄ-ի Քաշաթաղի մասնաճյուղը, մի մասն էլ ուսուցիչների և բնակիչների անձնական գրքերն են: «Աշակերտները սրտատրոփ սպասում էին գրքերին և հասցրեցի նկատել, որ շատ օգտակար գրականության կա»,- ասել է Արմենուհի Մովսիսյանը՝ ավելացնելով, որ այդքան գրքերի համար նոր գրապահարաններ են անհրաժեշտ լինելու:
Քաշունիքի Գրիգոր Ճաղարյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Սուսաննա Մանուչարյանը նշել է, որ դպրոցը հիմնականում ապահովված է նյութատեխնիկական բազայով, բայց մասնագետների բացակայության պատճառով չեն պարապվում բնագիտական և հումանիտար որոշ առարկաներ: «Քանի որ գյուղում ինտերնետ կապ չկա, դասերի կազմակերպման, տեղեկատվության միակ աղբյուրը գիրքն է»,- տեղեկացրել է տիկին Մանուչարյանը՝ ավելացնելով, որ, ճիշտ է, դպրոցականների թիվը քիչ է, բայց դպրոցի գրադարանից գյուղի բոլոր բնակիչներն էլ օգտվում են: «Այստեղ ինքնակրթությունը միմիայն գրքերի միջոցով է, այնպես որ գրքերն ուղիղ նպատակին են ծառայելու»,- վստահեցրել է դպրոցի տնօրենը՝ շեշտելով ծրագրի դրական կողմերից ևս մեկը՝ ավելի շատ մարդ իմացավ իրենց համայնքի մասին:
Գրքի տաղավարի միջոցով հավաքված գրքերը Քաշունիքի դպրոցի գրադարանին հանձնելու արարողությանը ներկա էին ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Լեռնիկ Հովհաննիսյանը, ՀՅԴ Քաշաթաղի կոմիտեի ներկայացուցիչ Արին Գալստյանը, ԱՀ ՄԵՀԶ նախարարության աշխատակից Վաչիկ Հարությունյանը, ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անդամներ: