Գործն է անմահ
Գլխավոր » Գաղափարական » Գործն է անմահ

Գործն է անմահ

ՙԵթե մարդու կյանքը երբեք չընդհանտվեր, կկորցներ իմաստը: Կյանքը գնահատվում է ոչ թե արած տարիներով, այլ այն գործերով, որ մարդ հասցրել է կատարել՚: Այս տողերն են գրված դաշնակցական ազատամարտիկ Հայկ Հակոբյանի` հայրենիքին նվիրված ստեղծագործությունների տետրի առաջին էջում: Իր ապրած 26 տարիների գործերն այնքան շատ են, որ բազմաթիվ սերունդներ դեռ պիտի հպարտությամբ հիշեն:

 

 

Այս տարի լրանում է Արցախյան շարժման 25-ամյակը, շարժում, որը համախմբեց համայն հայությանը, որի շնորհիվ ազատագրեցինք մեր պատմական հայրենիքի մի փոքր մասը, ի շնորհիվ նվիրյալների, որոնք ոչինչ` նույնիսկ իրենց կյանքը չխնայեցին հանուն այդ սուրբ գործի:

 

 

Այդպիսի մի նվիրյալ էր Հայկ Հակոբյանը: Հայկը ծնվել է Մարտունու շրջանի Սոս գյուղում: Ավարտել է Սոսի միջնակարգ դպրոցը: Օժտված էր արտակարգ ընդունակություններով` ուսման գերազանցիկ էր, հոյակապ շախմատ էր խաղում, բռնցքամարտ էր պարապում` 74 կիլոգրամ քաշային կարգում չեմպիոն էր: Դպրոցական տարիներին իրեն նվիրեց շարժմանը` ընկերներով ինքնաշեն զենք էին պատրաստում եւ փորձարկում Սոսի անտառներում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեց Երեւանի իրավաբանական ինստիտուտի քրեական հետախուզության բաժինը: Երեւանում էլ, կամավորագրվելով Երկրապահների ջոկատին, հայտնվում է Գետաշենում, Մարտունաշենում, Շահումյանում: Այնուհետեւ վերադառնում է հայրենի գյուղ եւ միանում ընկերների ստեղծած ինքնապաշտպանական ջոկատին: Ազատ ժամերին իր շուրջն էր համախմբում նախազորակոչային տարիքի պատանիներին եւ նրանց սովորեցնում զենք գործածելը, փոխանցում իր փորձը: Նրանք հայրենի` Ամարասի ձորակի պաշտպանությունից բացի նաեւ օգնության հասան մարտակերտցիներին:

 

 

1993-ի մարտ ամսին Մարտակերտի ՙՊուշկեն Յալը՚ գրավելու ռազմական գործողություններում վիրավորվում է եւ ուժեղ ցնցումներով տեղափոխվում հիվանդանոց: Ահա թե ինչ է պատմում նրա մայր տիկին Ռազմելան այդ օրերի մասին.
ՙԶանգեցին, ասացին` թող Հայկի հայրը մեքենա վերցնի, գա Մարտակերտ: Աստված իմ, մտածեցինք, որ տղաս զոհվել է: Մեր տուն հավաքվեց ամբողջ գյուղը, հարեւան գյուղերից` ով որ Հայկին գիտեր: Ամուսինս Հայկի մտերիմ դասընկերոջ Ռոբերտի հոր հետ գնաց Մարտակերտ: Պարզվեց` իրականում Ռոբերտն էր զոհվել, իսկ Հայկը ցնցումների մեջ անվերջ Ռոբերտի անունն էր կանչում՚:

 

 

Մի քանի օր հիվանդանոցում նրան խնամելուց հետո նա մորը պահանջում է հետ գյուղ գնալ` ասելով, որ արդեն խնամքի կարիք չունի, իրեն լավ է զգում:
ՙԻնձ բեռնատար մեքենայով տուն ուղարկեց: Ես մինչեւ գյուղ կհասնեմ, լուրն արդեն տարածվել էր, որ Հայկը վիրակապը գլխին հասել է Ներքին Դիվանլար, Ղաջար գյուղերի ազատագրմանը մասնակցելու,-ասաց տիկին Ռազմելան՚:

 

 

1994 թվականի հունվարի 13-ին Սիփան-12 մարտական դիրքում մեր զորախմբի թիկունքը թափանցել ցանկացող թշնամու մեծաթիվ դիվերսիոն խմբավորումը ոչնչացնելու ժամանակ Հայկը վիրավորվում է պայթյունից` բեկորը մխրճվում է նրա սրտի փորոք: 4 ամիս Երեւանում բուժվելուց հետո, նորից կիսատ թողնելով բուժումը` վերադառնում է Արցախ: 1994-ին պարգեւատրվում է ՙՄարտական խաչ՚ երկրորդ աստիճանի շքանշանով:
Իր իսկ առողջության նկատմամբ անփույթ էր, սակայն մարտի դաշտում հաճախ ինքն էր առաջին բուժօգնություն ցույց տալիս: Այդ ժամանակ էլ իր մարտական ընկերները Հայկին երգ ձոնեցին.

 

 

Ելիր, Հայկ, ելիր քաջարի,
Ու մեզ վրա սփռիր հայացքդ բարի,
Անթիվ սխրանքներդ, խիզախ լինելդ,
Ուղեցույց են մեզ համար մինչեւ քո գալդ…

 

 

1994-ին Հայկին նշանակում են 5-րդ հրաձգային գումարտակի հրամանատար` արդեն կապիտնի ուսադիրներով:
1996-ի մարտին նա նորից վիարվորվում է, այս անգամ` ծնկից վեր, ազդրային մասից: Առավել ծանր էր տանում մարտական ընկերների կորուստը: Հաճախակի էր այդ պահերն իր մտքերը թղթին հանձնում.

 

 

Ամեն զոհ հողում դնելով,
Մեր արմատը խորանում է
Մեր պարտքը շատանում…

 

1997-ի մայիսին նրան նշանակում են Մարտունու շրջանի 2-րդ պաշտպանական գնդի ռազմական գծով հրամանատարի տեղակալ: Նոյեմբերին պարգեւատրվում է ՙԲաղրամյան 100՚ հուշամեդալով:

 

 

1998 թվականի հոկտեմբերի 11-ին մարտական առաջադրանք կատարելու ժամանակ, ականի պայթյունից կտրվում է նրա կյանքի թելը. նա ընդամենը 26 տարեկան էր:
Մարտի 13-ին Սոսի միջնակարգ դպրոցում, որը ազատամարտիկ Հայկ Հակոբյանի անուն է կրում, նշեցին նրա ծննդյան 40-ամյակը: Հավաքվել էին Հայկի մարտական ընկերները, համագյուղացիները, դպրոցականները, Հայկին նվիրված երգեր ու բանաստեղծություններ էին հնչեցնում:

 

 

Աշակերտներին Հայկի մայրը` տիկին Ռազմելան կոչ արեց Հայկի նմանների գործը չմոռանալ ու պատվով շարունակել նրանց գործը.
ՙՄեր պայքարը դեռ չի ավարտվել, մեր` հայկական հարցը դեռ վերջնական լուծում պիտի ստանա, զգո’ն եղիր, պատրա’ստ եղիր, հա’յ երիտասարդ՚,- կոչ արեց տիկին Ռազմելան:
Հայկը շատ էր կապված դպրոցի հետ, եւ երբ պատերազմի ժամանակ մարդիկ ավար էին բերում, նա գրքեր, գրենական պիտույքներ, կավիճ էր հայթայթում գյուղի դպրոցի համար:
ՙՍոսի միջնակարգ դպրոցը, որ 100-ամյա պատմություն ունի, կոչվում է նրա անունով: Սա լավագույն հիշատակն է, որ մարդ կարող է թողել: Նրա զոհվելուց հետո գյուղում ծնված տղա երեխաներին Հայկ էին կոչում, Հայկերը պետք է շարունակողը լինեն հերոս Հայկի թողած գործը՚,- նշեց Սոսի Հայկ Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Մանուշ Վանյանը:

 

 

Արմինե ՆԱՐԻՆՅԱՆ

 

1