Գոլանի բարձունքներ. Սկզբունքների փոփոխությո՞ւն, թե՞ բացառիկ արտոնություն
Գլխավոր » Լրահոս » Գոլանի բարձունքներ. Սկզբունքների փոփոխությո՞ւն, թե՞ բացառիկ արտոնություն

Գոլանի բարձունքներ. Սկզբունքների փոփոխությո՞ւն, թե՞ բացառիկ արտոնություն

Ինչո՞վ էր պայմանավորված Գոլանի բարձունքների վերաբերյալ վերջին աղմուկը

1800 քառ. Կմ մակերեսով այս տարածքը, որի 1200 քառ. Կմ վերահսկվում է Իսրայելի, իսկ 600 քառ. Կմ՝ Սիրիայի զինված ուժերի կողմից, կռվախնձոր է հանդիսանում Իսրայելի և Սիրիայի միջև: Նշված տարածքի նկատմամբ հետաքրքրությունը մեծացավ, երբ 2019թ. Մարտի 25-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց հրամանագիր՝ Միացյալ Նահանգների կողմից ճանաչելով Գոլանի բարձունքների հանդեպ Իսրայելի ինքնիշխան իրավունքները: Մինչ այդ, ԱՄՆ նախագահը Twitter-ի իր էջում արված գրառման մեջ նշել է, որ եկել է Գոլանի բարձունքները որպես Իսրայելի անբաժան մաս ճանաչելու պահը: «52 տարի անց եկել է այն պահը, երբ Միացյալ Նահանգները պետք է ամբողջությամբ ճանաչի Իսրայելի ինքնիշխան իրավունքները Գոլանի բարձունքների հանդեպ: Ռազմավարական և անվտանգության տեսանկյունից դա խիստ կարևոր նշանակություն ունի Իսրայելի պետության և տարածաշրջանային կայունության պահպանման համար», — գրել է Թրամփը:

Հրամանագրի ստորագրմանը նախորդած կարճատև ասուլիսի ընթացքում Սպիտակ տան ղեկավարը պնդում էր, որ այս քայլով Վաշինգտոնը ցանկանում է ամրապնդել հրեական պետության պաշտպանունակությունը:

«Միացյալ Նահանգները ճանաչում է ինքնապաշտպանության բացարձակ իրավունքը, որով օժտված է Իսրայելը: Այժմ ես դիմում եմ պատմական մի քայլի, որն էլ ավելի կամրապնդի այդ երկրի պաշտպանունակությունը, հնարավորություն կտա ավելի հզոր ազգային անվտանգություն կերտել, անվտանգություն, որի իրավունքը Իսրայելը միանշանակ ունի»,- հայտարարել էր Թրամփը՝ պնդելով, թե միջազգայնորեն Սիրիայի անբաժան մաս համարվող Գոլանի բարձունքների հանդեպ Իսրայելի ինքնիշխանության ճանաչումը նախևառաջ զսպելու է Իրանի գործողությունները. «Այսօր Իրանի, հարավային Սիրիայում գործող ահաբեկչական կառույցների, այդ թվում՝ «Հեզբոլայի» նախահարձակ գործողությունների ֆոնին Գոլանի բարձունքները կարող են Իսրայելի դեմ հնարավոր կատաղի հարձակման պլացդարմ հանդիսանալ»:

«Պարոն նախագահ, տարիներ շարունակ Իսրայելը Օվալաձև կաբինետում բազմաթիվ բարեկամներ ունենալու բարեբախտությունն ուներ: Ձեզ նման բարեկամ, սակայն, Իսրայելը երբեք չի ունեցել», — դիմելով Դոնալդ Թրամփին՝ ասել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն:

Սիրիայի ԱԳՆ-ն վճռականորեն դատապարտել է Թրամփի հայտարարությունը՝ նշելով, որ ԱՄՆ նախագահի խոսքերն «անպատասխանատու են»:

«ԱՄՆ-ն իր հեգեմոնիայի և մեծամտության քաղաքականության հետ դարձել է միջազգային հարթակում լարվածության և միջազգային խաղաղության ու կայունության համար սպառնալիքի գլխավոր գործոնը»,- ասվում է տեքստում:

«Այս որոշումը որևէ հետևանք չի ունենա: Այն հանգեցնելու է Ամերիկայի մեկուսացմանը: Գոլանի բարձունքների հարցում Թրամփը որևէ բան չի կարող անել: Կարևոր չէ, թե քանի տարի է անցել: Իրողությունը մեկն է` Գոլանի բարձունքները Սիրիային պատկանող օկուպացված տարածքներ են», — հայտարարել է Սիրիայի արտաքին գործերի նախարար Վալիդ ալ Մուալեմը:

Ռուսաստանի իշխանությունները ևս խստորեն քննադատել են Գոլանի բարձունքների հանդեպ իսրայելական գերիշխանությունը ճանաչելու Սպիտակ տան որոշումը: «Նման որոշումը միանշանակ բացասական հետևանքներ ունի թե՛ մերձավորարևելյան, թե՛ Սիրիայում ընդհանուր քաղաքական կարգավորման մթնոլորտի տեսանկյունից: Որևէ մեկը դրանում կասկած չունի: Սա Վաշինգտոնի հերթական քայլն էր, որն աներկբայորեն խախտեց միջազգային իրավունքի նորմերը։ Մենք խորապես ցավում ենք դրա համար»,- պատասխանելով մոսկվացի լրագրողների հարցերին՝ նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Նախագահ Թրամփի որոշումը դատապարտել են նաև Իրանը, Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Կատարը, Քուվեյթը եւ բազմաթիվ այլ երկրներ:

Ի՞նչ պատմական անցյալ ունի վիճելի դարձած այս տարածքը

Գոլանի բարձունքները Սիրիայի հարավ-արևմուտքում գտնվող քարքարոտ տարածք է: Անվանումն առաջացել է Աստվածաշնչում հիշատակվող Գոլան քաղաքից, որտեղ, ըստ քրիստոնեական աղբյուրների, ապաստան են գտել չկանխամտածված սպանություն կատարածները, որոնք թաքնվել են արյան վրեժից: Հստակ հայտնի չէ, թե աշխարհագրական առումով որտեղ է գտնվում Գոլանը: Նաև շատ վարկածներ կան անվանման բացատրության առումով, այն կարող էր ծագել արաբական «շրջել» բառից կամ եբրայերենից թարգմանաբար նշանակել «լճակ» կամ «սահմանաքար»:

Օսմանյան կայսրության ժամանակներում Գոլանի բարձունքներն ընդգրկված էին Պաղեստինի վիլայեթի կազմում, այնուհետև՝ Պաղեստինում բրիտանական մանդատի կազմում, իսկ 1923թ. փոխանցվեցին Սիրիայում և Լիբանանում ֆրանսիական մանդատին: 1944-1967 թթ. Սիրիայի Արաբական Հանրապետության 14 մարզերից մեկի՝ Ալ- Կունեյտրայի մարզի մասն էր: Այն գրեթե ամբողջությամբ զբաղեցնում է այս մարզի տարածքը։

Ինչպե՞ս Գոլանը անցավ Իսրայելի վերահսկողության տակ

Գոլանի բարձունքների արևմտյան մասը (2/3-ը) 1967թ. վեցօրյա պատերազմի ժամանակ բռնազավթվեց Իսրայելի կողմից: 1973 թվականին Արաբա-իսրայելական չորրորդ՝ Ահեղ Դատաստանի օրվա պատերազմում նրա մի մասը հետ է վերցվել Սիրիայի կողմից, մյուս մասում հաստատվել է ՄԱԿ-ի խաղաղապահ զորքերի վերահսկողությունը։ 1981 թվականին Իսրայելը դարձյալ անեքսիայի է ենթարկել բարձունքը, սակայն անեքսիան չի ճանաչել համաշխարհային ոչ մի միավորում։ Փաստորեն ԱՄՆ-ն դարձավ միակ երկիրը, որը ճանաչել է Իսրայելի գերիշխանությունը Գոլանի բարձունքների նկատմամբ:

1981թ. Իսրայելի Քնեսեթն ընդունեց «Գոլանի բարձունքների մասին» օրենքը, որով միակողմանիորեն հռչակեց Իսրայելի ինքնիշխանությունն այդ տարածքի նկատմամբ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 1981թ. դեկտեմբերի 17-ի թիվ 497 բանաձևով հայտարարել է, որ «օկուպացված սիրիական Գոլանի բարձունքների հանդեպ իր օրենքները, իրավասությունները և վարչարարությունը պարտադրելու Իսրայելի որոշումը անօրինական է և միջազգային իրավական հետեւանքներ չունի»։

2011-2018թթ. քաղաքացիական պատերազմի ժամանակ Ալ- Կունեյտրան համարյա լրիվությամբ գրավվել է ապստամբների և մոջահեդների կողմից: Միայն 2018թ. ամռանը Սիրիական բանակը կարողացավ տարածաշրջանից հեռացնել զինյալների մեծ մասին:

Գոլանի բարձունքներում բնակվում են մոտ 40.000 մարդ. Մոտավոր կեսը հրեաներ են, մնացածները՝ դրուզներ ու փոքր քանակությամբ ալավիտներ (դրուզները արաբական ժողովուրդ են, հետևում են իսլամի ուղղություններից մեկին, իսկ ալավիտները իսլամի դավանաբանական խմբերից են):

Ռազմավարական ի՞նչ նշանակություն ունեն Գոլանի բարձունքները

Գոլանի բարձունքներն ունեն կարևոր ռազմավարական նշանակություն: Դրանց տիրելը նշանակում է վերահսկել Լիբանանի, Սիրիայի և Իսրայելի տարածքի զգալի մասի վրա:

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսից Գոլանը գտնվում է ընդամենը 60 կմ հեռավորության վրա, որը հնարավորություն է տալիս իսրայելական զինված ուժերին վերահսկել սիրիական տարածքում կատարվող ռազմական տեղաշարժերը:

Գոլանի ռազմական և ստատեգիական նշանակությունը ընդգծվել է Սիրիայի քաղաքացիական պատերազմի տարիներին, որի ընթացքում Իրանը և լիբանանյան «Հեզբոլայի» նրա դաշնակիցները գործում էին Իսրայելի տարածքի անմիջական հարևանությամբ: Սա իսրայելական կողմի համար ևս մեկ փաստարկ է, որ Գոլանը անվտանգության գոտի է:

Գոլանի բարձունքներում են գտնվում նաև Իսրայելի խմելու ջրի պաշարների հիմնական մասը, որտեղից հոսող ջրերը հանդիսանում են երկրի ջրամատակարարման գլխավոր աղբյուրները: Գոլանում զարգացած են գյուղատնտեսությունը և հատկապես խաղողագործությունը: Այստեղ է տեղակայված նաև երկրի միակ լեռնադահուկային հանգստավայրը:

Ի՞նչ կարելի է եզրակացնել

Մասնագետները Գոլանի բարձունքների հարցը համարում են երկակի ստանդարտների ակնառու օրինակ:

Մյուս մասն էլ այն համարում է «տարածքներ խաղաղության դիմաց սկզբունքի» տապալում, քանի որ այդ սկզբունքը շրջանառության մեջ էր դրվել իսրայելա-սիրիական բանակցությունների ընթացքում: 20 տարիների ընթացքում իսրայելական կառավարությունը գաղտնի բանակցություններ էր վարում Դամասկոսի հետ՝ ձգտելով պայմանավորվել խաղաղ համաձայնագրի շուրջ, որն իր մեջ ներառում էր նաև տարածքային փոխզիջում: Այդպիսի բանակցութուններ էր վարում նաև Նեթանյահուի կառավարությունը, որոնք ավարտվեցին 2011թ. քաղաքացիական պատերազմի պատճառով: Սիրիայում սկսված քաղաքացիական պատերազմի տարիներին Իսրայելի կառավարության դիրքորոշումը փոխվեց:

Փաստն այն է, որ ԱՄՆ-ի կողմից Գոլանի բարձունքների՝ որպես Իսրայելի անբաժան մաս ճանաչումով լեգիտիմացվել են 1967թ. պատերազմի արդյունքները և նախապատվությունը տրվել է բնակչության անվտանգության սկզբունքին:

Իսկ ինչ վերաբերում է Գոլանի բարձունքները և Արցախի հարցը նույնացնելու փորձեին, ապա այդ հարցին պետք է շատ զգուշությամբ մոտենալ: Ինչպես նշել է «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը Գոլանի բարձունքներն իսրայելական տարածք համարելու` ԱՄՆ նախագահի հայտարարությունը պետք է ընկալել իսրայելամետ իրարահաջորդ շղթայական ելույթների տրամաբանությամբ՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու, ամերիկյան դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ փոխադրելու, քաղաքական դիրքորոշումների փոխկապակցված օղակների տեսանելիությամբ։

«Հայկական առումով համեմատական վերլուծաբանության ընթացքում ելակետ պետք է նկատել այս դեպքում ոչ թե գրավված տարածք կամ վերահսկվող տարածք իրավաքաղաքական եզրույթների փոփոխությունը, կամ պատերազմի հետեւանքով  իբրեւ անվտանգության երաշխիք ստեղծված իրավիճակի նվիրականացումը, այլ պատմական հիմնավորումներով պատկանելության սկզբունքը։ Ավելի պարզ բացատրությամբ` Գոլանը գրավվել է Իսրայելի կողմից եւ ոչ թե ազատագրվել` նկատի ունենալով պատմական առումով նրա պատկանելությունը Սիրիային։ Համեմատական տրամաբանությունն ուրեմն այլ ուղղությամբ պետք է աշխատի։ Գոլանի գրավումը կարելի է համեմատել Արծվաշենի կամ, ընդհանրապես, Ադրբեջանի կողմից Հյուսիսային Արցախի գրավման հետ»,- հոդվածում նշել է Շահան Գանտահարյանը։

Տաթեւիկ Աղաջանյան

1