Գյուղի բոլոր տղամարդկանց թուրքերը սպանել են, իսկ մնացած բնակչությանը տեղահանել
Գլխավոր » Հասարակական » Գյուղի բոլոր տղամարդկանց թուրքերը սպանել են, իսկ մնացած բնակչությանը տեղահանել

Գյուղի բոլոր տղամարդկանց թուրքերը սպանել են, իսկ մնացած բնակչությանը տեղահանել

Մարգարիտ Տեր Կարապետյանի վկայությունը

1915 թ., Խուլագյուղ

Ցեղասպանության ականատես Մարգարիտ Տեր Կարապետյանն իր հուշերում պատմել է, որ Խուլագյուղի բոլոր տղամարդկանց թուրքերը սպանել են, իսկ մնացած բնակչությանը 1915-ի հունիսին տեղահանել: Մարգարիտը չորս աղջիկ ուներ և հղի էր։ Նրա ամուսնուն տարել էին գյուղի մյուս տղամարդկանց հետ: Աղջիկներից 3-ը մահանում են աքսորի ճանապարհին, իսկ մեկին էլ թուրքերը խլում են ու վաճառում արաբներին: Մարգարիտն անապատում ծննդաբերում է՝ ունենալով տղա երեխա, որը սակայն մի քանի ժամ անց մահանում է…

 

Խուլագիւղի բռնագաղթէն ամիսներ առաջ էրզրումցի հաճի Պալօշենց Մեհմէտ աղան յաճախ գիւղ կու գայ եւ հայոց կը սպառնայ, թէ գիւղը աւերակ պիտի դարձնէ։

 

Խուլագիւղի տղամարդիկը կը սպաննեն, իսկ մնացեալ բնակչութիւնը յունիս 1915-ին տեղահան կ՚ընեն։ Մարգարիտ չորս աղջիկներ ունէր եւ յղի էր։ Ամուսինը տղամարդոց հետ տարուած էր։ Կը հասնին Բազմաշէն։ Այստեղի ժողովուրդը կը միացնեն կարաւանին, որուն հետ քալող բոլոր ծերերը թուրքերը կացնահար կ՚ընեն եւ անոնց միսով ապուր կ՚եփեն տարագրեալներուն աչքերուն առջեւ։ Մարգարիտ կը կորսնցնէ իր երկու տարեկան աղջիկը։ Ուրիշ օր մը կը կորսնցնէ երկրորդ զաւակը։ Երրորդը զոհ կ՚երթայ գիշերուան մը ահաբեկումին։

 

Կը հասնին անապատները։ Հոս կը ծննդաբերէ արու զաւակ մը, որ քանի մը ժամ ետք կը մեռնի։ Կը մնան 50-ի չափ կիներ անապատին մէջ։ Օր մը թուրքերը իրենց վրան կը յարձակին եւ հորին մէջ կը լեցընեն զիրենք։ Մարգարիտ ողջ մնացած իր վերջին դստեր եւ ուրիշներու հետ փախուստ կու տայ։ Ան կը յիշէ բազմաշէնցի հերոս Գեւօն, որ թուրքի մը ձեռքէն կը խլէ լախտը եւ քանի մը վայրագ ոռւրքեր կը սպաննէ արագ շարժումներով։

 

Մարգարիտ իր դստեր հետ կը հասնի Եդեսիա։ Հոս թուրք ոստիկաններ իրմէ կը խլեն իր դուստրը եւ արաբներու կը ծախեն։

 

Եդեսիոյ մէջ Մարգարիտ ականատես կ՚ըլլայ Տիգրան անունով հայ ատամնաբոյժի մը կախաղան հանելուն։ Թուրք պաշտօնեայի մը կինը զինք իր տունը կը տանի որպէս սպասուհի։ Հոս ան երեք տարի չարաչար կը ծառայէ։ Զինադադարին՝ 1918ին, կը փախչի Պոլիս։

 

Մեծ Եղեռնի պատասխանատուներու դատավարութեան ընթացքին, Մարգարիտ իր վկայութիւնը կու տայ Խարբերդի երկու դահիճներուն դէմ։ Քաղաքի գայմագամ Ասիմ պէյ եւ էրզրումցի Մեհմէտ պէյ երկուքն ալ կ՚աքսորուին Մալթա կղզին։

 

1922-ին Մարգարիտ Ամերիկա կ՚երթայ եւ կ՚ամուսնանայ համագիւղացի Կարապետ Տէր Կարապետեանի հետ։

 

Վահէ Հայկ, «Խարբերդ Եւ Անոր Ոսկեղէն Դաշտը – Յուշամատեան Պատմական, Մշակութային Եւ Ազգագրական», Նիւ Եորք, 1959, 1500 էջ:

 

Քանի մը գազանային էջեր – Տիկ. Մարգարիտ Տէր Կարապետեան (նախկին Գինոսեան) կը պատմէ, էջ 1451 – 1453:

 

Աղբյուրը՝  http://armeniangenocide100.org/


1