Գլենդելում ապրիլը հռչակվել է «Հայոց ցեղասպանության հիշատակման» ամիս

Գլենդելի քաղաքական խորհրդի անդամները, քաղաքապետ Զարեհ Սինանյանի գլխավորությամբ, միաձայն ընդունել են հռչակագիր՝ ապրիլը հայտարարելով «Հայոց ցեղասապության հիշատակման» ամիս.տեղեկացնում է Asbarez-ը: Խորհրդի անդամները համայնքին հրավիրել են մասնակցելու Ցեղասպաոնւթյան մասին իրազեկող մի շարք միջոցառումների, որոնք տեղի են ունենալու «հիշողության շաբաթվա» շրջանակներում:
Մարտի 10-ին կայացած քաղաքական խորհրդի նիստում Սինանյանն ընթերցել է հռչակագիրը, որտեղ ասվում է՝ «Քանի որ, Գլենդելը Միացեալ Նահանգներում ամերիկահայերի ամենամեծ համայնքը ներկայացնող քաղաքն է, եւ Հայաստանից դուրս հայ ժողովրդի համար հայկական մշակութային կենտրոններից: Քանի որ հայ համայնքը մեծապէս մասնակցել է քաղաքի զարգացմանը եւ զգալի ներդրում ունեցել մասնագիտական տարբեր ոլորտներում: Քանի որ, Գլենդելի հայկական ծագում ունեցող բնակիչներից շատերը կորցրել են ընտանիքի շատ անդամների, իրենց կարողութիւնն ու ժառանգութիւնը 1915-1923թթ.-ի Հայոց Ցեղասպանութեան ժամանակ, եւ շուրջ 1.5 միլիոն հայեր կոտորուել եւ տեղահանուել են իրենց հայրենի հողից, իսկ վերապրածները հեռացել են: Քանի որ, Թուրքիայի Հանրապետութիւնը, որ Օսմանեան կայսրութեան հետեւորդն է, իրականացնում է Ցեղասպանութեան հերքման ակտիւ արշաւ՝ մերժելով մարդկութեան դէմ իրականացրած սոսկալի յանցագործութիւնն ու փորձում է ջնջել այդ մասին յիշողութիւնն իրենց պատմութիւնից:
Քանի որ, 2015թ.ը նշանաւորում է Հայոց Ցեղասպանութեան հարիւրամեակը եւ տարելից է նրանց համար, ովքեր թէեւ փրկուելով, պէտք է կրէին իրենց սիրելիների կորուստը Սիրիայի անապատներում, Արեւմտեան Հայաստանում հայկական անհաշիւ քաղաքներում ու գիւղերում: Մենք գնահատում ենք համայնքի կամաւորների ջանքերը՝ կազմակերպելու «Յիշողութեան շաբաթ», որի ընթացքում տարբեր ձեռնարկների միջոցով յիշատակելու եւ ճանաչելու ենք Ապրիլի 24-ը որպէս Հայոց Ցեղասպանութեան օր: Մենք յորդորում ենք Վաշինգտոնում մեր ներկայացուցիչներին եւ ընտրուած պաշտօնեաներին եւս հետեւել մեր օրինակին»:
Քաղաքական խորհրդի անդամներն իրենց խոսքում նշել են, որ Թուրքիան վաղ թե ուշ պիտի ճանաչի Հայոց ցեղասպանությունը, միաժամանակ ողջունելով հայ համայնքի ջանքերը՝ Ցեղասպանության և դրա հետևանքների մասին Գլենդելի բոլոր բնակիչներին իրազեկելու հարցում: Հռչակագրի և համապատասխան բանաձևի ընդունման համար քաղաքական խորհրդին իրենց երախտագիտությունն են հայտնել Հայոց ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչման հանձնախմբի համանախագահներ Կարո Ղազարյանն ու Թալին Յաքուբյանը:
Հայ Դատի Արևմտյան շրջանի գրասենյակի տնօրեն Էլեն Ասատրյանը ևս շնորհակալություն է հայտնել քաղաքական խորհրդին և ընդգծել այն հանգամանքը, թե Գլենդելը ԱՄՆ-ում միակ քաղաքն է, որ «հիշատակի շաբաթ» է անցկացնում՝ քաղաքացիներին իրազեկելով Հայոց ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած ողբերգությունների մասին: Հայ Դատի հանձնախմբի Գլենդելի մասնաճյուղի հանրային կապերի համակարգող Տիգրանա Զաքարյանն էլ ընդգծել է, որ առաջին անգամ Գլենդելի քաղաքական խորհրդի բանաձեւում կոչ է արվում նաեւ ԱՄՆ նախագահին ու Կոնգրեսի անդամներին՝ ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: