Գալիքին ընդառաջ՝ գալիքի գիտակցումով
Յուրաքանչյուր տարեվերջ անցնող տարվա ամփոփագիրն է, քանզի, որպես կանոն, ի մի են բերվում անցած տարվա հաջողություններն ու ձախողումները, կատարված աշխատանքներն ու այդ աշխատանքներից քաղված արդյունքները: Յուրաքանչյուր անցնող տարում, ինչպես միշտ, մի բան մնում է թերի կամ անկատար, որի ավարտն ակնակալվում է գալիք տարում: Այստեղ կարևորը նպատակասլացությունն է:
Թե ինչպիսինն էր տարին Արցախի համար և ինչ սպասել գալիք տարուց՝ կարևոր է յուրաքանչյուրիս համար, քանզի յուրաքանչյուրս պարտավոր ենք հետաքրքրված ու շահագրգիռ լինել Արցախի խնդիրներով, ձեռքբերումներով ու զարգացման հեռանկարներով:
Անշուշտ, երկրում զգալի աշխատանքներ կատարվեցին տնտեսական, հատկապես՝ թեթև արդյունաբերության, ենթակառուցվածքների, առողջապահության և մի շարք այլ բնագավառներում, ինչն, իհարկե, ողջունելի է, սակայն այս ամենն ակնկալում է շոշափելի շարունակություն, հետևողական աշխատանքներ ու նոր ձեռքբերումներ, մանավանդ, որ գալիք տարին արդեն իսկ ունի իր մարտահրավերները:
2015-ն իր հետ բերում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Մի թիվ, որ խոսում է հարյուրամյա ոճրագործության անպատժելիության, ուստի եւ՝ նորանոր ոճրագործությունների հավանականության մասին: Գաղտնիք չէ, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում հսկայածավալ աշխատանքներ են կատարում ՀՅԴ Հայ Դատի գրասենյակները, որոնց օրակարգային հարցն է ոչ միայն Ցեղասպանության ճանաչումը, այլ դրանից բխող հատուցման պահանջը:
Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում պահանջվում է համախմբվածություն ու միասնական պայքար՝ անկախ քաղաքական հայացքներից ու կողմնորոշումներից: Սա ամեն մի հայի խնդիրն է, և հարցի հաջող լուծման առաջին իսկ նախապայմանը մեր՝Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունն է: Սա է աշխարհին ներկայանալու մեր անքակտելի միասնությունը, իսկ միասնությունը միշտ էլ հաղթանակ է ծնել:
2014-ին ՀՅ Դաշնակցությունը դարձավ 124 տարեկան. տարիներ, որոնք խոսում են հայոց ավանդական կուսակցության ամուր հիմքերի ու ամուր գաղափարախոսության մասին: Տարիներ, որ վաստակ են բնորոշում, իրականացված աշխատանքների անհաշվելի հանրագումար, աշխատանքներ, որոնց ակունքը միշտ եղել ու մնում է հայ ժողովրդի բարօրությունը:
Ժամանակակից քաղաքական ու տնտեսական խմորումներում Դաշնակցության որդեգրած ուղեծիրը երբեք չի շեղվել: Այն միշտ տարել է դեպի համահայկական նպատակ, դեպի միասնական հայրենիք ստեղծելու և այդ հայրենիքում արժանավայել ապրելու հանգրվան:
Անուրանալի է ՀՅԴ դերակատարությունը Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման և, առհասարակ, Արցախն աշխարհին ներկայացնելու գործում: Այս հարցը ՀՅ Դաշնակցության օրակարգային հարցերից է, նրա հայրենանպաստ աշխատանքների բաղկացուցիչ ու անտարանջատելի մասը: Այս առումով՝ գալիք տարում շատ ու շատ աշխատանքներ են սպասվում, և, անշուշտ, ունենք շոշափելի արդյունքի ակնկալիք:
Թող 2015 թվականը հայության համար ձեռքբերումների մի նոր էջ բացի և յուրաքանչյուր ազգանպաստ մտահղացում, ծրագիր կամ գաղափար իրականություն դառնա: Միասնական լինենք գալիքին ընդառաջ քայլելիս:
Ապառաժի ԽՄԲԱԳՐԱԿԱՆ
2014թ. դեկտեմբերի 31