Բեկորը կդառնար 56 տարեկան
Հոկտեմբերի 6-ին ազգային հերոս Աշոտ Ղուլյանը (Բեկոր) կդառնար 56 տարեկան: Այսօր Ստեփանակերտի՝ իր անունը կրող պուրակում հավաքվել էին Բեկորի մարտական, կուսակցական ընկերները, ընտանիքի անդամները, Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի անվան դպրոցի սաներ, զինվորներ՝ հարգանքի տուրք մատուցելու, ծաղիկներ դնելու նրա հուշարձանին ու եւս մեկ անգամ հիշելու ազգային հերոսին:
Բեկորը մասնակցել է Ղարաբաղում մղված մարտերից շատերին` Ասկերան, Հադրութ, Շահումյան, Կրկժան, Վերին Շեն, Բուզլուխ, Մանաշիդ, Մալիբեյլու, Խոջալու, Լեսնոյ, Քարինտակ, Շուշի, Լաչին, Մարտակերտ, Կուսապատ, Մաղավուզ, Սրխավենդ, Բաշ-Գյունեփայա, Օրթա-Գյունեփայա, Դրմբոն… Նրա հրամանատարությամբ բազմաթիվ բնակավայրեր են ազատագրվել:
1992-ին Շուշիի ռազմական գործողության ժամանակ առաջին վաշտը Բեկորի գլխավորությամբ առաջինն է մտել քաղաք: Ասում են, որ մայիսի 8-ի առավոտյան ժամը 6:30-ին Աշոտը հեռակապով կապվում է Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) հետ` Կենտրոնական շտաբ, և հաղորդում, որ հայտնեն ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատարին, որ ինքը նստած է Շուշիի բերդի պատին ու սպասում է տղաների բարձրանալուն: «Մինչև մի քանի րոպեն մտնում եմ քաղաք”,- ավելացրել էր Բեկորը:
1992 թ. օգոստոսի 24-ին Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի ազատագրման համար մղված մարտը վերջինը եղավ Բեկորի համար:
1993 թ. Աշոտ Ղուլյանը հետմահու արժանացել է ԼՂՀ «Մարտական խաչ” առաջին աստիճանի շքանշանի: 1999 թ. ԼՂՀ նախագահի հրամանագրով արժանացել է «Արցախի հերոս” բարձրագույն կոչմանը, պարգևատրվել «Ոսկե արծիվ” շքանշանով: 2002 թ. արժանացել է «Շուշիի ազատագրում” շքանշանի: Նրա անունով է կոչվում Շուշիի փողոցներից մեկը, ինչպես նաև Կենտրոնական պաշտպանական շրջանի առաջին մոտոհրաձգային զումարտակը։