Բառերի հետևում կարող են վտանգավոր գործընթացներ թաքնված լինել
Գլխավոր » Լրահոս » Բառերի հետևում կարող են վտանգավոր գործընթացներ թաքնված լինել

Բառերի հետևում կարող են վտանգավոր գործընթացներ թաքնված լինել

«factor.am-ի հարցազրույցը ՀՅԴ Բյուրոյի նորընտիր անդամ Արսեն Համբարձումյանի հետ 

– 19 տարի Հրանտ Մարգարյանը եղավ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը և որոշեց այս անգամ չառաջադրվել: Ո՞րն էր խնդիրը, Հայաստանի ներքաղաքական իրադարձություննե՞րն էին պատճառը, ի՞նչ դժգոհություն կար Դաշնակցությունում նրա նկատմամբ: 

– Դաշնակցությունում, որպես այդպիսին, Հրանտ Մարգարյանի ծավալած գործունեության նկատմամբ որևէ դժգոհություն չեմ կարող արձանագրել: Ճիշտ հակառակը: Ցավով պիտի արձանագրեմ, որ Հրանտ Մարգարյանը նման որոշում կայացրեց, որովհետև ավելի քան վստահ եմ, որ նման որոշում չկայացնելու պարագայում ժողովի կողմից նորից կվերընտրվեր: Որովհետև Հրանտ Մարգարյանի դերակատարումը կուսակցության վերջին 20-25 տարվա պատմության մեջ շատ մեծ է եղել, և կարծում եմ՝ դեռ անելիք ուներ իր փորձով, փորձառությամբ: Ամեն դեպքում՝ Հրանտ Մարգարյանի որոշումն է, կարծում եմ, որ իր իմաստությունն այս իմաստով իրեն հուշել է այդ քայլը, և մենք ընդունում ենք իր որոշումը:

– Նաև կարծիք կա, որ Հրանտ Մարգարյանը, գիտակցելով Դաշնակցության ներսում իր նկատմամբ դժգոհությունը և այն, որ կարող է առաջադրվել և չընտրվել, պարզապես ինքն ընտրել է չառաջադրվելու տարբերակը:

– Ես Ձեզ վստահեցնում եմ, որ Ընդհանուր ժողովում, նկատի ունենալով ժողովի մասնակից պատվիրակների մոտեցումները, կարծիքներն ու տեսակետները, վստահաբար՝ այդ խնդիրը չկար: Ավելին ասեմ, նորընտիր Բյուրոն ընտրվել է մեկ քվեարկությամբ՝ ձայների երկու երրորդով, այսինքն՝ համախոհությամբ, և կուսակցության որդեգրած քաղաքական ուղեգծի, ռազմավարական սկզբունքների առումով որևէ բացասական մոտեցում չի արձանագրվել ժողովի կողմից: Հետևաբար՝ նախընթաց քաղաքական գծի հետ կապված խնդիր չի եղել:

– Հակոբ Տեր-Խաչատուրյանից բացի՝ Բյուրոյի այլ թեկնածուներ եղե՞լ են, թե՞ մեկ թեկնածու է եղել և ընտրվել է:

– Եղել է Հակոբ Տեր-Խաչատուրյանի թեկնածությունը, և նորից եմ կրկնում, Բյուրոն ընտրվել է համախոհությամբ, մեկ քվեարկությամբ, ձայների ավելի քան երկու երրորդով:

– Դուք հիշում եք ամիսներ առաջ Հրանտ Մարգարյանի այն հայտարարությունը, թե մայիսից այս կողմ Հայաստան զինամթերք չի մատակարարվել: Այս հայտարարությունը կարո՞ղ էր դժգոհության առիթ դառնալ:

– Բայց ի՞նչ հիմնավորմամբ կարող էր դժգոհության պատճառ դառնալ:

– Այն պատճառով, թե որքանո՞վ էր հավաստի այդ տեղեկությունը կամ արժե՞ր, արդյոք, նման հրապարակային հայտարարություն անել:

– Եթե հիշողությունս չի դավաճանում, Հրանտ Մարգարյանն իր հայտնի հեռուստաելույթի ժամանակ արձանագրել է, որ իր ունեցած տեղեկատվությամբ՝ մայիսյան իրադարձություններից հետո Հայաստան զենք չի մտնում: Նորից եմ կրկնում, ասել է՝ իմ ունեցած տեղեկությունների համաձայն: Դա այն տեղեկությունը չէ, որը ռազմական գաղտնիք է պարունակում, որովհետև, վստահաբար, մեր հակառակորդները նման տեղեկատվության շատ արագ են տիրապետում, մեր հասարակությունից ավելի առաջ: Եվ դա իրականում նորություն չէ: Այնպես չէ, որ Հայաստանում զենքի մատակարարման հետ կապված խնդիրներ առաջացել են միայն հետհեղափոխական ժամանակահատվածում: Նմանատիպ խնդիրներ եղել են նաև նախկինում՝ նույն Սերժ Սարգսյանի իշխանության օրոք: Ռուսաստանի հետ հարաբերությունների շրջանակում, ինչ-ինչ հարցերի առաջացման պարագայում, Հայաստանը պարբերաբար որոշակի խնդիրներ ու դժվարություններ ունեցել է զենքի մատակարարումների հետ կապված: Նմանատիպ խնդիրներ եղել են նաև վերջին ամիսների ընթացքում, ինչի մասին, ի դեպ, պաշտպանության նախարարը ևս հայտարարել է, այնպես որ՝ այդտեղ գաղտնիք չկա:

– Պարոն Համբարձումյան, Բյուրոյի ներկայացուցիչ ընտրվեց կանադահայ Հակոբ Տեր-Խաչատուրյանը: Միշտ կարծիք է եղել, որ Դաշնակցությունում գերիշխում է իրանահայ թևը, քանի որ Հրանտ Մարգարյանն իրանահայ թևի ներկայացուցիչ է: Այս պարագայում ազդեցությո՞ւն է փոխվել Դաշնակցությունում:

– Դաշնակցությունում ազդեցությունների, թևերի մասին՝ իրանահայ, լիբանանահայ, հայաստանցի, այս տեսակ բաժանումների մասին խորհուրդ կտամ դատողություններ չանել, որովհետև նման բան իրականում չկա: Եվ այդ հանգամանքները դույզն-ինչ դերակատարություն չունեն կուսակցության քաղաքական գծի ու քաղաքական դիրքորոշումների վրա: Ի վերջո՝ Դաշնակցությունը կոլեգիալ ղեկավարվող կուսակցություն է, և առանձին վերցրած անհատի դերն ու դերակատարությունը, եթե անգամ մարդկային որակներն ու հատկանիշները նկատի ունենալով՝ կարող է որոշակի ազդեցություն ունենալ, այնուամենայնիվ, կուսակցության քաղաքական գծի ու վարքագծի հետ կապված Բյուրոյի ներկայացուցչի՝ որտեղից լինելու հանգամանքն էական ազդեցություն չի կարող ունենալ:

– Դաշնակցությունը վտանգ է տեսնում «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստել» արտահայտության մեջ: Ո՞րն է խնդիրը:

– Եթե անդրադառնանք այն բոլոր իրադարձություններին, որ տեղի են ունեցել վերջին ամիսների ընթացքում՝ հանդիպումները ԱԳ նախարարների, Հայաստանի վարչապետ և Ադրբեջանի նախագահի միջև, ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդականի այցը, այդ հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ սեղմ հաղորդագրությունները, ենթատեքստերը, դրանք մտածելու տեղիք տալիս են, անշուշտ: Որովհետև այդ տեսակ բառերի հետևում կարող են նաև վտանգավոր գործընթացներ թաքնված լինել, ես չեմ բացառում դա: Որևէ մեկը չպետք է բացառի նման հնարավորությունը, եթե անգամ ընդունենք, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները լավագույն մղումներով են այս բանակցային գործընթացի մասնակից դարձել, դա ամենևին չի նշանակում, որ չեն կարող սխալվել կամ ակամայից չեն հայտնվի մի տեղ, որտեղից հետդարձ այլևս չի լինի:

Արմինե Ավետյան

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

1