«Արցախ. թաքնված գանձեր» խորագրով ցուցահանդես՝ Ստրասբուրգում
Գլխավոր » Լրահոս » «Արցախ. թաքնված գանձեր» խորագրով ցուցահանդես՝ Ստրասբուրգում

«Արցախ. թաքնված գանձեր» խորագրով ցուցահանդես՝ Ստրասբուրգում

Մարտի 13-ից 15-ը Ստրասբուրգի կենտրոնական Կլեբեր հրապարակում տեղակայված «Aubette» սրահում կայացել է Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված «Արցախ. թաքնված գանձեր» խորագրով լուսանկարների ցուցահանդես, որը կազմակերպել է Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը Ֆրանսիայում Արցախի ներկայացուցչության և Եվրոպայի Հայ դատի գրասենյակի հետ համատեղ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից:

Այն Ստրասբուրգում Արցախին նվիրված առաջին միջոցառումն է:

Ցուցահանդեսի բացմանը Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը նշել է, որ  Արցախը ոչ միայն հայկական իրականության, մշակույթի և կրոնի, այլև քաղաքակիրթ ողջ աշխարհի կողմից որդեգրած համամարդկային արժեքների կրողն է։ Հայաստանն ու ողջ հայ ժողովուրդը միաբան են՝ աջակցելու և սատարելու Արցախի մեր հայրենակիցներին և պաշտպանելու նրանց հիմնարար իրավունքները և ազատությունները։

Պարույր Հովհաննիսյանը խորհրդանշական է համարել, որ Արցախին նվիրված ցուցահանդեսը կազմակերպվում է Ստրասբուրգում՝ մարդու իրավունքների պաշտպանության առաջնորդող կազմակերպությունը` Եվրոպայի խորհուրդը հյուրընկալող քաղաքում և նշել, որ նման միջոցառումներն առիթ են ծառայում հերթական անգամ վերահաստատելու Արցախի հարցում հայկական կողմի վճռականությունը։

Միջոցառմանը ներկա են եղել Ստրասբուրգի քաղաքային իշխանությունների, Եվրոպայի խորհրդի, Եվրոպական խորհրդարանի, հայ համայնքի ներկայացուցիչները:

1