Արցախցի շախմատիստը դարձել է համահայկական խաղերի չեմպիոն
Գլխավոր » Լրահոս » Արցախցի շախմատիստը դարձել է համահայկական խաղերի չեմպիոն

Արցախցի շախմատիստը դարձել է համահայկական խաղերի չեմպիոն

Օգոստոսի 12-ին ավարտվել են Համահայկական 7-րդ խաղերի շախմատի մրցումները: Մրցաշարը մեկնարկել էր օգոստոսի 6-ին: Մոտ 140 մարզիկ և մարզուհի էին մրցում շախմատային մրցաշարին: Տղամարդկանց շախմատում Արցախը ներկայացնում էին 6 շախմատիստներ:

Այսօր հայտնի դարձավ, որ  9 հնարավորից վաստակելով 7,5 միավոր՝ 16-ամյա Ալեքս Մանուկյանը դարձել է Համահայկական 7-րդ խաղերի շախմատի չեմպիոն` արժանանալով ոսկե մեդալի:

Ընդ որում, շախմատային մրցաշարն անցկացվում էր առանց տարիքային սահմանափակման. մասնակցելու իրավունք ունեին մինչև 2300 միջազգային վարկանիշ ունեցող շախմատիստները: Արծաթե մեդալը նվաճել է Խաչատուր Մեսրոպյանը, իսկ բրոզնե մեդալի արժանացել է Սուրեն Պողոսյանը:

«Ապառաժ»-ի հետ զրույցում Ալեքս Մանուկյանը հայրը՝ Ներսես Մանուկյանը նշել է, որ շախմատի մրցաշարում թեժ պայքար է ծավալվել:

Ալեքսը շախմատով սկսել է զբաղվել 8 տարեկանից, սկզբում մարզում էր հայրը, իսկ հետո գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը:

Ալեքս Մանուկյանը և նրա եղբայրը՝ Սևակ Մանուկյանը, արդեն մի քանի անգամ աչքի են ընկել միջազգային տարբեր մրցաշարերում:

«Սա Ալեքսի հերթական հաղթանակն է, հպարտ եմ, որ իմ որդին հերթական անգամ բարձրագույն պարգևի է արժանացել: Բայց ինձ համար ամենակարևոր հանգամանքը շախմատիստի աստիճանական զարգացումն է»,- նշել է Ներսես Մանուկյանը՝ ավելացնելով, որ իրենց հաջողության գրավականը հենց շարունակական համակարգված աշխատանքն է:

Ներսես Մանուկյանը տեղեկացրել է, որ Համահայկական խաղերից հետո որդիները մասնակցելու են Վրաստանում կայանալիք մրցաշարին:

Տ.Ա.

1