Արցախում քաղաքական հակասությունները նոր ընթացք են ստացել
«Երկրի առաջին դեմքերի նկատմամբ քրեական հետապնդումները պատիվ չեն բերում որեւէ երկրի միջազգային հեղինակությանը: Եվ հասկանալի է, որ Ռոբերտ Քոչարյանի հետ կատարվող զարգացումները դրական ոչինչ չեն բարի ո՛չ ՀՀ-ի, ո՛չ Արցախի Հանրապետության համար, որովհետեւ, ի վերջո, երկրներին ճանաչում են նաեւ իրենց առաջնորդներով: Եվ անընդհատ փնովել, խոսել երկրի ղեկավարների մասին բացասականը, անպատվաբեր է: Եթե Դուք նկատել եք, ապա ակնհայտ է, որ մամուլում եւ հանրային տրամադրություններում ՀՀ բոլոր ղեկավարների նկատմամբ բացասական մթնոլորտ է ձեւավորված, որը անմիջական ազդեցություն ունի ՀՀ-ի իմիջի վրա»: Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի գործով վերջին զարգացումներին, նման կարծիք հայտնեց Արցախի խորհրդարանի փոխնախագահ Վահրամ Բալայանը: Ապա պարոն Բալայանը մեկնաբանություններ տվեց նաեւ Արցախի ներքաղաքական սուր անցուդարձի հետ կապված:
– Նախընտրական տարվան ընդառաջ Արցախում քաղաքական հակասությունները, պայքարը նոր ընթացք են ստացել: Այս տեսանկյունից պետք է նկատել, որ վերջին ամիսներին Արցախում իրոք քաղաքական թեժ գործընթացներ են, նոր կուսակցություններ են ձեւավորվել, ձեւավորվում, ստեղծվում են նախաձեռնող խմբեր: Ցավոք, պետք է նկատեմ, որ նման վերաբերմունքը, իհարկե, չի նպաստում քաղաքական դաշտի կայունացմանը, կուսակցական «շինությանը»: Որովհետեւ, ինչպես ասում են, ընտրությունից-ընտրություն կուսակցություն ձեւավորելը, ապա պասիվ վիճակում մնալը չի նպաստում ոչ միայն կուսակցական կյանքի ակտիվացմանը, այլ նաեւ ստվերում նորմալ կուսակցությունների գործունեությունները առհասարակ եւ վտանգում պետականաշինությունը:
– Պարոն Բալայան, ի՞նչ կասեք Սամվել Բաբայանի թեկնածության հնարավոր առաջադրման մասին, հաշվի առնելով, որ վերջինս մարտական է տրամադրված: Եվ խոսակցություններ են շրջանառվում, որ պատրաստ են անգամ բողոքի ակցիաներ իրականացնել եւ այլն:
– Ինչ վերաբերում է Սամվել Բաբայանի կողմից նախաձեռնած ստորագրահավաքին, ես բազմիցս ասել եմ՝ այստեղ Սամվել Բաբայանի հարցը չէ: Սահմանադրությունը փոխել եւ այդ փոփոխության արդյունքում փոխել Սահմանադրության առաջին գլխի առաջին հոդվածը, այն է՝ Արցախի սուվերենությունը, անընդունելի է: Որովհետեւ, վերջին 30 տարիների ընթացքում ճանապարհ ենք անցել, որի նպատակն է ունենալ Հայոց երկրորդ պետությունը: Չեմ կարծում, որ կան մարդիկ, ովքեր չեն ցանկանում երկու հայկական պետությունները միասին լինեն: Սակայն այստեղ բազմաթիվ իրավական հարցեր կան, որ կարող են խնդիրներ առաջացնել Արցախի համար: Հանրությունը պետք է տեղեկանա հարցի բոլոր նրբություններին եւ լուրջ վերաբերմունք ցուցաբերի:
– Սամվել Բաբայանը եւ նրա աջակիցները հայտարարում են, որ Արցախում դիկտատուրա է: Ձեր գնահատականը:
– Համենայնդեպս, այս երեսուն տարիների ընթացքում այնպիսի ժողովրդավարական երկիր, ինչպիսին Արցախն է, չենք ունեցել: Ես կարծում եմ, որ հասարակական անվտանգության տեսանկյունից Արցախը եզակիներից է: Անձամբ իմ ու երկրի քաղաքացիների համար ամենամեծ արժեքը պետականությունն է: Մեր անցած պատմությունն էլ է վկայում այն մասին, որ երբ մենք ազգային պետականություն ենք ունեցել, զարգացում ենք ապահովել, ունեցել ենք ինքնատիպ մշակույթ եւ, ի վերջո, մեր ազգային-ազատագրական պայքարի տարիներին, մասնավորապես, Արցախյան պատերազմի տարիներն էլ դա են վկայում:
– Այսինքն` Դուք, որպես արցախցի, դե՞մ եք Բաբայանի թեկնածությանը:
– Երբ թեկնածու կլինի, այն ժամանակ կհայտնեմ կարծիքս: Իսկ Սամվել Բաբայանը գործող Սահմանադրության համաձայն չի կարող լինել թեկնածու: Ինչ վերաբերում է տարատեսակ խոսակցություններին, ակցիաներին, ապա դա ինքնին նշանակում է՝ երկիրը կանգնեցնել քաղաքացիական պատերազմի շեմին, այսինքն` հակամարտություն առաջացնել հասարակության տարբեր շերտերի միջեւ: Այս պահին հասարակության շրջանում կան տարբեր մոտեցումներ, եւ այս պարագայում նման միտումներն անչափ վտանգավոր են, մանավանդ Արցախի պես երկրի համար: Պետք է խոհեմ գտնվել եւ այս երեսուն տարիների ընթացքում ստեղծած պետականության հիմքերին մի նոր բան ավելացնել, ճանաչման գործընթացը ակտիվացնել, տնտեսությունը զարգացնել, ժողովրդավարական ինստիտուտներն ամրապնդել: Մենք չենք կարող հասարակության մեջ բաժանարար գծեր տանել, դա անընդունելի է:
Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ
iravunk.com