Արցախում մեկնարկելու են Մանսուրյանական օրերը

Այս տարի լրացել է հայ կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Մանսուրյանի 80-ամյակը:
Մաեստրոյի հոբլյանի կապակցությամբ սեպտեմբերի 1-13-ը կազմակերպվելու են մանսուրյանական օրեր: Համերգաշարը մեկնարկելու են Արցախում եւ ավարտելու Գյումրիում:
ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւզբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը հանդիպել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի հետ եւ քննարկել Արցախում մանսուրյանական օրերի կազմակերպչական աշխատանքներին վերաբերող հարցեր:
Լեռնիկ Հովհաննիսյանը նշել է, որ նման միջոցառումները մշակութային դաշտ բացելու լավագույն ճանապարհն ու մեր միասնականության դրսեւորման առհավատչյան են:
«Սա մեծ նախագիծ է եւ շարունակական բնույթ է կրելու: Մեր համագործակցության շնորհիվ մենք հասնելու ենք Արցախի մշակույթի հանրահռչակմանն ու զարգացմանը»,-նշել է նախարարը:
Տիգրան Վիրաբյանն իր խոսքում ասել է, որ երեւանցիների եւ մաեստրոյի սերն Արցախի հանդեպ անչափելի է, որի համար էլ որոշել են մանսուրյանական համերգաշարով հանդես գալ Արցախում:
Փոխքաղաքապետի խոսքով՝ համերգաշարը կազմակերպվելու է Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ եւ ՀՀ եւ ԱՀ ԿԳՍ նախարարությունների աջակցությամբ:
Ըստ նրա՝ համերգաշարի նախապատրաստական աշխատանքները կատարվել են եւ նա համոզված է, որ կարողանալու են լավագույնս ներկայացնել մեծ կոմպոզիտորին եւ նրա մեծության առաջ խոնարհումով ցուցադրելու մեր հոգու պարտքը:
Օգոստոսի 31-ին Ստեփանակերտի Երիտասարդության պալատում հնչելու են Ավ. Իսահակյանի եւ Եղ. Չարենցի ստեղծագործության երաժշտական կատարումները՝ պետական կամերային երգչախմբի մասնակցությամբ:
Փոխքաղաքապետն ասել է, որ երկօրյա մշակութային օրերին նախատեսել են զորամասում կազմակերպել Վազգեն Սարգսյանի 60-ամյակին նվիրված հոբելյանական երեկո:
«Ավ. Իսահակյանի եւ Եղ. Չարենցի շարքն Արցախի հանդիսատեսին ներկայացնելը Մաեստրոյի ցանկությունն էր: Համերգաշարի ընթացքում հնչելու է բոլոր ժամանակների սիրված կինոերաժշտություն:
Մենք ծրագրել ենք 2020թ. գարնանը Երեւանում կազմակերպել Արցախի մշակույթային օրեր: Երեւանը պատրաստակամ է հյուրընկալելու արցախցիներին եւ նրանց տրամադրելու քաղաքապետարանի լիազորության տիրույթում գտնվող բոլոր ռեսուրսները՝ Արցախի մշակութային օրերն Երեւանում բարձր մակարդակով կազմակերպելու համար»,-ասել է Տիգրան Վիրաբյանը:
Նրա խոսքով՝ այդ օրերին Արցախ է ժամանալու Երեւանի պատվիրակությունը՝ քաղաքապետարանի աշխատակազմով ու խմբակցության անդամներով:
Փոխքաղաքապետը հավելել է, որ փոխադարձ այցելությունները պետք է պարբերական բնույթ ունենան՝ ոչ թե իրադարձություն ստեղծելու, այլեւ՝ բնականոն համագործակցության մի մաս հանդիսանալու նպատակով: