Արցախում մեծ շուքով նշում են Բերքի տոնը
Գլխավոր » Լրահոս » Արցախում մեծ շուքով նշում են Բերքի տոնը

Արցախում մեծ շուքով նշում են Բերքի տոնը

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, ԱՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում վաղ առավոտյան մեկնարկել է Բերքի տոնը: Ցուցահանդես-տոնավաճառին ներկա են եղել ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պետական այրեր, Արցախի բարեկամ պատվիրակներ:

‹‹Ապառաժ››-ի հետ զրույցում ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը նշել է, որ այս տարի գյուղատնտեսության նախարարությունը տոնավաճառում իրենց սեփական արտադրանքը ներկայացնելու հնարավորություն է ընձեռել ոչ միայն ԱՀ շրջանների, այլեւ ՀՀ մարզերի գյուղացիական տնտեսություններին։ Նախարարի խոսքով՝ Տոնավաճառին մասնակցող ՀՀ 7 մարզերի տաղավարներն աչքի են ընկնում բազմազանությամբ եւ ինքնատիպ ձեւավորմամբ: ‹‹Նախատեսել ենք 520 տաղավար, որոնց քանակը օրվա ընթացքում գերազանցել է սպասվածից: Այս տարվա նորույթը հայաստանյան մեր գործընկերոջ կողմից գյուղտեխնիկայի ցուցադրությունն է: Տաղավարներն աչքի են ընկնում գյուղմթերքների առատությամբ եւ տեսականու առումով›› ,- հավելել է նա:

‹‹Բերքի տոնը ուրախալի երեւույթ է: Այսօր շատ երկրներում էկոլոգիապես մաքուր մթերք ունենալը խնդրահարույց է, իսկ Արցախը ներկայանում է բնական գյուղմթերքով, որը նկատել են նաեւ Արցախի բարեկամ երկրների պատվիրակները››,- ասել է Ահ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը:

Տոնավաճառն ուղեկցվել է ազգային երգ –երաժշտությամբ:

Հասմիկ ՀԱԿՈԲՅԱՆ

1