Արցախում է ՀԲԸՄ Եվրոպական գրասենյակի պատվիրակությունը
Արցախի Հանրապետության Արտգործնախարարության հրավերով ապրիլի 22-ին Ստեփանակերտում էին ՀԲԸՄ Եվրոպական գրասենյակի մի խումբ պատվիրակություն՝ Եվրոպական գրասենյակի տնօրեն Նիկոլայ Դավիդյանի և Բելգիայի մասնաճյուղի պատասխանատու Շահնուր Մինասյանի գլխավորությամբ: Այցի նպատակն է ծանոթանալ Արցախում գործող հասարակական կազմակերպությունների հետ և մշակել կոնկրետ ռազմավարություն՝ լինի դա ֆինանսական թե այլ աջակցության տեսքով:
Արցախի հասարակական սեկտորից հանդիպմանը ներկա էին <<Երիտասարդ գործատուների միություն>>, <<Հաշմանդամ երեխաների միություն>>, <<Ղարաբաղի կանանց ասոցիացիա>>, <<Կանանց ռեսուրսային կենտրոն>>, <<Արցախի երիտասարդության զարգացման ՀԿ>> և հասարակակական այլ կազմակերպութունների ներկայացուցիչներ: Հանդիպման ընթացքում շոշափվեցին տեղի ՀԿ- ներին հուզող հիմնախնդիրները և թե ինչպիսի հետագա լուծումներ կարելի է տալ դրանց:
<<Այստեղ եկել ենք խմբով՝ 12 եվրոպական երկրներից, քարոզարշավ կազմակերպելու, որպեսզի եվրոպական կառույցներին համոզենք՝ գան Արցախ և աշխատեն այստեղ: Ղարաբաղը միակ երկիրն է, թեկուզ չճանաչված, որ համագործակցություն չկա հասարակական կազմակերպությունների մակարդակով, բացառությամբ մեկ-երկու կազմակերպությունների>>,- ասաց Եվրոպական գրասենյակի տնօրեն Ն. Դավիդյանը, -Եվրոպական կառույցները պետք է հասկանան, որ Ղարաբաղում միայն կռիվ չէ, այստեղ ապրում են հասարակական լիարժեք չափանիշներով մարդիկ>>:
<<ՀԲԸՄ Եվրոպական մեր գրասենյակի առաքելության հիմնական նպատակն է, որ տեղեկություններ հասցնենք եվրոպական այն կառույցներին, որոնք զբաղվում են չճանաչված երկրների ՀԿ-ների ֆինանսավորմամբ, ներկայացնենք մարդու իրավունքների խնդիները, տարրական կենցաղային խնդիրները, առողջապահություն, կրթություն և այլն: Այստեղ ապրողները ևս ունեն դրա իրավունքը, տարակուսելի է, որ առայսօր այստեղ զրո դրամ է մտնում: Պատվիրակության կազմում են ֆինանսիստներ, ուսանողներ, գիտնականներ, ամենատարբեր մասնագետներ: Ֆինանսականից բացի կարող ենք ցուցաբերել նաև տեղեկատվական աջակցություն: Ադրբեջանն այդ դաշտում միլիոններ է դնում: Պիտի կարողանանք հակակշռել դրան: Այդ առումով մենք պիտի լոբբիստական ագրեսսիվ աշխատանք տանենք>>,-նշեց Բելգիայի գրասենյակի պատասխանատու Շահնուր Մինասյանը:
Առաջարկություններ արվեցին տեսահոլովակների միջոցով ներկայացնել Արցախի ՀԿ- ների գործունեությունը:
Պատվիրակությունը նախատեսում է նաև հանդիպումներ ԱՀ վարչապետի և արտգործնախարարի տեղակալի հետ: