Արցախում Ամանորյա միջոցառումների ծրագիրը

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը հանրությանն է ներկայացնում ամանորյա ծրագիրը: Դեկտեմբերի 18-ից 12 օր շարունակ կկազմակերպի աննախադեպ ամանորյա տոնական միջոցառումների շարք, որը հնարավորություն կընձեռի հասարակության լայն զանգվածներին ու տարբեր տարիքային խմբերի ներկայացուցիչներին՝ նախատոնական օրերը հետաքրքիր և յուրօրինակ կերպով անցկացնելու:
Նախատեսվում է Ստեփանակերտի սրտում՝ Վերածննդի հրապարակում <հիմնել> ամանորյա քաղաք՝ Կաղանդավան: Կաղանդավանի բացումը տեղի է ունենալու դեկտեմբերի 18-ին՝ հատուկ տոնական արարողությամբ:
Տեղադրվելու են տնակներ՝ ամանորյա զարդարանքներով, որտեղ առևտրային կազմակերպություններն ու ստեղծագործողները ցուցադրելու և վաճառելու են իրենց արտադրանքը կամ ծառայությունները։ Կաղանդ Պապի հետ իրենց ամանորյա երազանքներով կիսվելուց բացի, երեխաները հնարավորություն կունենան ժամանակ անցկացնել <ստեղծագործական տնակում>, որտեղ կկազմակերպվեն վարպետության դասեր՝ ամանորյա նվերներ, խաղալիքներ, բացիկներ պատրաստելու համար։
<<Ամանորյա քաղաքի> փոքրիկ բեմը մշտապես աշխույժ է լինելու՝ երաժշտական ու պարային համարներ արցախյան համույթների մասնակցությամբ, ինչպես նաև թատերական ներկայացումներ փոքրիկների համար: Իրականացվելու են նաև այլ ժամանցային ծրագրեր՝ քիմիական շոու, միմ շոու, աճպարարների վարպետության ցուցադրություն: Երեխաները կհանդիպեն սիրված հեքիաթների հերոսների հետ:
Ծրագիրն իրականացվելու է գործընկերների աջակցությամբ՝ «Արդշինբանկ» ՓԲԸ, «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ, «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ, «Արցախէներգո» ՓԲԸ, «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ:
Դեկտեմբերի 31-ի ամանորյա համերգը կամփոփի նախատոնական միջոցառումների շարքը: Համերգին իրենց մասնակցությունը կբերեն արցախյան համույթները և հատուկ հրավիրված հյուրը՝ «Capital Cities» ինդի-փոփ խմբի մեներգիչ Սեբուն, ով հասցրել է ձեռք բերել հայաստանյան և արցախյան երկրպագուների մեծ բանակ:
Հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ ևս նախատեսվում է մեծ համերգային ծրագիր՝ հայաստանյան շոու բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ: