Արցախն արդեն իսկ դարձել է սպորտային երկիր. ԱՀ նախագահ
Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 25-ին հանդիպում է ունեցել Սամբոյի Եվրոպայի պատանիների եւ երիտասարդների առաջնության արցախցի չեմպիոնների եւ մրցանակակիրների հետ:
Նախագահ Սահակյանը շնորհավորել է ներկաներին եւ ընդգծել, որ Արցախի մարզիկների ու մարզիչների գրանցած հաջողությունները նշանակալի իրադարձություն են մեր հանրապետության սպորտային կյանքում:
«Ուզում եմ գոհունակությամբ նշել, որ Արցախն արդեն իսկ դարձել է սպորտային երկիր եւ արժանի ձեւով է ներկայանում միջազգային հարթակներում ամենատարբեր մարզաձեւերում: Սա միաժամանակ եւ՛ ոգեւորիչ է, եւ՛ պարտավորեցնող: Ոգեւորիչ, որովհետեւ յուրաքանչյուր հաղթանակ հզոր լիցք է հաղորդում մարզիկներին, մարզիչներին, հասարակությանը: Պարտավորեցնող, որովհետեւ յուրաքանչյուր հաղթանակից հետո անհրաժեշտ է ոչ միայն նվաճած բարձունքները պահպանել, այլ նաեւ դրանք զարգացնել ու ավելացնել»,- ընդգծել է իր ելույթում Բակո Սահակյանը:
Երկրի ղեկավարը շեշտել է, որ պետությունը կշարունակի հատուկ ուշադրության կենտրոնում պահել մեր երկրում սպորտի եւ ֆիզիկական կուլտուրայի զարգացման հարցերը: