«Արցախյան մշակութային օրեր Լիբանանում». պատմում են պատվիրակության անդամները

Երկու տարի առաջ Արցախում հիմքեր դրած Համազգային հայ կրթական ու մշակութային միության Արցախի գրասենյակն արդեն իսկ մշակութային ձեռնարկներով է հանդես գալիս սփյուռքյան գաղթօջախներում: Հունիսի 8-15-ը Արցախի մշակութային պատվիրակությունը՝ Համազգային հայ կրթական ու մշակութային միության Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանը, «Արցախկարպետ» ընկերության տնօրեն Սեւակ Խաչատրյանը, նկարչուհի Լիաննա Քոչարյանը, հագուստի մոդելավորող Սաթենիկ Հայրիյանը եւ երգիչ Արթուր Խաչենցը Լիբանանում էին՝ «Արցախյան մշակութային օրեր Լիբանանում» խորագրով մշակութային ծրագրով:
Ծրագիրը կյանքի է կոչվել Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարության համագործակցությամբ եւ Բեյրութի Համազգայինի «Վահե Սեթեան» հրատարակչատան եւ «Լյուսի Թյությունճեան» ցուցասրահի հրավերով եւ հովանավորությամբ:
Ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել Արցախի 13 նկարիչների աշխատանքների, Արցախում գործած գորգերի, կանանց ձեռքի աշխատանքների, Արցախի երիտասարդ գրողների ստեղծագործությունների եւ Համազգայինի Արցախի գրասենյակի կողմից տպագրված գրքերի ցուցադրություն:
«Ապառաժ»-ը զրուցել է պատվիրակության կազմում ընդգրկված անդամների հետ՝ հետաքրքրվելով նրանց տպավորությունների եւ նմանօրինակ նախաձեռնությունների անհրաժեշտության մասին:
Լիանա Քոչարյան, նկարչուհի
«Ես պատիվ ունեցա Արցախի նկարիչների անունից մասնակցելու Համազգային հայ կրթական և մշակութային միության նախաձեռնած ծրագրին եւ մեկնելու Լիբանան: Համազգայինի գործունեությանը, ինչպես նաև Լյուսի Թութունջյանի պատկերասրահի մասին ես տեղյակ էի Արցախի գրասենյակի ղեկավար, իր տաղանդով ինձ միշտ զարմացնող Հերմինե Ավագյանից:
Միշտ երազում էի այդպիսի մի օրվա համար: Դեռ մանկուց երեւակայում էի, որ երբեւէ կայցելեմ այն վայրը, որտեղ հարյուր տարի առաջ ապաստան են գտել մեր քույրերն ու եղբայրները: Այսօր Համազգայինը հայ ժողովրդի մշակույթի գոյության զարկերակի մի բաբախն է դարձել, որը մշակում եւ իրականություն է դարձնում հարյուրամյա միջոցառումների մի ամբողջ շարք: Այդ միջոցառումներից մեկը մեր` Արցախից ժամանած պատվիրակության եւ Արցախի նկարիչների ցուցահանդեսի առկայությունն է, որն ինձ համար պարտավորեցնող նշանակություն ունեցավ: Ցուցահանդեսի եւ այլ հանդիպումների ընթացքում, բացի գեղանկարները ներկայացնելուց, ես ելույթի ձեւով ներկայացրել ու բնութագրել եմ Արցախում ապրող եւ ստեղծագործող նկարիչներին՝ ասելով, որ մենք երկար տարիներ դիմակայելով բազում խնդիրների` պատերազմի, շրջափակման եւ այլ սպառնալիքների, չենք ընկրկել ու ստեղծել ենք բազում կտավներ… Եվ հենց աստվածատուր շնորհքով էլ հարվածելով ամեն ծանր հանգամանքի՝ շարունակել ենք մեր արդար պայքարը:
Ցուցահանդեսը այցելուներին հնարավորություն է տվել յուրաքանչյուր նկարչի գործի միջոցով տեսնել Արցախցու գեղեցիկ ուժով ներկայացրած մարդկային բնավորությունները եւ Արցախի բնության հարուստ նրբերանգները:
Հայ արվեստագետները, որպես հայ մշակներ ապրելով աշխարհի ցանկացած վայրում, պարտավոր են իրենց ստեղծագործությունները հրամցնել սփյուռքի բոլոր գաղթօջախներին: Այսպիսով, փոխադարձ շփումների միջոցով հայ մշակույթը պետք է զարգացնել, դարձնել մեկ ամբողջական ժամանակակից արվեստ եւ նորանոր ստեղծագործություններով հանդես գալ համաշխարհային քաղաքակրթությանը առերես՝ լինելով նրա արժանի մասը:
Տպավորություններս շատ խորն են: Ես տեսա մանկուց երազած երկիրը, տեսա Բեյրութը` ծովամերձ, հայամերձ իր բարեմասնություններով, թանձր կոլորիտով ու նշանակալից դերակատարություն ունեցող հայ համայնքով: Մեզ` արցախցիներիս համար ուրախալի էր, թե ինչպես են մեզ դիմավորում Համազգայինի ներկայացուցիչները. տեսանք մակարդակ, վայելեցինք հարգանք ու սեր:
Ուրախալի էր նաեւ այն, որ մեր ցուցահանդեսը բավականին երկրպագուներ ու այցելուներ ունեցավ, իսկ աշխատանքների մեծ մասը վաճառվեց. նաեւ ունեցանք պատվերներ…
Իմ գոհունակությունն եմ ուզում հայտնել հատկապես «Վահե Սեթեան» հրատարակչատան տնօրեն Հակոբ Հավատյանին և իր աշխատակիցներին, որոնց շնորհիվ մենք գտնվեցինք ջանադիր խնամքի ներքո:
Անձամբ ծանոթացա Լյուսի Թութունջյանի հետ, ուրախությամբ հայտնեցի իմ վաղեմի երկրպագությունը:
Շատ տպավորված եմ օտարության մեջ, օտար բառ ու բանի մեջ ստեղծված ու պահպանված հայ մեծ մշակույթից, որտեղ զարգացնում են կրթության, հայապահպանության հզոր ոլորտ:
Բեյրութում ականատես եղա հայկական դպրոցների պահպանությանը, որը օտարամոլությունից փրկում է հայ մանուկներին, իսկ ծնողներին դնում ճիշտ ճանապարհի վրա:
Իսկ Այնճարը, որտեղ նույնպես ցուցահանդեսով ներկայացանք, ևս մեկ անգամ ինձ համոզեց, որ Մեծ Ճակատագիր ունի հայը: Այնտեղ անմնացորդ նվիրումով պահպանվում են Մուսալեռյան ավանդական արժեքներ և օր օրի ծաղկեցնում ամեն բան, ինչը հայրենական է:
Այս ամենը աստծուց օրհնվեց, երբ մեր խմբին հյուրընկալեց Արամ Ա կաթողիկոսը: Նա իր իմաստնությամբ ու վեհ զրույցով շփվեց մեզ հետ, լուսանկարվեց և գրքերի նվիրատվությամբ ճանապարհեց:
Ուզում եմ իմ խոսքն ընդունվի՝ ավելին, քան շնորհակալությունն է, լավագույն տպավորությունների, կազմակերպվածության բարձր մակարդակի, մեզ մատուցած գեղեցիկ վայելքների համար:
Ես վերադարձա` իմ ներսում շատ բան փոխված: Այժմ իմ ենթագիտակցության շերտերում քնած հայեցի բոլոր ճիչերն աղմկում են…»:
Սաթենիկ Հայրիյան, հագուստի մոդելավորող
«Օրերս Համազգային հայ կրթական եւ մշակութային միության կողմից հրավիրվել եմ մասնակցելու «Արցախյան օրեր Լիբանանում» խորագրով մշակութային ծրագրին` որպես հագուստի մոդելավորող: Նշեմ, որ ստեղծագործում եմ նշված ոլորտում եւ ստեղծում ազգային էլեմենտներ կրող հագուստի հավաքածուներ, ոգեշնչվում եմ հայկական մանրանկարչության եւ գորգարվեստի հարուստ ժառանգությունից:
Պարտավորեցնող է այն, որ իմ ստեղծած հագուստը սիրված է Արցախում, իսկ մեր այցից հետո` նաեւ Սփյուռքում, ինչի համար իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Հերմինե Ավագյանին անշահախնդիր գնահատանքի եւ ինձ ընձեռնած այս հնարավորության համար, եւ Համազգային հայ կրթական ու մշակութային միությանը:
Լինելով արցախյան մշակույթը ներկայացնող ցուցահանդեսի մասնակից, հստակ կարող եմ ասել, որ նման մշակութային այցերը անհրաժեշտ են թե’ հայրենիքում ապրող եւ ստեղծագործող արվեստագետների, եւ թե’ սփյուռքի մեր հայրենակիցների համար:
Հայրենիքից դուրս ապրող մեր հայրենակիցները, գնելով հայրենիքում ապրող արվեստագետների ստեղծագործությունները, ձեռք են բերում հայրենի հողից եկած մի կտոր, ինչն իմ կարծիքով հայրենիքի հանդեպ անհագ կարոտը լրացնելու միտում ունի»:
Սեւակ Խաչատրյան, «Ղարաբաղ Կարպետ» ընկերության տնօրեն
«Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Արցախի գրասենյակի հրավերով եւ նախաձեռնությամբ «Ղարաբաղ Կարպետ» ընկերությունը եւս մասնակցել է Լիբանանում կայացած «Արցախի մշակութային օրերը Լիբանանում» ձեռնարկին, որտեղ ներկայացրել ենք գորգարվեստը եւ գորգագործության մերօրյա զարգացումն Արցախում, լիբանանահայ մեր հայրենակիցներին ենք ներկայացրել նաեւ ընկերության կողմից ստեղծված գորգերի եւ կարպետների նմուշներ:
Կարծում եմ՝ ոչ միայն Լիբանանում, այլեւ ընդհանրապես մի բան կիսատ կլինի, եթե Արցախի մշակույթի ներկայացմանը չլինեն արցախյան գորգերը եւ գորգարվեստն ընդհանրապես: Հիրավի, արցախյան գորգագործությունը կարելի է համարել մեր երկրի այցեքարտերից մեկը:
«Ղարաբաղ Կարպետ» ընկերությունը շարունակում է պահպանել եւ զարգացնել մեր հազարամյա մշակութային ժառանգությունը՝ հստակ ասելիք ունենալով ինչպես աշխարհասփյուռ հայությանը, այնպես էլ աշխարհին:
Լիբանանյան մեր այցը եւ մասնակցությունն Արցախյան մշակութային օրերին՝ պետք է դիտարկել նախ եւ առաջ այս տեսանկյունից:
Իսկ տպավորությունները բավական շատ են եւ դժվար նկարագրելի: Լիբանանում հայկական համայնքը բավական կենսունակ եւ ակտիվ է, եւ, որ ամենակարեւորն է, համայնքնի պատասխանատուները Լիբանանում ապահովել են մեր հայրենակիցների համար արժանապատիվ միջավայր: Մենք մեկ շաբաթ ապրել ենք Բեյրութում. տպավորությունս այնպիսին է, որ եղել եմ մեկ այլ հայկական պետության մեջ:
Արցախը բոլոր առումներով համայն հայության ուշադրության կենտրոնում է. ես դրանում բազմիցս եմ համոզվել: Եվ մենք՝ Արցախում ապրող հայերս, կարծում եմ, պետք է հնարավորինս ավելի բացենք եւ հասանելի դարձնենք Արցախը համայն հայության առջեւ: Արցախը բոլոր առումներով պետք է դառնա կենտրոնաձիգ առանցք համայն հայության համար, պետք է այնպես անել, որ 10 միլոն հայությունը ապրի Արցախի առօրյայով, մասնակիցը դառնա նրա կայացմանը: Այս տրամաբանության մեջ վերջերս Լիբանանում կայացած միջոցառումները շատ կարեւոր նշանակություն ունեն: Այն կամուրջները, որոնք ստեղծվում են նմանատիպ ձեռնարկների շնորհիվ, լուրջ նշանակություն ունեն. պետք է անընդհատ պահպանել այդ կապը եւ օր օրի հզորացնել այն:
Մեզ երբեմն թվում է, թե ամեն ինչ արված է, ամեն ինչ հստակ է, եւ որեւէ մեկին որեւէ բան ապացուցելու կարիք չկա: Բայց արի ու տես, որ Լիբանանում զարմացած եւ հիացած են այն աշխատանքներով, որոնց ականատեսն են եղել անցած օրերի ընթացքում, երբ մեր պատվիրակությունն այնտեղ էր: Մարդիկ հաճելիորեն իմացան եւ խանդավառությամբ ընդունեցին, որ Արցախում այս մակարդակի վրա է մշակույթի այս կամ այն ճյուղը: Իսկ մենք քիչ եւ համեստ ներկայացվածություն ենք ապահովել Լիբանանում՝ թե ոլորտի մարդկանց, թե նրանց աշխատանքների առումով: Այսքանով հանդերձ, ձեռնարկը կայացած եմ համարում, որովհետեւ ինչ-որ չափով մենք կարողացաք այնպես անել, որ Լիբանանի մեր համայնքը բավականին հաճելի բացահայտումներ անի Արցախի մշակութային կյանքից: Եվ, այնուամենայնիվ, կարծում եմ, որ շատ գործ կա անելու այս ուղղությամբ: Հուսանք, որ նմանատիպ ձեռնարկները շարունակական են լինելու»:
Լուսինե Թեւոսյան