Արցախյան գորգերի վերածնունդը Ղարաբաղ Կարպետ ընկերության ձեռնարկություններում

Գորգագործական մշակույթը Արցախում խոր արմատներ ունի. այն մեզ տանում է հազարամյակներ առաջ, ներկայացնում հին աշխարհի եւ հատկապես Արցախի հնագույն մշակույթն ու կենցաղը: Այլեւս արդեն գիտակից եւ գրագետ հասարակությանը պետք չէ ապացուցել Արցախի` որպես գորգագործության կենտրոն լինելու հանգամանքը: Արցախյան հին գորգերը ներկայացված են այսօր աշխարհի բազմաթիվ թանգարաններում: Շատերին է հայտնի արցախյան բրդյա ձեռագործ գորգերի համբավն ու նշանակությունը:
Աշխարհաքաղաքական պրոցեսներով պայմանավորված` ժամանակ առ ժամանակ անկում, բայց նորից վերելք է ապրել ձեռագործ գորգագործությունն Արցախում: Պայմանավորված այն հանգամանով, որ Արցախը տարբեր ժամանակահատվածներում եղել է տարբեր երկրների տիրապետության տակ, արցախյան գորգերը տարածվել են գրեթե ամբողջ Ասիայի եւ Եվրոպայի երկրներում:
Ի դեպ, երկար տարիներ ադրբեջանական գորգահավաքները Արցախի գյուղերից հավաքել են հին` հարյուրավոր տարիների պատմություն ունեցող գորգերը, որոնք այսօր պահվում եւ ներկայացվում են Բաքվի թանգարաններում` որպես <<ադրբեջանական հին գորգեր>>: Այսօր ադրբեջանցիներն իրենց արտադրության ներկայացման մեջ հպարտանում են Ղարաբաղյան տիպի գորգերով` ներկայացնելով այն իրենց սեփականը:
Վերջին տասնամյակներում, կապված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության, հետպատերազմյան իրադրության եւ դրանով պայմանավորված` անկում ապրած սոցիալ-տնտեսական եւ մշակութային կյանքով, արցախցուն հատուկ եւ հարազատ բազմաթիվ այլ արտադրությունների, կիրառական արվեստի ճյուղերի եւ տարբեր ոլորտների հետ միասին Արցախում անկում է ապրել ձեռագործ գորգագործությունը: Սակայն արցախցին անհատական նախաձեռնությամբ տնայնագործության մակարդակով պահպանել է գորգ գործելու մշակույթը` որպես ընտանեկան ավանդույթ եւ ժառանգություն:
Ավանդական գորգերի արտադրությունը մասամբ կասեցվել է նաեւ խորհրդային տարիներին` երբ գորգագործական ֆաբրիկաներում գործված ձեռագործ ու մեքենագործ խառնածին գորգերը գրավել են շուկան, իսկ սակավաթիվ տնայնագործներ, տուրք տալով ժամանակի ճաշակին, ավելի շատ սկսել են գործել էկլեկտիկ բնույթի գորգեր: Սայան դրանք հեռու են եղել արցախյան գորգագործական մշակույթին բնորոշ ավանդույթներից:
Բնականաբար, Արցախյան գորգերի վերածնունդը հենց մեզ` արցախցիներիս համար կարեւոր նշանակություն ունի, քանզի վերականգնվում է մի մշակույթ, որով Արցախը միշտ ներկայացել է աշխարհին: Այս առումով հատկապես պատասխանատու եւ կարեւոր առաքելություն ունի Արցախի Հանրապետությունում իր գործունեությունը մի քանի ամիս առաջ սկսած Ղարաբաղ <<Կարպետ>> ընկերությունը:
<<Ընկերությունը նպատակ ունի նախ եւ առաջ վերարտադրել արցախյան հին գորգերը, որոնք իրենց տեսակի եւ բովանդակության մեջ բավականին արժեքավոր են եւ մրցունակ,- մեզ հետ զրույցում նշեց Ղարաբաղ Կարպետ ընկերության տնօրեն Սեւակ Խաչատրյանը եւ հավելեց,- այստեղ`Արցախում կատարվում է թելերի ներկումը, գործված գորգերի քիմիական մշակումը, խուզումը եւ մյուս բոլոր գործընթացները: Մենք հեռանկարում հնարավոր ենք համարում նաեւ միայն բնական ներկանյութերով ներկված թելերով եւ ընդհանրապես ավանդական տեխնոլոգիաներով գործված գորգերի արտադրությունը, մանավանդ նկատի ունենալով, որ հենց դրանցով են պայմանավորված արցախյան ավանդական գորգին բնորոշ լավագույն հատկանիշները: Մենք առաջնային ենք համարում տիպիկ արցախյան գորգերի արտադրությունը, այնպիսի գորգերի` ինչպիսիք դարեր շարունակ գործել են Արցախի գորգագործական կենտրոններում: Այժմ մենք փորձում ենք վերականգնել գրեթե մոռացության եզրին գտնվող մի մշակույթ, ամբողջ մի արժեհամակարգ, որովհետեւ սա նշանակում է` ինչպես մշակութային իրի` տվյալ դեպքում` գորգի, այնպես էլ գորգագործության` որպես հազարամյակների կյանք ունեցող մշակութային գործունեության ոլորտի վերականգնում: Հիմա արդեն շուրջ հինգ ամսվա կյանք ունեցող ընկերությունը երկու գործարան ունի ԼՂՀ Ստեփանակերտ եւ Շուշի քաղաքներում: Արցախցի շուրջ 120 աղջիկներ եւ կանայք աշխատում են մեր ընկերությունում որպես գորգագործուհիներ>>:
Ներկայումս Ղարաբաղ Կարպետ ընկերությունում գործում են մինչեւ 32 խտության գորգեր՝ հիմնականում 3, 4 մինչեւ 5 քմ մակերեսով:
Ընկերությունն իր առջեւ նպատակ է դրել այս տարի գործել հիմնականում ժամանակին արցախյան գորգագործական կենտրոններում գործված գորգեր. <<Այս պահին ունենք օրինակ՝ Արծվագորգերի տարբեր տեսականի, Արեւագորգեր, Հարսանեկան գորգեր, Աստղ-հավք, Արծվենշան, Խնձորեսկ, Կեռանախշ վարդյակներով գորգեր, Թռչնաբուն, Վիշապագորգեր, Խաչ-խորան, Թագ գորգ եւ այլն>>, — տեղեկացրեց ընկերության տնօրեն Ս. Խաչատրյանը:
Ընկերության տնօրենի հավաստմամբ` Ղարաբաղ Կարպետ ընկերությունն այս տարի նաեւ ուսուցողական հաստատություն է, եւ գորգագործուհիների մի մասը գորգր գործել սովորել է հենց գործարանում:
Ս Խաչատրյանը փաստեց, որ ընկերությունն արտադրանքի իրացման հետ կապված խնդիր չունի. <<Այս պահին Ղարաբաղ Կարպետ ընկերությունը պատվեր ունի <<Արցախյան առաջին ազգային վիճակախաղ>>-ից, եւ մինչեւ տարեվերջ պետք է արտադրել շուրջ 300 գորգ: Կազմակերպության հիմնական նպատակն է աստիճանաբար իր ուրույն տեղն ունենալ համաշխարհային շուկայում: Մենք պատկերացնում ենք գործի ամբողջ դժվարությունն ու պատասխանատվությունը: Սակայն պետք է ընդգծեմ, որ սա նաեւ քաղաքական եւ մշակութային նշանակություն ունի նախ եւ առաջ: Քաղաքական նշանակություն ունի, որովհետու սա լուրջ մարտահրավեր է մեր հարեւաններին, ովքեր հասցրել են արդեն յուրացնել մեր մշակույթը: Ուստի` մեր ընկերությունն էլ այս ասպարեզում ունի իր ասելիքն ու դա իրականացնելու է հենց Արցախի Հանրապետությունում գործված արցախյան գորգերը համաշխարհային շուկա հանելու ճանապարհով: Մենք նպատակ ունենք, եւ առավել քան վստահ ենք, որ Ղարաբաղ Կարպետ ընկերությունն աշխարհին կներկայանա բավականին հետաքրքիր եւ մրցունակ առաջարկներով>>:
Ի դեպ, ընկերությունը նպատակ ունի ընդլայնել իր գործունեությունը Արցախի ողջ տարածքում, առաջիկա տարիների ընթացքում գորգագործների թիվը հասցնելով շուրջ 500-ի:
<<Անհրաժեշտ ենք համարում շեշտել, որ այս ամենի իրականացման հարցում մենք վայելում են ԼՂՀ իշխանությունների աջակցությունը, եւ հենց այս կերպ ենք պատկերացնում նաեւ մեր հետագա աշխատանքները: Այն բիզնես-միջավայրը, արտոնյալ պայմանների առկայությունը, որոնք տրամադրվում են ԼՂՀ իշխանություների կողմից, մեծապես նպաստում են մեր գործունեությանն ու դրա հետագա ծավալմանը>>:
Ընկերությունն իր գործունեության առաջին իսկ օրից համագործակցում է գորգագործության ոլորտում հայտնի մասնագետների հետ` մասնավորապես պատմական գիտությունների թեկնածու, գորգագետ Աշխունջ Պողոսյանի հետ.
<<Օգտվում ենք հրապարակված տվյալներից` մասնավորապես Վահրամ Թաթիկյանի ուսումնասիրություններից, որոնցում ներկայացված են արցախյան գորգագործական կենտրոններին վերաբերող մեծ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ նմուշներ: Անշուշտ, համագործակցում ենք նաեւ Արցախի թանգարանների, առանձին անհատ մարդկանց հետ, ովքեր փոքրիշատե հետաքրքված են այս ոլորտով: Մեր պատրաստակամությունն ենք հայտնում եւ ուրախ կլինենք համագործակցել բոլոր նրանց հետ, ովքեր կցանկանան եւ հետաքրքրություն կունենան աշխատել մեզ հետ>>:
Ի դեպ ընկերությունն ունի ինտերնետային բազմալեզու կայք` karabakhcarpet.am եւ karabakhcarpet.com:
Եւ, ինչպես Ս. Խաչատրյանն է հավաստիացնում, աշխարհի ցանկացած վայրից կարող են այցելել այդ կայքը, ծանոթանալ գործարանի արտադրանքին, ինչպես նաեւ պատվիրել իրենց նախընտրած գորգը:
<<Կազմակերպությունը բավականին երիտասարդ է, եւ այն ամենը, ինչ հասցրել ենք անել այս 5 ամիսների ընթացքում, ընդամենը կարելի է ասել` մեկնարկն էր>>,-նշեց Կազմակերպության տնօրենը:
Նոյեմբերի 20-22-ը Ղարաբաղ Կարպետ ընկերության տնօրենը մասնակցել է Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ Երեւանում առաջին անգամ կազմակերպված հայկական գորգագործական մշակույթի ուսումնասիրման հիմնահարցերին նվիրված «Հայկական Հանգույց. գորգագործության ավանդույթները» խորագրով միջազգային գիտաժողովին:
Գիտաժողովի շրջանակներում քննարկվել են <<Հայոց գորգագործական մշակույթի ուսումնասիրման ու տիպաբանման հիմնախնդիրները: Հայոց գորգարվեստի տեղը առաջավոր ասիական գորգագործական մշակույթի համակարգում>>, <<Հայկական գորգերի գեղազարդման համակարգի ու դրա առանձնահատկությունների մասին: Հայկական գորգերն արտերկրի թանգարաններում: Հայկական գորգերի մասնավոր հավաքածուների մասին>>, <<Հայկական գորգի, ասեղնագործության ու ժանյակի, մանրանկարչության, կիրառական ու մոնումենտալ արվեստի առարկաների գեղազարդման սկզբունքների փոխկապակցվածության մասին>>, <<Ավանդական եւ ժամանակակից գորգը>>, <<Գորգի վերանորոգման ժամանակակից տեխնոլոգիաների մասին>>, <<Գործվածքի թանգարանային հավաքածուների պահպանության, ցուցադրման եւ ուսումնասիրման հիմնախնդիրները>> թեմաները:
Միջազգային գիտաժողովին մասնակցել են հեղինակավոր մասնագետներ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից, Մեծ Բրիտանիայից, Լեհաստանից, Ավստրիայից, Լիբանանից, Հայաստանից եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից: Գիտաժողովում ներգրավված են եղել գորգագործության բնագավառում գործունեություն իրականացնող կազմակերպություններ:
Ի դեպ, միջազգային գիտաժողովի մասնակիցների մի մասը գիտաժողովի ավարտից հետո այցելել են Արցախ` տեղում ծանոթանալու Արցախում գորգագործության գործընթացքին: Այցելելով Ղարաբաղ Կարպետ ընկերություն, գիտաժողովի մասնակիցները կիսվեցին իրենց տպավորություններով.
<<Անչափ ուրախ եմ եւ զարմացած եմ այն բանի համար, ինչ տեսա Արցախում: Լինելով Ղարաբաղ Կարպետ ընկերությունում եւ ծանոթանալով ընկերության պայմանների եւ արտադրանքի հետ, միայն հպարտության զգացումով եմ համակվել, եւ իրականում այդ ամենը հպարտանալու առիթ է հանդիսանում,- նշեց գիտաժողովում Իսպանիան ներկայացնող Գուրգեն Առաքելյանը եւ հավելեց,- այսօրվա դրությամբ աշխարհում գորգի աճուրդային ամսագրերի բաղկացուցիչ մասը Ղարաբաղի գորգերն են: Իրականում աշխարհին հայտնի են Ղարաբաղի գորգերը մնում է կարողանալ պայմաններ ստեղծել, որպեսզի տեղի արտադրանքը միջազգային շուկա դուրս բերվի>>:
Գ. Առաքելյանը խոսեց նաեւ այն մասին, թե որքանով է միջազգային շուկայում գորգերի արտադրությունը հեռանկարային. <<Երբ սահմանները բացվեցին եւ Եւրոպան սկսեց ապրանք ներմուծել, գորգերի արժեքը կտրուկ ընկավ, քանի որ Չինաստանից, Պակիստանից եւ Հնդկաստանից սկսեցին զարմանալի էժան գներով ապրանք ներմուծել Եւրոպա: Ես այս խնդրի լուծումը տեսնում եմ մեր Սփյուռքում: Մենք սփյուռքին ոչ թե պետք է դիմենք խնդրանքով, որ փող տան մեզ, այլ պետք է դիմենք, որ մեր ստեղծած ապրանքն օգնեն վաճառել: Այլ ապրանքներ գնելու փոխարեն գնեն Արցախում արտադրված ապրանքը: Ի վերջո, ամեն մարդ ներքուստ պետք է հպարտ լինի, սա նաեւ արժանապատվության հարց է, որ իր գնումով նպատում է Արցախում արտադրության զարգացմանը: Ղարաբաղ <<Կարպետ>> ընկերությունում իմ կատարած ուսումնասիրությունների արդյունքերը ցույց են տալիս, որ ընկերությունում արտադրված գորգերի որակը շատ բարձր է, հումքը մաքուր է եւ բնական, սինթետիկ չէ: Այսօր աշխարհը ձգտում է բնական հումքով ստեղծված ձեռքի աշխատանք ձեռք բերել: Իսկ այս ընկերությունում միայն նման արտադրանք է արտադրվում>>:
Պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ մշակույթի նախարարության փորձագիտական կենտրոնի գլխավոր մասնագետ, գորգագետ Աշխունջ Պողոսյանը երեւանում կայացած միջազգային գիտաժողովի կազմակերպիչներից է: Ըստ նրա` գիտաժողովը ի սկզբանե մի քանի ուղղություն է ունեցել. <<Միջազգային գիտաժողովն ուներ մի քանի ուղղություններ եւ նպատակներ: Դրանցից հիմնականն այն էր, որ ի վերջո մենք կարողանանք մեր գաղափարները, մտքերը անմիջականորեն ասենք այն մարդկանց, ովքեր զբաղված են գորգագործական մշակույթի հետազոտման աշխատանքներով: Ի դեպ, գիտաժողովին մասնակցության հրավերներ ուղարկվել են եւ Բաքվի թուրքերին եւ Ստամբուլի թուրքերին, սակայն նրանցից եւ ոչ մեկը չի ներկայացել այդ գիտաժողովին: Սակայն կարեւոր եմ համարում այն հանգամանքը, որ մենք գիտաժողովին մեր խոսքն ասել ենք եւ համոզված ենք, որ դա նաեւ նրանց համար է լսելի դառնալու>>: Ա. Պողոսյանի հավաստմամբ` գորգագործական գիտության մեջ արեւելյան գորգեր սիրողների շրջանում գրեթե ընդունված չէ հայկական գորգ հասկացությունը: Անգամ եղել է տեսակետ, որ հայերը գորգագործությամբ չեն զբաղվել: Բնականաբար, այդ տեսակետը պարզապես ծիծաղելի է:
Գորգագետի համոզմամբ` Արցախում արտադրվող գորգերն իրացվող ապրանքներ են. <<Ես բավական ժամանակ է, ինչ հետեւում եմ Արցախում գորգագործարանի գործունեությանը, ինքս բավականին էսքիզներ եմ տրամադրել ընկերությանը: Իհարկե, աշխարհում կան տարբեր տեսակի ճաշակներ եւ պահանջներ: Արցախում արտադրվող գորգերն իրացվող ապրանքներ են: Եւ գործարանում գործվող բոլոր գորգերը բնորոշ են Արցախյան գորգագործական մշակույթին: Գորգագործության շուկայում հսկայական մրցակցություն կա, իսկ Ղարաբաղ Կարպետը դեռեւս նոր է աճում, բնականաբար այդ շուկայում տեղ գրավելը դժվար է լինելու, բայց պետք է ձգտել մի քանի պատճառներով, նախ, որ հայոց գորգագործական ավանդույթները վերակենդանանան, զարգանան ու տարածվեն: Երկրորդ` այդ ավանդույթները հարստացվեն նոր երանգներով, նոր գծերով, նոր գաղափարներով եւ, որ ամենակարեւորն է, Արցախում ստեղծվեն աշխատատեղեր, ընդ որում` ձեռնարկության մասնաճյուղեր հիմնվեն նաեւ գյուղական վայրերում, քանզի ժամանակին մենք Արցախում գորգագործական ավանդույթներով հայտնի շատ գյուղեր ենք ունեցել>>:
<<Ղարաբաղյան գորգը շատ կարեւոր ավանդույթ ունի,- նշեց Ղարաբաղ Կարպետ ընկերություն այցելած միջազգային գիտաժողովի մասնակից Ստեփանո Իոնեսկոն,- երբ գործ ես ունենում ավանդական ու հին որեւէ բանի հետ, դժվար է այն նմանօրինակել: Հին ղարաբաղյան գորգերը բարձր արվեստի նմուշներ են. սրանք գորգեր են ժամանակակից գնորդների համար, որոնք կարող են որպես զարդարանք ծառայել տան համար: Երջանիկ եմ տեսնել այս գործարանը, ամեն ինչ շատ լավ կազմակերպված է, պայմանները շատ լավ են, որը շատ կարեւոր հանգամանք է, ուրախ եմ տեսնել երիտասարդ աշխատողներ թե տնօրինության, թե բանվորական կազմում: Ինչ վերաբերում է միջազգային շուկային, այն դժվար է հասկանալ եւ իր յուրահատկություններն ունի, բայց հավանաբար սա լավագույն հայկական ժամանակակից ավանդական գորգի դրսեւորումներից է, սակայն դեռ աճելու տեղ ունի այս գործը>>:
Իսկ Արցախ այցելած լեհ պրոֆեսորը նշեց, որ իրեն առանձնապես դուր է գալիս Ղարաբաղյան գորգերի գույնը, այն առանձնահատուկ է. << Կարծում եմ` կարող եք դուրս գալ միջազգային շուկա այս գորգերով. կան մարդիկ, որոնց դուր կգան հենց այս գորգերը>>:
Պատրաստեց Անի ԱԶԱՏՅԱՆԸ