Արցախի ՏԻՄ ընտրություններն ադրբեջանական հայելու մեջ
Գլխավոր » Լրահոս » Արցախի ՏԻՄ ընտրություններն ադրբեջանական հայելու մեջ

Արցախի ՏԻՄ ընտրություններն ադրբեջանական հայելու մեջ

Կամ՝ ինչպես ծիտը երազում կորեկ տեսավ

Ինչ խոսք, շփոթել հնարավոր չէ՝ հայելին տեղական, այսինքն՝ ադրբեջանական արտադրության է եւ, որպես այդպիսին, դարձյալ ծուռ է։ Եվ, քանի որ սովորաբար նրա մեջ ամեն ինչ՝ մարդու պատկեր լինի, թե առարկա, աղավաղված տեսքով է արտացոլվում, ուստի եւ, իբրեւ խոտան արտադրանք, ապրանքն այդ ամենեւին հարգի չէ ու ենթակա չէ արտահանման։ Բնականաբար, պահանջարկ չունենալով համաշխարհային շուկայում՝ այն սպառվում է բացառապես արտադրող երկրում՝ Ադրբեջանում։

Ընդ որում, հիմնական պատվիրատուն հենց այդ երկրի՝ Ադրբեջանի իշխանություններն են, ում համար վաղուց ի վեր արմատացած ավանդույթի ուժով առավելապես ձեռնտու, շահեկան է երեւույթները, իրադարձություններն ու մարդկանց ներկայացնել սեփական արտադրության ծուռ ու խոտան, քան Արեւմուտքում առաջարկվող բարձրորակ, հստակ արտացոլանք տվող հայելու մեջ։ Թե ինչու, կարծում եմ, առավել քան հասկանալի է: Ադրբեջանում խաբկանքի ուժով անհամեմատ հեշտ ու անվտանգ է կառավարել, հնարավոր է` հավկուրության ախտանիշով տառապող, կարճատես կամ խավարամիտ հանրությանը, ավելին՝ երկարատեւ լողարկման վստահությամբ ու հուսալի հեռանկարով պահպանել սեփական իշխանությունը, ինչու՞ չէ՝ նաեւ երեւութական տաքուկ տեղ ունենալ պետությունների միջազգային ընտանիքում։

Հետո՞ ինչ, որ նույն այդ միջազգային ընտանիքում քաջատեղյակ են իրերի ողջ դրությանը։ Գիտեն, որ հարավ-կովկասյան երկիրն այդ՝ Ադրբեջանը,  հանրային-պետական կառավարման իր բնույթով ըստ էության բռնապետական է եւ ժողովրդավարություն ասած երեւույթն օրը ցերեկով անգամ ճրագով էլ ման գաս ու որոնես՝ չես գտնի։ Թեկուզ, ասենք, ինչու՞ ոչ, կարելի է գտնել, բայց միայն բանտային ճաղերի ետեւում՝ զնդաններ նետված հարյուրավոր ընդդիմադիր գործիչների վհատ հայացքներում։

Գիտեն, որ Ադրբեջանից արտահանվող էներգակիրների շահույթի առյուծի բաժինն ուղղվում է ոչ թե այն արտադրող ժողովրդի բազում կարիքների բավարարմանը, այլ սորուն ավազի նման հոսում է երկրի նախագահի ու նրա մերձավորների անտակ գրպանները, գումարվում եվրոպական օֆշորների դրամատներում բացված նրանց անձնական հաշիվներում։

Գիտեն, որ այդ երկրի կառավարման ողջ համակարգը ոտից գլուխ, այսինքն՝ բնակշահագործման գրասենյակից մինչեւ նախագահի նստավայր կաշառասուն է, եւ հնարավոր չէ թեկուզ քո մարդ տեսակը հավաստող տեղեկանք անգամ ստանալ առանց դիմացինի թաթի մեջ թղթադրամ դնելու, բնականաբար՝ հիմնականում գերադասելի է կանաչ գույնի։ Հանրային քաղցկեղի այդ տեսակը, փաստորեն, վաղուց հատել է երկրի սահմանները եւ սարդոստայնի պես ցանցկեն իր որոգայթները հյուսել եվրոպաներում, որտեղ գործող միջազգային կառույցները, արցախցու ասած, նեղու են եկել ապշերոնյան ծագման այդ համաճարակից։

Գիտեն, որ մարդատյացությունը, մանավանդ՝ հայատյացությունը սահմաններ չի ճանաչում Ադրբեջանում, եւ, Աստված մի արասցե, որ պետական սահմանի անցակետում հանկարծ պարզվի, որ հայ ես եւ կամ, դիցուք, նախապապդ ու նախատատդ երբեւէ, ասենք թեկուզ հպանցիկ բարիդրացիական շփում են ունեցել հայ ընտանիքի հետ։  Երկու դեպքում էլ, ինչպես ասում են, վայն եկել տարել է քեզ։

Գիտեն, որ ռազմատենչ ու ծավալապաշտ է այդ երկիրը՝ աչքը տնկած հարեւան պետությունների՝ Հայաստանի, Վրաստանի, Իրանի եւ Ռուսաստանի «պատմականորեն ադրբեջանական» հողերի վրա, եւ անընդհատ սպառազինվում է, չափազանցություն չլինի, եթե ասենք՝ իր ամեն մի բնակչի հաշվով առնվազն մեկ հրասայլ ու մեկ հրթիռ ունենալու հեռանկարով։

Գիտեն, իհարկե, այս ամենի մասին, բայց մատների արանքով են նայում ու չեն բարձրաձայնում: Ինչպե՞ս կարելի է. Ադրբեջանը նավթ ու գազ ունի, իսկ Եվրոպան ամառվա տապին անգամ մրսում է, մանավանդ՝ համաշխարհային կլիմայի ներկայիս շեշտակի փոփոխությունների պայմաններում։

Եվ վերջապես. ադրբեջանական արտադրության նույն այդ ծուռ հայելու արտացոլանքից այս էլ քանի ու քանիերորդ անգամ «պարզվում» է, որ Լեռնային Ղարաբաղը, իմա՝ հայոց պատմական Արցախ աշխարհը կամ Մեծ Հայքի 10-րդ նահանգը, խոր հնադարից ի վեր եղել է Ադրբեջանի բաղկացուցիչ մասը եւ որ նրա ներկայիս կարգավիճակը՝ անկախ, ինքնիշխան հայկական պետականությունը՝ Արցախի Հանրապետությունը ոչ այլ ինչ է, քան հարեւան Հայաստանի զավթողական քաղաքականության հետեւանք։ Բայց, որ մարդկության բազմադարյա պատմությունն աշխարհի քաղաքական քարտեզի վրա Ադրբեջան անունով պետություն չի հիշատակում, բացառությամբ՝ վերջին շուրջ երեք տասնամյա ժամանակահատվածի, եւ տեղական արտադրության այդ հայելին պատմական իրողության թեկուզ մորզեի այբուբենի կետ-գծի տեսքով նշույլ անգամ չի արտացոլում, ամենեւին էական չէ Ադրբեջանի «պատմաքաղաքագիտական մտքի» համար։ Ըստ այդ հայելային խաբուսիկ պատրանքի, որ ոչ այլ ինչ է, քան անհիմն ու անհեռանկար պայծառատեսություն, էականն այն է, որ «Գարաբաղ բիզիմդիր», ասել է թե՝ «Ղարաբաղը մերն է»։ Եվ, քանի որ «Գարաբաղ բիզիմդիր», դատում են Բաքվի, այսպես կոչված, «պատմաքաղաքագիտական» ու «վերլուծական» մտքի կետրոններում, ուստի Ադրբեջանի այդ «բռնազավթած տարածաշրջանում» անօրինական ու, որպես այդպիսին, բացարձակապես անթույլատրելի է հայկական ցանկացած ինքնագործունեություն՝ սկսած նոր մանկապարտեզների բացումից մինչեւ կառավարման մարմինների ընտրություն, կարեւոր չէ՝ համապետական, թե տեղական նշանակության։

Ոչ, իհարկե, պատկերացնել պետք չէ, քանզի սովորաբար երեւակայում, պատկերացնում են այն, ինչ անտեսանելի է: Պարզապես տեսնել ու լսել է պետք այն անզուսպ ու համատարած վայնասունը, որ Բաքուն ամեն անգամ բարձրացնում է առանձնապես ընտրությունների կապակցությամբ, որոնք պարբերաբար՝ սահմանադրորեն նշանակված ժամկետներում անցկացվում են Արցախի Հանրապետությունում՝ լինեն դրանք նախագահական, խորհրդարանական, թե տեղական ինքնակառավարման մարմինների։

Եվ որպեսզի հատկանշական օրինակների համար եւս մեկ ավելորդ անգամ չխորանանք անցած տասնամյակների իրադարձությունների հորձանուտի մեջ, ուստի բավարարվենք ադրբեջանական այդ «համանվագի» սոսկ վերջին հնչերանգներին՝ կապված սեպտեմբերի 8-ին Արցախի  համայնքներում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) հերթական ընտրությունների հետ։

Ահավասիկ. «Հայաստանի կողմից մեր երկրի բռնազավթված տարածքներում անցկացվող «տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները» պարզապես հերթական շոու են, որոնք մատուցվում են ինչ-ինչ «ընտրությունների» շղարշի ներքո»,- արտահայտելով իշխանությունների տեսակետը, տակավին ընտրությունների նախօրյակին, լրատվամիջոցների վկայությամբ՝ դրանք միանգամայն ջղագրգիռ տոնով մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակ Լեյլա Աբդուլլաեւան։ «Սակայն գոյություն ունեն բոլորին հրաշալի հայտնի իրողություններ. ինչ «ընտրությունների» մասին էլ որ փորձեն խոսել ռազմական ագրեսիայի, բռնազավթման, համատարած էթնիկ զտումների եւ այլ ապօրինի գործողությունների պայմաններում, ոչ այդ ներկայացումը, ոչ էլ նրա արդյունքները չեն ճանաչվում ու չեն ճանաչվելու միջազգային հանրության կողմից։ Դա լիովին վերաբերում է նաեւ բուն խամաճիկային վարչախմբին, որ Հայաստանը ստեղծել է մեր երկրի բռնազավթված հողերում»,- պնդել է նա։ Բայց դա, կրկնում եմ, ասվել է ընտրությունների նախաշեմին։

Իսկ ահա թե ինչ է հայտարարել՝ Բաքվի մինվալ.ազ լրատվական կայքի փոխանցմամբ, «Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի ադրբեջանական համայնքի ղեկավար» Թուրալ Գյանջալիեւն արդեն Արցախի ՏԻՄ ընտրությունների հաջորդ օրը՝ սեպտեմբերի 9-ին։ Նմանակելով ԱԳՆ-ում իր նախկին գործընկերուհուն, այսպես կոչված՝ «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» նորաթուխ երիտասարդ ղեկավարը նրա օրինակով նույնպես «ընտրական շոու» է անվանում սեպտեմբերի 8-ին Արցախում անցկացված ՏԻՄ ընտրությունները։ Սակայն, ի տարբերություն մամլո խոսնակ խանումի, ըստ երեւույթին նա այլեւս ընդմիշտ հրաժեշտ է տվել մինչ այդ՝ արտաքին քաղաքական գերատեսչությունում աշխատելու տարիներին փոքրիշատե ձեռք բերած դիվանագիտական չափի զգացողությանը։ Այնպես որ՝ հայտարարությունը ծայրից ծայր հագեցած է Հայաստանի, Արցախի եւ երկու հայկական պետությունների իշխանությունների հասցեին ուղղված, իրականում վայրահաչոց հիշեցնող ստոր արտահայտություններով ու բնորոշումներով։ Լուսահոգի Հռիփսիմե տատս նման դեպքերում կասեր. «Շանը կապիր, գայլին բաց թող»։ Դատեք ինքներդ. «Հայտարարում ենք մտացածին խունտայի կեղծ «ղեկավարներ» Բակո Սահակյանին, Աշոտ Ղուլյանին եւ ժողովրդավարության նրանց մյուս ջատագովներին, որ ժողովրդավարության քողի տակ թաքնվելու նրանց մտադրությունը ծիծաղ է հարուցում, եւ այդ «ընտրությունների» արդյունքները, ընտրություններ, որոնք Հայաստանի կողմից անցկացվել են բռնազավթված եւ էթնիկ զտումների ենթարկված ադրբեջանական հողերում, միջազգային հանրության կողմից չճանաչված եւ հերթական անգամ ագրեսորին մերկացրած շոու են։ Ագրեսոր Հայաստանը եւ արյունալի խունտան, նման «ընտրություններ» անցկացնելով, իրականում զբաղվում են ոչ միայն միջազգային հանրության, այլեւ իրենք իրենց իսկ խաբելով»։ Գյանջալիեւի հիվանդագին դատողությամբ՝ «Կեղծ «ընտրությունները» գործնականում եւս մեկ անգամ բացահայտեցին Հայաստանի իշխանության եւ մտացածին վարչախմբի միջեւ առկա տարաձայնությունները։ Իսկ դրանից տուժում են ոչ միայն Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի ադրբեջանական համայնքը, այլեւ հայկական համայնքը՚։ Զարմանալի է եւ աններելի՝ արցախցիներս առ այդ չգիտեինք էլ, որ «բախտակիցներ» ունենք մեր երկրի սահմաններից արեւելք ընկած կամ, այլ կերպ ասած, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծից անդին տարածքներում, ովքեր մեզ պես ու մեզ հետ միասին տուժում, տառապում են Երեւան-Ստեփանակերտ տարաձայնություններից։ Երեւի պետք է փառք տանք ՏԻՄ վերջին ընտրություններին, որոնց պարագայում միայն վերջապես բացվեցին մեր աչքերը։ Իհարկե, մեր  ոխերիմ հարեւանների օգնությամբ։

Բայց, այնուամենայնիվ, կա՞ արդյոք որեւէ ելք երկուստեք ծանր այդ իրավիճակից։ Ապավինելով հայրենի արտադրության ծուռ հայելու արտացոլանքին՝ Լեռնային Ղարաբաղի անգո «ադրբեջանական համայնքի՚ ղեկավարը միանգամայն լավատեսորեն է համակված։ Այո, կա, ինքնավստահ ասում է նա. «Մենք լիովին վստահ ենք, որ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերն ադրբեջանցիների հետ միասին, ովքեր կվերադառնան Ադրբեջանի Հանրապետության միջազգային մակարդակով ճանաչված սահմանները վերականգնվելուց հետո, մասնակցություն կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, որոնք կանցնեն Սահմանադրությանը եւ տեղական ինքնակառավարման մասին օրենքներին համապատասխան»։

Էհ, ստիպված եմ նորից հանգուցյալ տատիս խոսքը հիշել։ «Ծիտը երազում կորեկ է տեսել»,- ասում էր նա։

Միքայել Հաջյան

1