Արցախի մանուկները առիթ կունենան ծանոթանալու հայկական միջնադարյան մանրանկարչության արվեստին

Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարը ընդունել է «Մշակութային հայապահպանության կենտրոն» հիմնադրամի հիմնադիր նախագահ բանաստեղծ-դաշնակահար Կամիլա Երկանյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են մշակույթի և կրթության հարցերին առնչվող հիմնախնդիրներ:
Կամիլա Երկանյանը ներկայացրել է հիմնադրամի կողմից մեկնարկվող հայապահպանական ծրագրերը, որոնց հիմքում Արցախ-Հայաստան-Սփյուռք անխախտ բանաձևն է:
Կամիլա Երկանյանը կարևորել է Արցախի մշակութային ճանաչման հիմնախնդիրը` որպես հիմնադրամի գործունեության առանցքային ուղղություն, և այդ ուղղությամբ ծրագրեր ներկայացրել:
Օգոստոսի 28-ին, ժամը 11-ին Շուշիի Կերպարվեստի պետական թանգարանում կկայանան «Մշակութային հայապահպանության կենտրոն» հիմնադրամի կողմից կազմակերպած «Հայոց Այբուբենի Սահմանը» գրական միջոցառումը և «Սիրո Այբուբեն» մանրանկարչական ցուցահանդեսը, որի ընթացքում Արցախի Հանրապետության առաջին դասարան հաճախող երեխաներին «Մշակութային հայապահպանության կենտրոն»-ի կողմից կնվիրատրվի «Իմ Այբուբենը» մանրանկարչական գունավորման ժողովածուն: Այսպիսով` Արցախի մանուկները առիթ կունենան ծանոթանալու հայկական միջնադարյան մանրանկարչության արվեստին:
Հանդիպման ընթացքում Կամիլա Երկանյանը և Լեռնիկ Հովհաննիսյանը քննարկել են նաև կենտրոնի հայապահպանական ծրագրերի տարածմանն ուղղված հիմնախնդիրները հայկական սփյուռքում, որոնք միտում ունեն այս համազգային ծրագրի շրջանակներում ներգրավել նաև հայ դպրոցին և ուսուցչին:
ԱՀ ՄԵՀԶ նախարարություն