Արցախի երիտասարդական կառույցների հայտարարությունը
«Մայր Հայաստանի մեր սիրելի՛ քույրեր ու եղբայրներ.
Խորապես մտահոգ ենք, հետևելով այն ամենին, ինչ կատարվում է այսօր մեր Հայրենիքում… Համոզված ենք, որ միասնական կարող ենք լինել ոչ միայն արտաքին վտանգի պահին, այլև մեր երկիրն ամենաերանելին դարձնելու ճանապարհին: Միևնույն ժամանակ անհանգիստ ենք, քանզի այդ նպատակին հասնելու համար ներկայիս ընտրված բախումնային ուղին խիստ անհանգստության տեղիք է տալիս և հղի է խաթարելու հայոց պետականության խաղաղ զարգացման ու ամրապնդման գործընթացը և, ամենագլխավորը, վտանգելու հայրենի բնօրրանում մեր ազգային գոյատևման և հարատևման իրավունքը, որը գիտենք, թե ինչպիսի թանկ գնով ենք ժառանգել:
Ավելի քան քառորդ դար է٫ ինչ մենք բոլորս միասնաբար վերակերտել ու ամրապնդում ենք հայոց անկախ٫ ինքնիշխան պետականությունը՝ ի դեմս Հայաստանի և Արցախի Հանրապետությունների։ Մեր միասնականության շնորհիվ քիչ հաջողությունների չենք հասել այդ տասնամյակներում։ Բնականաբար٫ այսօր մենք իրավունք չունենք հարցականի տակ դնել մեր ազգային-պետական ձեռքբերումները, առանձնապես՝ մեր միասնականությունը։
Ուստի և Արցախի երիտասարդական կառույցների անունից հորդորում ենք մեր հարազատ քույրերին ու եղբայրներին, ինչպես նաև Մայր հայրենիքի քաղաքական ղեկավարությանը՝ ցուցաբերել խոհեմություն և իմաստնություն ստեղծված իրավիճակը կշռադատ, կառուցողական երկխոսության միջոցով ճիշտ ու ազգանպաստ հանգուցալուծման բերելու համար, համարձակորեն և ազնվորեն խոսելով այն բոլոր դրդապատճառների մասին, որոնք հիմք հանդիսացան նման քաղաքական հակադրության համար, և տալ դրանց իրագործելի և ազգաշահ լուծումներ:
Համոզված ենք՝ վեր դասելով ազգային շահը՝ հակադիր կողմերը ուժ կգտնեն գալ այնպիսի հանգուցալուծման, որը երբեք չի վտանգի մեր միասնությունը, արժանապատվությունը, սահմանը հսկող զինվորի կյանքն ու մեր նահատակ տղաների սուրբ հիշատակը»:
Հայտարարության տակ ստորագրել են «Հայկի Սերունդ», «Արցախակերտում» Արցախի «YMCA», ԱԱՄ «Հայրենյաց պաշտպան», «Առաջ Արցախ», «Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն», «Հանուն Արցախի», «Միացյալ Հայաստան», «Իրազեկ սերունդ», «Արա Գեղեցիկ» և «Ազգային Արցախ» երիտասարդական ու հասարակական կազմակերպությունները: