Արցախի բարեկամների համաժողովը մշտապես գործող հասարակական միավորման հիմք է լինելու

Հոկտեմբերի 11-ին Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության Հայ Դատի կենտրոնական խորհրդի և Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության համակազմակերպմամբ Ստեփանակերտում մեկնարկելու է «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովը:
ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ, համաժողովի համակարգող Սերգեյ Շահվերդյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է, որ համաժողովին մասնակցելու են ավելի քան 150 հասարակական, քաղաքական գործիչներ՝ երկրագնդի բոլոր աշխարհամասերից:
«Համաժողովի ընթացքում աշխարհի տարբեր վայրերում ապրող Արցախի բարեկամները կունենան հնարավորություն շփվել իրար հետ, նաև կստեղծվի բարեկամների շրջանակ, որը մշտապես գործող հասարակական միավորման հիմք է լինելու»,- կարևորելով համաժողովի անցկացումը՝ ասել է Սերգեյ Շահվերդյանը:
Համաժողովի համակարգողը տեղեկացրել է, որ համաժողովի մասնակիցների մի մասն արդեն ժամանել է Արցախ, վաղը Ստեփանակերտի մշակույթի, երիտասարդության պալատում մեկնարկելու են աշխատանքները:
«Մասնակիցները հնարավորություն կունենան արտահայտել իրենց մոտեցումները քննարկվող բոլոր հարցերի վերաբերյալ, իսկ համաժողովի աշխատանքների արդյունքում կհրապարակվի հռչակագիր: Ունենք հագեցած մշակութային ծրագիր, նախատեսված են այցելություններ Արցախի պատմամշակութային ու տեսարժան վայրեր»,- ավելացրել է Սերգեյ Շահվերդյանը:
Համաժողովին մասնակցելու է նաև ԱՀ նախագահ Բակո Սահակյանը: Քննարկումները հիմնականում ծավալվելու են երկու թեմաների շուրջ՝ «Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և խաղաղ կարգավորման գործընթացը» և «Արցախի Հանրապետության միջազգային կապերի ընդլայնման հնարավորությունները տնտեսական, մշակութային և գիտակրթական ոլորտներում՝ Արցախի մեկուսացմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականությանը դիմագրավելու նպատակով»։
Հավելենք, որ համաժողովի ֆինանսավորումն իրականացվում է հիմնականում մասնավոր միջոցների հաշվին:
Տ.Աղաջանյան