Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան. Նիկոլ Փաշինյան
Աշխատանքային առաջին այցով Արցախում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին մամուլի ասուլիս է ունեցել տեղական եւ արտասահմանյան շուրջ 40 լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
Նորընտիր վարչապետը նախ ներկայացրել է աշխատանքային այցի օրակարգային հիմնական հանդիպումները՝ Արցախի պաշտպանության բանակի հրամանատարական կազմի, ՊԲ հրամանատարի եւ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ:
«Այսօրվա քննարկումների արդյունքում համոզվեցինք, որ Արցախի եւ Հայաստանի անվտանգության ապահովման վերաբերյալ կլինի արդյունավետ համագործակցություն: Այդ խնդիրները մշտապես լինելու են Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում,- ասել է Ն.Փաշինյանը եւ անդրադառնալով Հայաստան-Արցախ փոխհարաբերություններին՝ նշել,-Որեւէ կասկած չկա, որ այդ հարաբերությունները կզարգանան բնականոն հունով, ձեռք կբերեն նորանոր դրսեւորումներ եւ դրանց արդյունքում նոր թափ կտրվի Արցախի միջազգային ճանաչմանը»:
Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ամենակարեւոր կոմպոնենտը համարում է ճիշտ ձեւաչափով բանակցությունները, որոնց պետք է անպայման մասնակցություն ունենա նաեւ Արցախը:
«Ես կարծում եմ, որ մենք պետք է հստակ պատասխանենք մի հարցի` ուզո՞ւմ ենք լուծել այս հակամարտությունը, թե՞ չենք ուզում: Եթե միջազգային հանրությունը, այդ թվում` Ադրբեջանը, ցանկանում են լուծել այս հարցը, անտրամաբանական է, որ խնդիրը քննարկվում է մի ֆորմատով, որով չի կարող լուծվել: Ինչպե՞ս կարող է բանակցային այս ֆորմատը լուծել մի հարց, որի առանցքային մասնակիցների մեկը ներգրավված չէ բանակցություններում: Այսինքն, սա էմոցիաների խնդիր չէ, սա պրագմատիկ խնդիր է: Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան: Հայաստանը նույնպես հակամարտության կողմ է եւ ինքը լիարժեք կխոսի իր անունից, իսկ Արցախի անունից պետք է խոսեն Արցախի իշխանությունները»,- նշել է Ն.Փաշինյանը:
Նա հավելեց, որ հայկական կողմերը միշտ էլ հանդես են եկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու դիրքերից, սակայն փաստն այն է, որ Ադրբեջանը պարբերաբար հանդես է գալիս ռազմատենչ հռետորաբանությամբ: «Ես կարծում եմ, որ եւ Ադրբեջանը, եւ միջազգային հանրությունը պետք է հստակ արձանագրեն, որ Հայաստանն ու Արցախը Ադրբեջանի ռազմաշունչ հռետորիկայի առաջ չեն ընկրկի, առավել եւս հիմա, երբ մեր ժողովուրդն ու ազգը միասնական է առավել քան երբեւէ»,- ասել է նա:
Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում փոխզիջումների մասին՝ Փաշինյանը նշել է, որ չի կարող խոսք գնալ փոխզիջումների մասին այն պարագայում, երբ Ադրբեջանի ղեկավարությունը բարձրաձայնում է Երեւանը, Զանգեզուրը գրավելու մասին
«Փոխզիջումների մասին կարող է խոսք լինել միայն այն պարագայում, երբ մենք Ադրբեջանից ստանանք հստակ ուղերձ, որ Բաքուն պատրաստ է ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը,- ասել է Նիկոլ Փաշինյանը եւ պատասխանելով «Ապառաժ»-ի այն հարցին թե որոնք են իր պատկերացմամբ այդ փոխզիջումները նշել է,-Քանի որ Ադրբեջանի կողմից մենք այս պահին չունենք հստակ ուղերձ, որ նրանք պատրաստ են ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ես այդ հարցի քննարկումը համարում եմ անիմաստ»:
ՀՀ վարչապետն ընդգծել է, որ միջազգային հանրությունը պետք է շատ հստակ արձանագրի, որ Արցախի հարցի էությունը մարդու իրավունքների պաշտպանության խնդիրն է, որովհետև խնդիրը ծագել է այն բանի արդյունքում, երբ Ադրբեջանը ոչ միայն ի վիճակի չի եղել ապահովել ԼՂ ինքնավար մարզի հայ բնակչության նվազագույն իրավունքները, այլեւ ուղիղ սպառնալիք է ստեղծել նրանց կյանքի եւ անվտանգության, նրանց ինքնության իրավունքին: «Այսինքն, Ադրբեջանը սպառնալիք է ստեղծել Արցախի ժողովրդի գոյության համար, իրական սպառնալիք, եւ այդ սպառնալիքները ոչ թե բանավոր խոսքով, այլ կոնկրետ գործողություններով` խաղաղ բնակչության դեմ ռազմական պայքար մղելով»,- ասել է ՀՀ վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի կարծիքով միջազգային հանրությունն անցած տարիների ընթացքում հանդուրժել է Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը:
«Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանության վերաբերյալ եղել են արձագանքներ դիվանագիտական մակարդակով եւ խողովակներով, եւ կարծում եմ, որ ժամանակն է, որպեսզի միջազգային հանրության հակաազդեցությունը ռազմատենչ հռետորաբանությանը լինի ավելի գործնական և ավելի հրապարակային»,- Արցախում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասել է ՀՀ վարչապետը եւ նշել, որ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններն այս պահին փակուղու մեջ են, իսկ ինքն իրականում առաջարկում է փակուղուց դուրս գալու տարբերակ: