Արցախը պետք է ունենա այնպիսի նախագահ եւ Ազգային ժողով, որոնք կվայելեն բոլորի հարգանքը. Հակոբ Տեր-Խաչատուրյան
Վերջերս «Երկիր Մեդիա» հեռուստատեսությանը տված հարցազրույցում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանն անդրադարձել է նաեւ Արցախում կայանալիք նախագահական եւ ԱԺ ընտրություններին:
Ստորեւ ներկայացնում ենք այդ հարցազրույցից մի հատված.
«Մեր նախընտրությունն է՝ ստեղծել այնպիսի մի մթնոլորտ Արցախում, որ կարողանանք հավաքվել մեկ ընդհանուր՝ բոլորի հարգանքը վայելող թեկնածուի շուրջ: Բնականաբար, յուրաքանչյուր թեկնածու համարում է, որ ինքը պետք է լինի այդ համախոհական թեկնածուն, այդ իսկ պատճառով ստեղծվելու է որոշակի անպատեհություն: Մենք ճիգ ենք թափելու, որպեսզի տեսնենք, որ Արցախն այս ամեն ինչից դուրս է գալիս ավելի հզորացած:
Արցախը պետք է ունենա այնպիսի նախագահ եւ Ազգային ժողով, որոնք կվայելեն բոլորի հարգանքը, եւ այդ ուղղությամբ մենք աշխատելու ենք եւ նույնիսկ պայքարելու:
Մեր հիմնական ցանկությունն այն է, որ այդ ընտրությունները ստեղծեն այնպիսի մթնոլորտ, որպեզի անցնեն խաղաղ, առողջ մրցակցային պայմաններում, իսկ ինչ վերաբերում է Ազգային ժողովի ընտրություններին, բնականաբար, բոլոր քաղաքական հոսանքները պետք է ձգտեն ունենալ աթոռներ, որպեսզի ապահովեն իրենց մասնակցությունն Արցախի քաղաքական կյանքին:
Բայց մեր հիմնական առաջնահերթություներից է նաեւ այն, որ Արցախը զերծ մնա որեւէ ցնցումներից, որեւէ պարտադրված թեկնածուներից, եւ մենք պատրաստ ենք սատարելու այսպես կոչված համախոհական թեկնածուին: Բայց եթե այդպիսի թեկնածու չլինի, բնականաբար, մենք հանդես կգանք մեր թեկնածուով, կամ դաշնակցության թեկնածուով, կամ, այնպիսի թեկնածուի շուրջ համախմբվելով, որ մի քանի ուժեր նրան ընդունեն որպես առողջ ազգային դեմք, այն ակնկալիքով, որ նա Արցախի բոլոր իրավունքները պաշտպանելու է բոլոր ճակատներում»:
«Ապառաժ»