Արցախը հավատարիմ է հողին ու հային
Ահա և ավարտվեց Հայաստանի Հանրապետության 2018թ. դեկտեմբերի հապճեպ խորհրդարանական ընտրությունների աննախադեպ քարոզարշավը: Աննախադեպ նախ և առաջ քարոզարշավի տևողության առումով և, անշուշտ, աննախադեպ բովանդակության տեսանկյունից:
Ինչպես ընտրությունների թվականի հապշտապ ճշտումը, այնպես էլ քարոզարշավը «ափալ-թափալ» էր:
Հատկանշական է, որ մասնակից քաղաքական ուժերի կողմից քննադատվեց և անցանկալի համարվեց Նիկոլ Փաշինյանի գլխավորած թիմի և նախկին իշխանությունների ներկայացուցիչների միջև գող-ոստիկան խաղի հոգեբանությամբ ծավալող ներկայացումը: Կարծես թե իշխանությունը փորձում էր ոստիկանի դեր ստանձնել և բռնել գողին, իսկ նախկին իշխանությունը գործում էր պաշտպանվել «բա դու էլ չես արել խոստումը» կամ «հակասել ես ինքդ քեզ» պաշտպանական վահանով: Այդ երևույթը բոլորովին չէր կարող կապ ունենալ առողջ քարոզարշավի տրամաբանության հետ, սակայն որպես շոու հետաքրքիր երանգավորում ունեցավ և այդ բեմականացումը ծածկեց քարոզարշավին մասնակից մյուս քաղաքական ուժերի խոսքն ու պատգամը:
Մյուս կարևոր հանգամանքը քարոզարշավի ընթացքում Ղարաբաղյան թեմայի շոշափումն էր, որը շահարկվեց հատկապես երկու ուժերի կողմից՝ ՀՀԿ-ի և «Իմ քայլի»: Բարեբախտաբար, Ղարաբաղյան շարժման մասին «Իմ քայլը» դաշինքի անդամ Սասուն Միքայելյանն անթույլատրելի սխալ արտահայտությունից հետո զրկվեց հետագա ելույթի հնարավորությունից:
Մյուս կողմից «Ղարաբաղի պաշտպան»-ի դերը ստանձնեց Դավիթ Շահնազարյանը: Հիշեցման կարգով նշենք, որ ոչ վաղ անցյալում նա ու Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի թիմից էին, ով բազմիցս հայտարարել էր, որ «Սեգոն լավ չի ապրի Հայաստանում, քանի դեռ Ղարաբաղի հարցը լուծված չի», ընդ որում նա հարցի լուծումը տեսնում էր զիջումների գնալու մեջ:
12 օրվա այս թոհուբոհը ոչ մի պղտոր ջուր էլ չպարզեց, դեռ ավելին, ջրերը շատ ավելի պղտորվեցին և ցավն այն է, որ ամենայն հավանականությամբ նույն պատկերն ենք ունենալու ապագա խորհրդարանում: Հույս ունենք, որ հազարավոր դիտումներ ապահովող, փողոցային, ասֆալտի մակարդակի իջած բանավեճերը չեն տեղափոխվի օրենսդիր մարմին: Վերջապես պետք է գիտակցել իշխանության բեռի ծանրությունը և կրել պատասխանատվություն:
Քաղաքական դաշտը ապականված է, գաղափարազուրկ շոուի բեմահարթակի վերածված, սելֆիներով ու ֆեյսբուքյան պատգամներով քաղաքական ներկայացումները չեն կարող երկար տևել: Իսկ ժողովրդին միայն ոչնչով սնելը և որկրամոլության մղող «միայն հացիվ» խոստումները բարոյազրկում են ազգին և խարխլում ազգն ու հայրենիքը պահող արժեքային համակարգը:
Արցախը երբեք չի կարող ընդունել նմանատիպ բարոյալքում: Արցախում յուրաքանչյուր ոք իր հարազատի արյան ու քրտինքի գնով կառուցել է պետություն, նվաճել է պատմական հայրենիք և գիտի իր երկրի, հողի արժեքը ոչ թե վերացական, այլ առարկայորեն՝ յուրաքաչյուր օր, յուրաքանչյուր ժամ հիշելով իր բարեկամի, հարազատի կամ հարևանի թափած արյան գինը:
Իսկ Արցախով այսօր պարծենում է յուրաքանչյուր հայ, Արցախը դարձել է հային արժևորող և հայի արժեքը կրող խորհրդանիշ:
Արցախը հավատարիմ է հողին ու հային:
«Ապառաժ»