Արցախը հակահեղափոխության օջախ ներկայացնելու միտումը ընդունելի չէ
Արցախի՝ 2020 թ-ի նախագահական ընտրություններին համաձայնեցված թեկնածուով մասնակցելու նպատակով՝ ՀՅԴ-ն հանդիպումներ և քննարկումներ է անցկացրել գրանցված 22 կուսակցությունից 15-ի հետ. Yerkir.am-ի հետ բացառիկ հարցազրույցում ասաց ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը:
Հրաժարվածներից նա նշեց 3-ի անունը. խորհրդարանական ընդդիմադիր «Ազգային վերածնունդը», ՀՀԿ-ն և «Մեր տունը Հայաստանն է» կուսակացությունները, որոնք փոխանցել են, որ ունեն իրենց սեփական թեկնածուն և օրակարգը:
Քննարկումներին մասնակցածների մասին որոշ տեղեկություններ, Դավիթ Իշխանյանի խոսքով, այդքան էլ ճիշտ չեն: Օրինակ, «Ազատ հայրենիք» կուսակացության մասին լուրը, թե իրենք մերժել են հանդիպետ ՀՅԴ-ի հետ՝ սխալ է ընկալվել. «Քննարկումները օրակարգային հարցերի շուրջ են՝ Դաշնակցության հրապարակած հիմնական սկզբունքային կետերի և, այդ առումով, մեզ համար կարևոր էր թե’ «Ազատ հայրենիք», թե’ «Արցախի ժողովրդավարական կուսակցության» հետ քննարկումները: Նաև արտախորհրդարանական ուժերի, որոնք հայտ են ներկայացրել քաղաքական դաշտում: Այդ առումով, հետաքրքիր էր «Պահպանողական», «Ինքնություն և միասնություն» կուսակցությունների, «Անկախության սերնդի» հետ հանդիպումները. համենայն դեպս, սրանք նոր անուններ են, որոնք հանրությանը կփորձեն ներկայացնել իրենց դիրքորոշումները»,-ասաց Դավիթ Իշխանյանը:
Արցախի ներքաղաքական օրակարգի մասին լրատվամիջոցներում շրջող տեղեկությունները, թե Սերժ Սարգսյանը հնարավոր է, հակահեղափոխություն ծավալի՝ Արցախի Հանրապետությունում ՀՀԿ-ի դիրքերն ուժեղացնելու, ապա Հայաստանի Հանրապետություն արտահանելու միջոցով, Դավիթ Իշխանյանը միակողմանի, ընտրովի տեղեկատվություն որակեց:
«Ի՞նչ է՝ Սերժ Սարգսյանին պիտի արգելե՞նք իր ծննդավայր այցելել և քաղաքական երա՞նգ տանք. արդար և ազնիվ չէ: Այս առումով պիտի վկայակոչենք ՀՀ թիվ 1 անձի հնչեցրած՝ դավադիր ուժերի տեսությունը. ո՞ւր են դավադիր ուժերը, ովքե՞ր են, գուցե հենց Երևանո՞ւմ են նրանք, եթե կան՝ ուրեմն պետք է հստակություն մտցվի: Նախ՝ չպետք է մոռանալ, որ ՀՀԿ-ն Արցախում չունի իր կառույցը. ում միջոցով պիտի այդ ամենը արվի: Իսկ եթե խոսում ենք հարաբերությունների մասին՝ քաղաքական և մարդկային, պետք է իրական գնահատական տալ: Այստեղ, կարծում եմ, կան միակողմանի, ընտրովի տեսակետներ, որոնք ընդունելի չեն, ինչպես նաև ընդունելի չէ Արցախը հակահեղափոխության օջախ ներկայացնելու միտումը»,-ասաց ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչը:
Նա ընդգծեց, որ ինքը շատ լավ տեղեկացված է ընդհանուր մոտեցումներին և այդ կարգի հայտարարությունները ոչ միայն չեն կարգավորում, այլև ավելի են խորացնում հայկական երկու հանրապետությունների միջև անջրպետը. «Այստեղ հարց է առաջնում՝ միտումնավոր է դա արվում, թե լավ արդյունքի հասնելու ակնկալիքով»:
Անդրադառնալով Սասնա ծռերի՝ Ստեփանակերտում բացած գրասենյակին, Դավիթ Իշխանյանն ասաց, որ անկախ դրանից, պետք է նայել՝ արդյոք Արցախի Հանրապետությունում պահանջված է այդ ուժը: Արցախցու լավագույն գնահատականը, նրա համոզմամբ, ՏԻՄ ընտրություններում արձանագրված փաստն է. համայնքներից մեկում Սասնա ծռեր կուսակցության անդամը իբրև համայնքի ղեկավար առաջադրված միակ թեկնածուն էր, բայց չընտրվեց:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
https://youtu.be/j3KekZICSgc