Արդարության ջահը գտնվում է Արցախում և պետք է վառվի այստեղ. Ա.Աղաբեկյան

Ապրիլի 22-ին ԼՂՀ ԱԺ ընտրություններում ՀՅԴ կողմից առաջադրված թեկնածուներ Արթուր Աղաբեկյանը, Վահրամ Բալայանը և Արմեն Սարգսյանը հանդիպում ունեցան ԱրՊՀ ուսանողների և դասախոսական կազմի հետ:
Վահրամ Բալայանը, կարևորելով կրթության դերը պետականաշինության գործընթացում, իր ելույթում ասաց. <<Մենք շատ լավ գիտակցում ենք, որ մեր վաղվա օրը կերտում են մեր երիտասարդները, որ վաղվա նախագահը, պատգամավորը, դասախոսը, մտավորականը այստեղ է կրթվում, և այն գործը, որը արվում է այստեղ՝ հայրենանվեր գործ է>>:
Արմեն Սարգսյանն իր ելույթում նշեց. << ՀՅ Դաշնակցությունը պետք է ունենա կայուն, հզոր տեղ ԱԺ-ում, որովհետև այս ընտրությունները հերթական ընտրություններ չեն, մայիսի 3-ին ընտրված խորհրդարանը քննարկելու է այնպիսի հարցեր, որոնց ճիշտ լուծումները կարող է տալ միայն ՀՅ Դաշնակցությունը>>:
Արթուր Աղաբեկյանը, ներկայացնելով ՀՅԴ ծրագրային դրույթները եւ կարևորելով երկրում կրթության ու գիտության զարգացման անհրաժեշտություն,՝ նշեց. <<ՀՅԴ-ն կրթության և գիտության դերը տեսնում է երկրի անվտանգությանը, տնտեսական և ռազմական հզորացմանը ծառայելու մեջ։ Արցախը կարող է ունենալ հզոր տնտեսություն, եթե ունենա այդ տնտեսության պահանջարկը սպասարկող կրթություն>>:
Ա.Աղաբեկյանը կարևորեց այն, որ այսօր ծայրահեղ անհրաժեշտություն է, որ ՀՅԴ քաղաքական կշիռը մեծանա, որովհետև այն խռովքը, որը հիմա տարածվել է համայն հայության շրջանակում, կարող է միայն Դաշնակցությունն ի չիք դարձնել, կարող է՝ ԱԺ-ում մեծամասնություն կազմելով:
<<Արդարության ջահը գտնվում է Արցախում և պետք է վառվի այստեղ>>,- շեշտեց Ա. Աղաբեկյանը:
Հանդիպումն ավարտվեց ուսանողների հարցադրումներով: