Արգամ Հարությունյանն այսօր կդառնար 47 տարեկան
Արգամ Հարությունյանը կամ ինչպես մարտական ընկերներն են կոչում՝ Շոշի Ագոն, այսօր կդառնար 47 տարեկան: Այս առթիվ այսօր հայրենի Շոշ գյուղում՝ նրա հիշատակն անմահացնող հուշարձանի մոտ, հավաքվել էին հերոսի ընտանիքը, հարազատներն ու ընկերները: Իրենց հարգանքի տուրքը մատուցելու էին եկել նաեւ ՀՅԴ Արցախի երկտասարդկան միության ընկերները:
Արցախյան շարժման եւ պատերազմի առաջամարտիկ, ՀՅԴ անդամ Ա. Հարությունյանը 1990-ին կազմավորել է Ասկերանի շրջանի Շոշ գյուղի պարտիզանական ջոկատը (հետագայում՝ վաշտ): 1991-92-ին նա Շոշի ձորակի գյուղերի (Քարինտակ, Մխիթարաշեն, Ավետարանոց, Գոմել, Վերին Սզնեք, Ներքին Սզնեք, Կարմիրգյուղ) կամավորական միացյալ ջոկատների գլխավոր հրամանատարն էր։
1988- 94-թթ. մասնակցել է Շոշի ձորակի գյուղերի ինքնապաշտպանական, ինչպես նաեւ Կրկժանի, Շուշիի, Ֆիզուլիի ազատագրական մարտերին։
Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։ Հայրենի Շոշ գյուղում դրված է նրա քարակոփ կիսանդրին (քանդակագործ՝ Յու. Հովհաննիսյան), որը հիշեցնում է հերոսի մշտական ներկայությունը գյուղում, եւ սերունդներին պատմում նրա գործն ու անմահության խորհուրդը: