Արամ Մանուկյանի նամակը Վանի ընկերներին
Գլխավոր » Լրահոս » Արամ Մանուկյանի նամակը Վանի ընկերներին

Արամ Մանուկյանի նամակը Վանի ընկերներին

Սիրելիք!

Ձեզնից բազմաթիւ նամակներ եմ ստացել եւ ոչ մէկին կարծեմ հնարաւոր չեղաւ պատասխանել: Լրագիրներից կ’իմանաք վերջին անցուդարձը: Ես ուզում եմ միայն ստեղծւած կացութեան մասին մի քանի գործնական թելադրութիւններ անել ձեզ:

I.- Լրագիրներից եւ նամակներից կը տեսնէք, որ Կովկասը ահաբեկւած եւ խուճապի է մատնւած. սրա պատճառը փնտրելու էք ոչ թէ թշնամու գերազանց ուժերի մէջ, այլ մեր ներքին կացութեան մէջ. զօրքը անբարոյականացել է. տուն փախչելու ֆիզիխօզը հասել է ծայրայեղութեան. սրա դէմ վերջերս միջոցների դիմեցինք, կիրարելով մահւան պատիժը, եւ աջ-ձախ սկսել ենք զարգել. առաջին տպավորութիւնները լաւ է: Այս լքւածութիւնը մեծապէս ազդեց ֆրոնտների վրայ. հրաման են տւել ետ քաշւել: Երեւի, նոյնը կ’անեն եւ ձեզ:

Քաջ ծանօթ լինելով թիւրքերի վիճակին, կարծում եմ, որ դուք այժմ ինձանից լաւ գիտէք այդ: Պէտք է տեղի չտալ, գէթ պաշտպանել Ալաշկերտ-Վան հողամասը, թիկունքը լաւ ամրացնելու պայմանով:

Այժմ, մեղաւորներ որոնելու ետեւից չընկնենք. այսքանը միայն իմացէք, որ այստեղ մի չնչին փոքրամասնություն դարձեալ հերոսական ճիգեր է անում, որ որեւէ կերպով նոր ուժեր հասցնենք ճակատ: Ես անձամբ հաւատացած եմ, որ այդ մեզ կը յաջողի, միայն թէ դուք իմացէք:

II.- Վանի պրիգադային ձեր հրահանգին համաձայն թոյլ չտուի, որ շատ մարդ վերցնի. մօտ 1500 զէնք եւ 4000 կոմպլէկտ հագուստ ունենք պատրաստ ձեզ համար: Ես կարող եմ հասցնել մինչեւ Իգդիր. աշխատեցէք այնտեղ բեռներով եւ որեւէ կերպ ներս քաշել:

Ալաշկերտի Ղարաքիլիսէն փամփուշտ կայ մոսինի. աշխատեցէք այնտեղից էլ օգտւել:

Այնտեղ մօտ մէկ միլիոն պատրաստի փամփուշտ կայ ձեզ համար:

Խիստ եղէք դասալիքների եւ դաւաճանների վերաբերմամբ:

Վանի պրիգադայի պետը մի լաւ մարդ եւ հրաշալի ու փորձառու պոլկովնիկ է, ներկայացւած է գեներալութեան, կամ դէպքերի պատճառով չի ստացել. շատ պիտի սիրէք, հոգով հայ է եւ տղամարդ. ինքն էլ  ղարաբաղցի է իսկական տիպով: Շուտով կը պատրաստենք եւ թնդանօթաձիգներ. արդէն հեռագիրներ ունենք, որ սպաներ են գալիս. այնպէս որ դրանց հետ ռուսահայերը կը դնենք եւ կ’ուղարկենք անմիջապէս ձեզ:

III.- Իմ կարծիքով V պոլկի աւելորդ զէնքներ եւ ինչքեր ձեզ թողնելով, վերցնելով եւ լաւ սպաներին՝ միւսներին պիտի թողնել, որ ռադ լինեն. այդպէս էլ ես պիտի աշխատեմ այստեղ:

IV.- Դրամի համար ամէն կերպ աշխատեցինք, որ մի գումար հասցնենք. այդտեղից փոլիցա քաշեցեք՝ հոս վճարենք ընտանիքներին:

V.- Շուտով ներկայացրէք ձեր զինւորների ընտանիքների անդամների թիւը, զինւորների իրենց անունների հետ, որ ամսականներ կապենք. երեւի գիտէք, որ տուն մնացող մարդագլուխ, մեծ ու փոքր, աղքատ կամ հարուստ ստանալու է ամսական 20 ռուբլի:

VI.- Սուրհանդակներ հանեցէք մինչեւ Երեւան. ուրիշ կերպ լուր առնել կամ տալ անհնարին է:

VII.- Կովկասը մեծ ճգնաժամ է ապրում. հայ-թիւրքական ո՛չ թէ ընդհարում, այլ պատերազմ է սկսւել. Վրաստանը մեզ էլ, իրեն էլ խայտառակեց. սկզբից հակառակւելով  մոբիլիզացիային, հիմա խուճապով սկսել են զինւոր հաւաքել:

Նահանգ նահանգի հետ կապ չունի. մի ամիս է Թիֆլիսից լրագիր կամ փոստ չենք ստանում:

Բագւում եւ Շուշու կողմերը դրութիւնը ծանր է. դեռ ընդհարումներ չկան, բայց օրէ օր սպասւում է. մերոնք կազմակերպւած են:

Պօլկեր կան Շուշի, Գանձակ, Նուխի, Բագու եւ այլն:

Եւրոպական բեմից լուր չունենք: Անգլիացիք, ըստ երեւոյթին, Երուսաղէմի կողմերը յաղթանակներ են տարել:

Գերմանիացին, ըստ լուրերի, գրաւել է Օդեսա, Կիեւ, Խարկով, Մոսկուա, Պետրոգրադ եւ այլն:

Հիւուսիսային Կովկասից հաց չենք ստանում. զօրքը պահում ենք ազգային միջոցներով: Երեւան քաղաք տւել է մէկ միլիոն ռուբլի: Հացի գինը խալվարը (30 փութ) 1500 ռուբլի է. սկսել են բրինձի ու ցորենի խառն հաց թխել զօրքի ու ժողովրդի համար:

Թալան, գողութիւն եւ սպանութիւններ աջ ու ձախ լեցված է:

Եկողները աւելի լաւ են պատմում ձեր շրջանի մասին, այնպէս որ մենք նախանձում ենք ձեզ:

Լեւոնին ասացէք, որ 500 ռուբլին ուղարկել եմ…

Շատ եւ շատ բարեւներով

Արամ

6 մարտ 1918, Երեւան

Հ.Յ.Դ. Փարիզի թանգարանի նիւթերէն (այժմ Երեւան):

1