Արաբական աշխարհում սկսել է Հայ Դատին  նպաստող ալիք
Գլխավոր » Լրահոս » Արաբական աշխարհում սկսել է Հայ Դատին  նպաստող ալիք

Արաբական աշխարհում սկսել է Հայ Դատին  նպաստող ալիք

Հայոց ցեղասպանության հարցը վերջերս Միջին Արևելքի երկրներում առավել շատ է շոշափվում: Այդ ուղղությամբ տարվող աշխատանքների, ինչպես նաև Միջին Արևելքում Թուրքիայի ազդեցության կապակցությամբ Ապառաժը զրուցել է ՀՅԴ Միջին Արևելքի Հայ Դատի գրասենյակի պատասխանատու Վերա Յագուբյանի հետ: 

— Ի՞նչ աշխատանքներ է կատարել Միջին Արևելքի Հայ Դատի գրասենյակը և ի՞նչ արդյունքներ է կարողացել ապահովել:

— Նախ ասեմ, որ գրասենյակի գործունեության դաշտն ընդգրկում է Սիրիան, Լիբանանը, Իրանը, Եգիպտոսը, Իրաքը և Արաբական Ծոցի երկրները: Միջին Արևելքի գրասենյակը գործում է 2005-ից ի վեր: Գրասենյակի նպատակն է՝ շրջանի արաբ և իսլամ ժողովուրդներին ներկայացնել Հայոց ցեղասպանության պատմական իրողության փաստը, նրանց բացատրել թուրքական պետության իսկական դիմագիծը, ինչպես նաև զարգացնել հայ-արաբական և իսլամական հարաբերությունները տարբեր բնագավառների և մակարդակների վրա: Իր հիմնադրությունից ի վեր, և հակառակ իր դիմագրաված դժվարություններին, գրասենյակին հաջողվեց նոր որակ ստեղծել և նոր թափ տալ տարածաշրջանում Հայ Դատի աշխատանքներին: Այսինքն՝ կարճ ժամանակում գրասենյակին հաջողվեց ինքն իրեն հաստատել որպես հավաստի աղբյուր հայությանը վերաբերող հարցերին: Գրասենյակը դարձավ հստակ և հավաստի աղբյուր ընդհանրապես արաբական լրատվական, մտավորական և, երբեմն, քաղաքական շրջանակների համար:

Միջին Արևելքում Հայ Դատի գործունեություն ծավալելը հեշտ խնդիր չէ: Լավ գիտենք, որ տարածաշրջանի արաբական և իսլամական երկրները սերտ հարաբերություններ ունեն Թուրքիայի հետ՝ կրոնական, տնտեսական և զինվորական բնագավառներում: Թուրքիան, իբրև իսլամական երկիր, իր ներկա իշխանություններով փորձում է առավելագույն չափով օգտագործել կրոնական հանգամանքը և սիրաշահել արաբական-իսլամական երկրների վստահությունը, ու Հայ Դատը ներկայացնել իբրև քրիստոնյա-իսլամ հակադրություն: Ուրեմն, գրասենյակի առաջնահերթ նպատակն է՝ այդ երկրներին բացատրել երևույթը՝ Թուրքիայի վարած քաղաքականության հակահայ  իսկությունը և ցեղասպանության պատմական իրողությունը խեղաթյուրելու փորձերը: Այս աշխատանքը հետևողական բնույթ ունի, որովհետև, ինչպես ասացի, կրոնական գործոնը մեծ դեր է խաղում այս տարածաշրջանի քաղաքական շրջանակներում: Միջին Արևելքը նման չէ Արևմտյան աշխարհին, որովհետև այնտեղ հաստատված են ժողովրդավար կարգեր, գործում է մարդկայինը և փոքրամասնությունների սկզբունքները, ինչը որ գոյություն չունի այս շրջանում: Հետևաբար, կարելի է ասել, որ հակառակ դժվարություններին, աշխատանքը հետևողական է:

Գրասենյակի գործնական աշխատանքների իմաստով՝ կարելի է ասել, որ գրասենյակը կազմակերպում է խորհրդաժողովներ և կլոր սեղաններ, հրատարակում է արաբերենով գրքեր, ունի իր կայքէջը և ֆեյսբուքյան էջը, հրապարակում է հայությանը վերաբերող լուրեր և մնայուն կապի մեջ է արաբական աշխարհի լրատվամիջոցների և ուսումնասիրական կենտրոնների հետ:

— Քաղաքական տեսանկյունից՝ ի՞նչ ազդեցություն ունի Թուրքիան Արաբական աշխարհում, մասնավորապես՝ հակաիսրայելական կեցվածքի դրսևորման արդյունքում:

— Ինչպես նշեցի, Թուրքիայի ներկա իսլամական իշխանությունները ուզում են արաբական և իսլամական աշխարհ մուտք գործել և ազդեցություն ունենալ շրջանի տարբեր երկրների քաղաքական, տնտեսական, ընկերային և զինվորական շրջանակների վրա:

Արաբական գարունից առաջ Թուրքիան աշխարհին ներկայացավ նոր դիմագծով, օգտագործեց կրոնական ազդակը և փորձեց արդար միջնորդի դեր խաղալ արաբական երկրների հարաբերություններում և հակամարտություններում: Այս դերակատարությունը, պետք է ասել, հաջողվեց, ծավալվեց, և Թուրքիան սերտ համագործակցություն ստեղծեց շրջանի բազմաթիվ երկրների հետ: Այս երևույթը մտահոգիչ և վտանգավոր դարձավ ոչ միայն Հայ Դատի մեր աշխատանքների համար, այլ նաև հայության հավաքական ներկայության: Միաժամանակ, Թուրքիան դարձավ Պաղեստինյան դատի դրոշակակիր և հակադրվեց Իսրայելին, հատկապես՝ Գազա ուղղվող Ազատության նավատորմիղի դեպքից հետո: Այդ օրերին արաբական տարբեր երկրներում բարձրացան թուրքական դրոշներ, և Թուրքիայի՝ օրվա վարչապետ Էրդողանի նկարները:

Արաբական գարունից հետո այս պատկերը փոխվեց: Թուրքիայի ժխտական դերակատարությունը Արաբական գարնան մեջ թշնամական տրամադրություններ առաջացրեց արաբական մի շարք պետությունների մոտ: Սիրայում և Եգիպտոսում, օրինակ, արաբը տեսավ թուրքի իսկական դիմագիծը, որովհետև Թուրքիան այն պետությունն է, որը քաջալերեց և տարածեց ահաբեկչությունը, իր սահմանները բացեց, դյուրացրեց ահաբեկիչների ու զինամթերքի մուտքը, և նյութապես ու բարոյապես զորավիգ կանգնեց արաբական մի շարք երկրների կործանմանը:

Այդ պատճառով, մենք այսօր նույն այս արաբական երկրներում հայկական օրակարգի ուղղությամբ որոշ հետաքրքրություն ենք տեսնում:

— Ցեղասպանությունից հետո ի՞նչ օգնություն է ցուցաբերել Արաբական աշխարհը ցեղասպանությունից մազապուրծ հայերին: 

— Որպես ցեղասպանության հետևանք՝ բազմահազար հայեր ապաստան գտան արաբական տարբեր երկրներում, հատկապես՝ Սիրայում, Իրաքում, Պաղեստինում և Լիբանանում: Հայերն անպատրաստ վիճակով հասան այս երկրներ, որտեղ իրենց դիմավորեցին արաբ ժողովուրդները՝ հակառակ Օսմանյան իշխանությունների սպառնալիքներին: Արաբները, չենթարկվելով Օսմանյան իշխանությունների հրահանգներին, իրենց դռները բացեցին հայության առաջ և ընդունեցին նրանց: Մի իրողություն, որ չի կարելի երբեք ուրանալ, այլ, ընդհակառակը, պետք է երախտապարտ լինել: Այս իմաստով նշանակալից է Մեքքայի իշխան Շիրիֆ Հուսեյն Պին Ալիի հայտարարությունը՝ ուղղված շրջանի արաբներին և իսլամներին, որի մեջ նա խնդրում է ամեն կերպ օժանդակություն ցուցաբերել ցեղասպանությունից մազապուրծ հայերին: 

— Իսլամական աշխարհում ինչպե՞ս է գնահատվում Արաբական երկրներում ապաստան գտած՝ ցեղասպանության ենթարկված գաղթականների նկատմամբ հյուրընկալ վերաբերմունքը: Այժմ ի՞նչ վիճակում են այդ համայնքները: 

— Ինչպես ասացի, ցեղասպանության հետևանքով արաբ-իսլամական երկրներում ապաստան գտած հայությունը ընդունվեց արաբական տարբեր երկրների կողմից: Հայերը, ամբողջովին տարբեր միջավայրից և մշակույթից եկած, իրենք իրենց գտան լրիվ տարբեր և օտար միջավայրում, սակայն տարիներ հետո նրանք հարմարվեցին տեղի միջավայրին: Հայերն իրենց հայրենիք վերադառնալու ամեն հույս կորցնելուց հետո սկսեցին վերակազմակերպվել. կառուցեցին եկեղեցի, դպրոց, ակումբ և հիմնեցին բարեսիրական միություններ՝ պահպանելու համար լեզուն և մշակույթը: Արաբական և իսլամական երկրներն օժանդակեցին, որ հայը պահպանի իր ինքնությունը՝ համակերպվելու, ինչպես նաև բարգավաճելու և առաջադիմելու: Բնականաբար, հայերն իրենց աշխատանքով երբեք բեռ չդարձան հյուրընկալող երկրների վրա, այլ, ընդհակառակը, հայը նեցուկ կանգնեց արաբ-իսլամական երկրների քաղաքական, տնտեսական և սոցիալական բարգավաճմանը, հատկապես երկրորդ աշխարհամարտից հետո:

Այսօր շրջանում մենք ունենք կազմակերպված գաղութներ, հատկապես Լիբանանում, Իրանում և Սիրիայում: Կան նորաստեղծ գաղութներ Քուվեյթում և Ծոցի մի շարք երկրներում: Սակայն շրջանի ապահովական և տնտեսական իրադարձությունների հետևանքով, հատկապես Արաբական գարունից հետո, մի շարք գաղութներում հայության թիվը նվազել է:

— Արաբական որոշ երկրների՝ Թուրքիայի հետ հարաբերությունների սրման հետևանքով կարծես թե շոշափելի է դառնում Արաբական որոշ երկրների կողմից Ցեղասպանության ճանաչման հարցը: Որքանո՞վ եք հավանական համարում ճանաչումը, և այդ լույսի տակ՝ ինչպե՞ս եք գնահատում Արաբական երկրների հարաբերությունները Հայաստանի հետ:

— Ճիշտ է, վերջերս Արաբական աշխարհում սկսել է Հայ Դատին  նպաստող ալիք: Այս ալիքը երկու տարի առաջ սկսեց Եգիպտոսում, երբ Եգիպտոսի քաղաքական և լրատվական շրջանակները, հատկապես Արաբական գարնան հետևանքով, սկսեցին խոսել Հայոց ցեղասպանության մասին: Նույնը եղավ և Արաբական Միացյալ Էմիրություններում: Այս պատահածը դրական քայլ կարելի է համարել, բայց պետք չէ խանդավառվել, որովհետև տեսանք, թե ինչպես վերը նշված պետություններն այս տարվա Ապրիլի 24-ին ոչ մի քայլ չարեցին այս ուղղությամբ: Մյուս կողմից, Լիբիան, որտեղ գոյություն չունի հայկական գաղութ, անցնող շաբաթների ընթացքում ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Հետևաբար, պետք է զգույշ մոտենալ նման հարցերին:

Ինչ վերաբերում է Հայաստան-Արաբական երկրներ հարաբերություններին, պետք է ասել, որ դրանք դրական են, հատկապես այնտեղ, ուր կան կազմակերպված և ակտիվ գաղութներ, բայց և այնպես, նրանք չեն հասել սպասված մակարդակին:

Արաբական տարբեր երկրների հետ Հայաստանը ստորագրել է համաձայնագրեր, որոնք ամբողջությամբ դեռևս չեն գործադրվում:

Հարցազրույցը վարեց Գենյա Գալստյանը

1